«Միտք» ակումբի պատանեկան ծրագիրը

Started by Ղուկաս Վահան, October 18, 2007, 12:13:33 AM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել բոլորին, որ «Միտք» ակումբի պատանեկան մրցույթի ծրագրի վրա մեր երկշաբաթյա աշխատանքը ավարտվեց, և այն սիրով ներկայացնում ենք ձեզ։
Նրանք, ովքեր կցանկանան նյութապես աջակցել մեր այս ծրագրին, խնդրում ենք տեղեկացնել մեզ կապի բաժինների միջոցով։
Համաձայն ծրագրի, սպասում ենք նաև ձեր առաջարկություններին, նկատողություններին, շտկումներին և մասնակցությանը
  21:) 21:) 21:)


ԾՐԱԳԻՐ
«ՄԻՏՔ» ակումբի պատանեկան մրցույթի
[/b]
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Մանկատունը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, գիշերօթիկ հաստատություն, որտեղ բնակվում են 0-18 տարեկան երկկողմանի կամ միակողմանի ծնողազուրկ, ծնողների կողմից լքված, սոցիալապես խիստ անապահով, հաշմանդամ ծնողների երեխաներ:
ՀՀ-ում գործում են 8 պետական և 4 բարեգործական մանկատներ: Պետական մանկատներից 2-ը (Գյումրու և Խարբերդի) մասնագիտացված են, այսինքն` նախատեսված են մտավոր և ֆիզիկական թերզարգացում ունեցող երեխաների համար: Մանկատներում օթևանում են մոտ 1300 երեխաներ, որոնք հաճախում են հանրակրթական դպրոցներ` մասնակից դառնալով հանրակրթության ոլորտի ուսումնական ծրագրերին:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և մանկատների տնօրենությունների համաձայնությամբ մանկատներում իրականցվում են մի շարք ծրագրեր, գործում արվեստի, լեզվի, համակարգչային խմբակներ: Ըստ կարգի, 18 տարին լրացած երեխան  դուրս է գալիս մանկատան հովանավորությունից և պետության կողմից պետք է ապահովվի բնակարանով, սակայն, այս ծրագրի իրականացումն ունի ֆինանսական խոչընդոտներ, որի արդյունքում երեխաների մի մասը շարունակում են բնակվել մանկատանը, նույնիսկ  մինչև  24 տարեկան:
Մանկատներում կենտրոնացված են հասարակության հոգևոր, բարոյական, ֆիզիկական  և նյութական կարիքներ ունեցող երեխաներ, որոնք զրկված լինելով սեփական ընտանիքից` իրենց զգում են հասարակության կողմից լքված և ոչ լիարժեք անդամներ: Այս խնդիրը լուծելու համար նախորդ տարիներին և այժմ էլ թե՛ պետության, և թե՛ զանազան կազմակերպությունների կողմից  իրականացվել են որոշակի միջոցառումներ, սակայն տվյալ դաշտն ուսումնասիրելիս պարզվում է, որ դրանք գրեթե հոգևոր բնույթ չեն կրել, որի բացը որոշակի չափով լրացնելու համար էլ նախաձեռնվել է սույն ծրագիրը:


   ԾՐԱԳՐԻ ԲՆՈՒՅԹԸ

www.lusamut.net – ի ֆորումի «Միտք» ակումբի  անդամների մասնակցությամբ կազմակերպել նպատակային այցեր մանկատներ, որոնք առիթ կլինեն մանկատան սաների համար արտահայտելու իրենց մտավոր ունակությունները։ Այսինքն՝ քավորների  և եկեղեցականների հետ կլինեն այցեր մանկատներ, այցի ընթացքում մանկատան սաների համար կանցկացվեն որոշակի հոգևոր թեմատիկ զրույցներ կամ դասավանդումներ, այնուհետև կկազմակերպվի մրցույթ նույն թեմայի շուրջ, որին կհաջորդի մրցութային աշխատանքների գնահատում «Միտք» ակումբում, իսկ հետո մրցանակների բաշխում մանկատներում։
Ծրագիրն ավելի լավ պատկերացնելու համար անհրաժեշտ է ուշադիր ընթերցել Ֆորումի հիմնական և «Միտք» ակումբի կանոնակարգերը։


   ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

Սույն ծրագրի նպատակն է նպաստել մանկատների երեխաների հոգևոր և մտավոր կարողությունների զարգացմանը։


ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ

Ծրագիրն իրականանալու է www.lusamut.net ինտերնետային կայքի ադմինիստրացիայի միջոցով` համաձայն Ֆորումի ընդհանուր և «Միտք» ակումբի կանոնակարգերի։
1.   Կայքի ադմինիստրացիան. վերահսկելու է ողջ գործընթացը` հայտարարելու է մրցույթների սկիզբը և ավարտը, հաստատելու է ծրագրի պատասխանատուին և մրցութային թեմաները, ստուգելու է մրցույթի արդյունքները և այլն:
2.   Սույն ծրագրի պատասխանատուն. նշված կայքում գրանցված անդամների օգնությամբ առաջադրելու է մրցութային թեմաները, այն կազմակերպելու համար կազմելու է կամավորների խումբ, իրականացնելու է վերահսկողությունը, համակարգելու է քավորների այցելությունները մանկատներ և երեխաների կողմից տրված նյութերի մուտքագրման և ակումբում տեղադրման աշխատաները, քվեարկությունից հետո մանկատներում կազմակերպելու է փոքրիկ տոնախմբություն՝ հանձնելու նվերները:
3.   Կայքում գրանցված մասնակիցները. քվեարկելու են` որոշելու համար մրցանակակիրներին, կարող են օգնել իրենց առաջարկություններով, նյութական աջակցությամբ, ինչպես նաև` ընդգրկվելով քավորների խմբում:
4.   Քավորներ. համաձայն ֆորումի կանոնակարգի 14-րդ կետի քավորները կատարելու են իրենց պարտականությունը, ծրագրի պատասխանատուի վերահսկողության ներքո այցելելու են մանկատներ, օգնելու երեխաներին գրելու նյութերը, մուտքագրելու են երեխաների ներկայացրած աշխատանքները և համաձայն ֆորումի կանոնակարգի դրանք տեղադրելու են «Միտք» ակումբի համապատասխան ենթաբաժնում, օգնելու են ծրագրի պատասխանատուին քվեարկությունից հետո կազմակերպելու փոքրիկ տոնախմբություն և հանձնելու նվերները: Հետևելու են իրենց սանիկների մասնակցությանը մրցույթին և աշխատելու են լուծել մնացյալ առաջացած խնդիրները: Քավորները կարող են նաև այլ օժանդակություններ ցուցաբերել, օրինակ` կազմակերպել ուխտագնացություններ, հոգևոր բնույթի միջոցառումներ` նպաստելու երեխաների հոգևոր դաստիարակությանն ու լցնելու նրանց առօրյան:


ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ

Ծրագրի իրականացման համար ընտրված են ՀՀ այն մանկատները, որոնցում բնակվում են դպրոցական տարիքի և մտավոր նորմալ ունակություններ ունեցող երեխաներ: Ծրագրին մասնակից երեխաները կլինեն 10 տարեկանից բարձր` նկատի ունենալով նրանց ստեղծագործական կարողությունները:
Ծրագիրն իրականացվելու է հետևյալ մանկատներում.
1.   Երևանի «Զատիկ» մանկատուն (Զաքարիա սրկ-ի փողոց 145 «բ»)
2.   Գյումրու «Հույս» մանկատուն (Ա. Շիրակացի 10)
3.   Գյումրու «Թռչունյան տուն» մանկատուն (Սևերսկի թաղ., Կարսի խճ., թիվ 3/1)
4.   Գավառի մանկատուն (Օգոստոսի 23-ի փողոց 106)
5.   Վանաձորի մանկատուն (Տարոն 2 թաղամաս, ՔՇՀ-4)
6.   «SOS» Մանկական գյուղ (գյուղ Կոտայք):


ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Նախապատրաստական աշխատանքներ.
1.   «Միտք» ակումբում ծրագիրը տեղադրելուց հետո հաշվի առնել նոր առաջարկներն ու կատարել հնարավոր փոփոխություններ
2.   Հավաքագրել կամավորներ, ովքեր կստանձնեն քավոր լինելու պարտականությունը
3.   Հայթայթել մրցութային ֆոնդի հիմնական միջոցները
4.   Հստակեցնել համագործակից կառույցներն ու անձանց
5.   Տեղեկացնել մանկատների տնօրենություններին սույն ծրագրի մասին
6.   Գովազդել ծրագիրն այն ընդլայնելու և այլ անձանց նրանում ընդգրկելու համար։

Բուն աշխատանք.
1.   Որոշել մրցութային  թեմաները
2.   Հայտարարել մրցույթի սկիզբը
3.   Այցելել մանկատներ
4.   Բացատրել ընտրված թեման` օգնելով երեխաներին նյութը գրել
5.   Ճշտել մասնակից երեխաների տվյալները, լուսանկարել նրանց և, համաձայն ֆորումի կանոնակարգի, այդ ամենը տեղադրել իրենց սանիկների պրոֆիլում
6.   Նյութերը ստուգել և տեղադրել «Միտք» ակումբի համապատասխան ենթաբաժնում
7.   Կազմակերպել քվեարկություն
8.   Ամփոփել քվեարկության արդյունքները և հայտարարել մրցանակակիրներին
9.   Այցելել տվյալ մանկատուն կամ մանկատներ` հանձնելու նվերները` միաժամանակ կազմակերպելով փոքրիկ միջոցառում
10.   Արդյունքների ամփոփում։


ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

Վերահսկումը կատարելու է Լուսամուտի ադմինիստրացիան՝ յուրաքանչյուր փուլից հետո ստուգելով կատարված աշխատանքները։ Ծրագրի պատասխանատուն իր հերթին «Միտք» ակումբում պարբերաբար տեղեկացնելու է ընթացիկ աշխատանքների մասին:
Մրցույթի ավարտից հետո «Միտք» ակումբում տեղի կունենա հաշվետու քննարկում` կայքի գրանցված անդամների մասնակցությամբ։


ԾՐԱԳՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
   Գնահատումը կատարելու է կայքի ադմինիստրացիան: Գնահատման մեթոդներն են. մասնակից երեխաների, տնօրենությունների, ֆորումի մասնակիցների կողմից լրացված թեսթերի կամ «Միտք»  ակումբի համապատասխան բաժնում գրված առաջարկությունների ուսումնասիրությունները: Այս ամենը տեղի կունենա 2 փուլով. Նախնական (ծրագիրը հրապարակավ ներկայացնելուց հետո) և վերջնական (առաջին և յուրաքանչյուր մրցույթը անցկացնելուց հետո):


ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ

1.   Համակարգչի կամ ինտերնետի բացակայություն:
Սույն խնդիրը լուծելու համար ծրագրի պատասխանատուն կհամակարգի և քավորների միջոցով կմուտքագրվեն սանիկների կողմից գրված նյութերը։ Ծրագրի պատասխանատուին ինտերնետում մոնիտորինգ իրականացնելու համար կտրամադրվի նաև գումար:
2.   Երեխաների պասիվությունը:
Մրցույթին մասնակցությունը կլինի կամավոր սկզբունքով: Ծրագրի մրցութային բնույթն արդեն իսկ ակտիվություն կառաջացնի երեխաների մեջ: Դասապրոցեսը հիմնականում կանցկացվի մտերմիկ զրույցի և, ինչու չէ,  նաև խաղերի միջոցով:


ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Մեկ մրցույթը տևելու է մեկ ամիս։ Հաջող ընթացքի և նյութական դժվարությունների բացակայության դեպքում այն կարող է լինել շարունակական, այսինքն՝ տարեկան 11 կամ 10 անգամ (բացառությամբ հունվար ամսվա և այն ժամանակահատվածների, երբ չնախատեսված խոչընդոտների պատճառով հնարավոր է երկարաձգվի մրցույթը):


ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Սույն ծրագրի իրականացումն իր նպաստն է բերելու վերոնշյալ մանկատների երեխաների հոգևոր, բարոյական և մտավոր կարողությունները զարգացնելու, մտավոր ներուժը և ստեղծագործական միտքն արտահայտելու:
Առիթ է լինելու ռեալ և վիրտուալ աշխարհների, միմյանց մոտ ու հեռու գտնվող անհատների համագործակցության և ավետարանական պատգամների համատեղ իրագործման։
Սույն ծրագիրը նաև առիթ կհանդիսանա, որ հետագայում մասնակիցները, հատկապես մանկատան սաները, ինտերնետն օգտագործելու հնարավորության դեպքում  գնահատեն ու օգտվեն ոչ թե տարաբնույթ, այլ հոգևոր ու բարոյական արժեքներ փոխանցող ինտերնետային էջերից:


ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿԻՑ ԱՆՁԻՆՔ ԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

1.   Մանկատների տնօրենություններ. համաձայնություն սույն ծրագրի իրագործմանը, երեխաների համախմբում, լսարանի տրամադրում
2.   Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոն
3.   Կամավորներ
4.   Բարերարներ:


ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐԴՐՈՒՄ

1.   Գրենական պիտույքներ մասնակից երեխաներին
2.   Նվերներ մրցանակակիրներին
3.   Գումար մանկատներում փոքրիկ միջոցառումների համար
4.   Գումար ինտերնետի օգտագործման համար   
5.   Գումար գովազդի պատրաստման և տեղադրման համար
6.   Ճանապարհածախս և սնունդ քավորներին և եկեղեցականներին
7.   Ցանկալի է նաև ֆոտոապարատ` ծրագրի իրականացման ընթացքը լուսանկարելու համար:


Վստահ եղեք, որ Ձեր աջակցությամբ ծրագրի իրագործումն ավելի արդյունավետ է լինելու 13:)

Let's open the window of our soul and let the light enter our souls