Մոնթե Մելքոնյան

Started by MONK, November 25, 2007, 06:51:30 PM

Previous topic - Next topic

MONK

Այսօր` նոյեմբերի 25-ին, լրացավ մեր ժողովրդի առավել քան մեծագույն զավակներից մեկի, արցախյան պայքարի լեգենգար հրամանատարի` Մոնթե Մելքոնյանի ծննդյան 50-ամյակը:
Ծննդյան օրն է, բայց, ցավոք սրտի, մենք չենք կարող այսօր սիրով և ուրախությամբ ասել իրեն. «Ծնունդդ շնորհավոր, Ավո»: Ցավոք մենք կարող ենք այսօր այստեղ միայն Հուշամատյանում մեր հարգանքի, երախտագիտության ու սիրո հավաստիքը հայտնել 1993թ. հունսիսի 12-ին զոհված անմահ հայորդու հիշատակին: Ես չեմ ուզում վեհաշուք ու գրքային բառերով հեղեղել գրառումս. միևնույն է, ինչ էլ գրեմ, չեմ կարողանա արտահայտել այն, ինչ կա իմ սրտում: Աննկարագրելի է նաև այն հմայքը և վաստակը, որով նա անմիջապես, պատերազմի այն դաժան տարիներին, սիրով ու հպարտությամբ էր լցրել մեր հոգիները. զգացում, որ անմար կմնա ընդմիշտ: Ունեմ նաև շատ փոքրիկ հիշողություններ, բայց դրանց մասին էլ չեմ արտահայտվում. թերևս կարիք չկա: Բայց միայն կհիշեմ այն պահը, երբ Մոնթեի զոհվելու լուրը տատս հայտնեց (գիշեր էր. ռմբակոծությունը մի պահ դադարել էր, և տատս նկուղից, որտեղ ապաստանում էին մեր շենքի բնակիչները, եկել էր տուն` չեմ հիշում հատկապես ինչի համար), ես ուղղակի չհավատացի այդ լուրին: Եվ հետո տեսա, որ կարծես թե ոչ ոք չէր հավատում, չնայած բոլորն էլ գիտեին արդեն, որ Մոնթեն  զոհվել է: Ուղղակի ոչ ոք չէր ուզում հավատալ... Մոնթեն կարծես առասպելական կամ պատմական հերոսի կերպար էր, և ոչ սովորական մահկանացու...
Կցանկանայի նաև Մոնթեի բազմաթիվ թևավոր արտահայտություններից, առանց մեկնաբանության, հիշել մեկը. »Եթե մենք կորցնենք Արցախը, մենք կշրջենք մեր պատմության վերջին էջը« ...
Ես հավատում եմ, որ Աստված Իր լուսավոր խորաններին է արժանացրել մարդկային մեծագույն առաքինությունները մարմնավորած և  իրեն հանուն սրբազան նպատակի զոհած մեծ հերոսի հոգին:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)