Մեծ Պասի վերաբերյալ

Started by arevik, March 07, 2011, 06:02:14 PM

Previous topic - Next topic

arevik

Խնդրում եմ մի փոքր մանրամասնեք, թե ինչպես  պետք է իսկական հայ քրիստոնյան հետևի Մեծ Պասին: Ես արդեն ութերորդ տարին է փորձում եմ "իսկական" Պաս պահել,բայց կարծում եմ ամեն - ինչ չէ, որ ճիշտ եմ անում:Սնունդի առումով խնդիրներ երբեք չեմ ունեցել ու ամեն կիրակի էլ գնացել եմ եկեղեցի: Բայց համոզված չեմ, որ սա ամենն է, այդ պատճառով էլ խնդրում եմ մանրամասնել:
Նախապես շնորհակալ եմ: 

Masnaget

Լավ կլիներ, որ Դուք էլ Ձեր կողմից մանրամասնեիք, թե ինչը հատկապես, Ձեր կարծիքով, ճիշտ չեք անում, որպեսզի ամբողջական պատասխան տրվի հարցին:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

arevik

Բանն այն է, որ քրիստոնեական հավատի հզորությունը ես իմ համար ինքս եմ բացահայտել ու ամեն-ինչ սովորել եմ ինքնուրույն սկսած ճիշտ խաչակնքվելուց: Ինձ ոչ ոք չի սովորեցրել,որ եկեղեցի մտնելիս պետք է գլաշոր ունենալ, կիրակի օրերին պատարագի պետք է գնալ ծոմ պահած, որպեսզի հաղորդություն ստանալու "իրավունք"  ունենալ ու նման բաներ: Ես հիմա դեռ լրացնում եմ իմ գիտելիքները կապված եկեղեցական արարողությունների հետ ու կուզենայի իմանալ արդյոք կա որևէ կոնկրետ գործողությունների կամ պարտականությունների շարք, որ ցանկալի է,որ պասի մեջ գտնվող հասարակ քրիստոնյան հետևի դրանց: Օրինակ, այս տարի Բուն Բարեկենդանի օրը նոր իմացա, որ պատարագից հետո կատարվում է հատուկ այն մարդկանց օրհնություն,որքեր պատրաստվում են հետևել Մեծ Պահքին: Որոնք են դրանք,որքանով են նմանատիպ բաները կարևոր կամ պարտադիր:

Հ.Գ. - Հուսով եմ կարողացա միտքս պարզ բացատրել: Շնորհակալություն:   

Masnaget

#3
Ընդհանրապես, հարկավոր է ավելի շատ Եկեղեցի գնալ, ավելի շատ աղոթել ու խնդրել Աստուծո ողորմածությունը.
Հայ եկեղեցին  մեծ տոներից առաջ սահմանել է պահքեր, իսկ Ս. Զատիկը, լինելով ընդհանրապես քրիստոնեության մեծագույն տոներից մեկը, առավել հանդիսավոր է նշվում, ուստի դրան նախորդում է քառասունօրյա պահք (թեև առաքելական կանոններով այլ տոներ էլ են ունեցել քառասունօրյա պահքեր, սակայն միայն Զատկից առաջ է պահպանվել, մնացածը դարձել են շաբաթապահքեր): Ահա այս պատճառով էլ կոչվում է Մեծ պահք, որի նախորդ օրը կոչվում է Բուն բարեկենդան:

Զատկից առաջ քառասնորդական պահքը հաստատվել է դեռևս   Նիկիայի 325թ. Տիեզերական ժողովում 318 ընդհահրական հայրապետների մասնակցությամբ: Այս պահքը տևում է քառասուն օր, մինչև Ավագ շաբաթ , որն էլ իր հերթին ունի ութօրյա պահք, ընդհանուր առմամբ քառասունութ օրվա ապաշխարության օր:

Նաև` աղոթքը Մեծ պահքի հիմնական և կարևոր բաղադրիչներից  է: Ընդհանրապես, պահք չի նշանակում միայն կենդանական ծագման ուտելիքներից հրաժարում, ձեթով կերակուրների ընդունում, այլ այն առավելապես հոգևոր պահք է խորհրդանշում, ապաշխարում և զղջում գործած մեղքերի համար: Մարմնի մաքրությունից զատ` կարևոր է նաև  հոգու մաքրությունը: Պահքի ընթացքում փակվում են եկեղեցիների վարագույրները, որ խորհրդանշում է աստվածայինի ծածկումը, քողարկումը մարդկությունից, մարդը սգի ու ողբի մեջ է Տիրոջ ժամանակավոր հեռացման պատճառով:

Պահքի ընթացքում  կշտանալ և ուրախանալ հասկացությունները պետք է բացակայեն առհասարակ, քանի որ  մեծ պահքը տարվա ընթացքում գործված մեղքերի քավության առիթ է, որի համար մարմնի պարարտացումը և  ուրախությունը պատշաճ չեն: Այս ընթացքում հարկ է նաև սակավ խոսել, չհայհոյել, չբամբասել, զերծ մնալ այլևայլ մոլություններից, ժուժկալ կյանքով ապրել:
Արդ պատշաճ է այս քառասնորդաց պահքը` բարեկենդանից մինչև Զատիկ, պահել:


Մեծ պահքի բոլոր կիրակիները Հայաստանյայց եկեղեցում ունեն իրենց հատուկ անվանումները ( Ի տարբերոթյուն կաթոլիկների, որոնք ուղղակի թվահամարներով են տարբերակում):
Առաջին կիրակն Բուն բարեկենդանի կիրակին է:
Երկրորդը կոչվում է <<Արտաքսման կիրակի>>, քանի որ այդ օրը վկայակոչվում է Ադամի և Եվայի Եդեմից արտաքսվելը: Մարդկային մարմինը Ադամի մեղսագործությամբ ապականվեց, սակայն Հիսուսի մարդեղացմամբ և Հարությամբ սրբացավ: Հիսուս հագավ մեղավոր մարմինը, որպեսզի այն սրբացնի:
Երրորդ կիրակին կոչվում է <<Անառակի կիրակի>>, որովհետև այդ օրը կարդացվում է Ղուկասի Ավետարանի <<Անառակ որդու>> առակը, որը ցույց է տալիս ապաշխարողների դարձի ճանապարհը առ Հայր:
Չորրորդ կիրակին ` <<Տնտեսի>>,  հիշատակվում է ավետարանական  <<Տնտեսի առակը>>, որի իմաստը մարդուն տրված աստվածային շնորհների առավելագույնս օգտակար տնօրինումն է :
Հինգերորդ կիրակին <<Անիրավ դատավորի>> կիրակին  է, որը անսպառ և անձանձրույթ ապաշխարողական աղոթքի կոչ է :
Վեցերոռդ կիրակին <<Գալստյան>> կիրակին է և վերաբերում է Տիրոջ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ գալստյանը: Առաջին Գալուստից հետո պետք է զինվենք հոգևոր զենքերով, որպեսզի երկրորդ Գալուստին պատրաստ լինենք:
Հաջորդ կիրակին Ծաղկազարդն է : Քրիստոս փառավոր կերպով` որպես թագավոր, մուտք գործեց Երուսաղեմ, իսկ ժողովուրդը արմավենու ճյուղերով էր դիմավորում նրան, որից էլ անվանումը:
Վերջին կիրակին արդեն Ս. Զատիկն է` մեր Տիրոջ հրաշափառ տոնը:
Ի հավելումն շարադրածիս` խորհուրդ կտամ կարդալ Լուսամուտի գլխավոր էջում տեղադրված ահա այս հոդվածը, ինչպես նաև սրանք`
1.
2.
3.



Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

arevik

Անչափ շնորհակալ եմ տրամադրված ժամանակի և իհարկե պատասխանի համար:
Մեծագույն ուրախությամբ կարդացի Ձեր պատասխանը և ամենայն ուշադրությամբ ուսումնասիրեցի Ձեր նշած հղումներում պարունակվող նյութերը:
Ասեմ, որ շատ ուրախացա, քանի որ համոզվեցի, որ մեծ սխալներ թույլ չեմ տվել / ըստ իս /:
Անկեղծ ասած, ինձ համար Մեծ Պահքին հետևելն առաջին անգամ ավելի շատ հենց դիետայի էր նման: Ոչ թե այն իմոաստով, որ այդպես էի ուզում,այլ որ չգիտեյի Մեծ Պահքի իրական իմաստի մասին:Աստիճանաբար ինձ դա մի տեսակ "հեշտ և քիչ" թվաց և կամաց- կամաց "պրպտումներս" ինձ հասցրեցին ճիշտ վիճակին:Եվ ուզում եմ հուսալ, որ հենց Սուրբ Հոգին էր, որ ինձ հուշում և ուղղորդում էր դեպի Մեծ Պահքի բուն էությունը, քանի որ ասել, թե տրամաբանությունս էր հուշում մի տեսակ ծիծաղելի է հիմա ինձ թվում / չնայած որ նախկինում հենց այդ մտքին էի ավելի շատ հակված/:
Ու երբ այսօր էլ կարդացի հետևյալը - «Այս ամենի միայն սկսելն է դժվար,- դարձյալ մեզ խրատում է Հովհան Մանդակունին,- բայց այնուհետեւ գործը հեշտանում է եւ դառնում քաղցր ու ցանկալի» - հիշեցի և համաձայնվեցի:
Սակայն դեռ էլի կա երկու բան ,որ ինձ անհանգստացնում է և կուզենայի Ձեր կարծիքն իմանալ դրանց վերաբերյալ.
1. Բուն Բարեկենդանի օրը եկեղեցում որոշեցի, որ այս տարի նաև պետք է հաճախեմ եկեղեցիներում անցկացվող Աստվածաշնչի սերտողության դասերին: Սակայն չեմ կարողանում հարմարեցնեմ դրանց ժամերը աշխատանքիս հետ:
2. Միշտ աղոթքներս եղել են զրույցի ձևով Աստծու հետ, որոնք սկսել և ավարտել եմ Տերունական Աղոթքով: Իհարկե հիմա կարդում եմ տարբեր "գրված" աղոթքներ, բայց անգիր գիտեմ մի քանիսը: Պետք է սովորել,հիշել և աղոթել հենց դրանց միջոցով,թե իմ "տարբերակն" էլ է ընդունելի?

Masnaget

Երկրորդ հարցի պատասխանը.
....
Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս:
Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն: Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք: Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք.
<<Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը.  քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛.  մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր. եւ ների՛ր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ. եւ մի՛ տար մեզ փորձութեան, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետեւ քո՛նն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն>>:
Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների:  Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր յանցանքները:
Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լուա՛ քո երեսը,  որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ:
(Ավետարան ըստ Մատթեոսի, 6:5-18)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: arevik on March 14, 2011, 12:47:18 AM
1. Բուն Բարեկենդանի օրը եկեղեցում որոշեցի, որ այս տարի նաև պետք է հաճախեմ եկեղեցիներում անցկացվող Աստվածաշնչի սերտողության դասերին: Սակայն չեմ կարողանում հարմարեցնեմ դրանց ժամերը աշխատանքիս հետ:
Այդ դեպքում մոտեցիր սերտողության կազմակերպիչ հոգևորականին, ինքը կհուշի, թե այլընտրանքային ինչ ձևեր կարող են կիրառվել:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: