Արամայիս Խալաֆյանի «զանգեզուրյան խճանկարը»
Արամայիս Խալաֆյանի՝ պարզ սյուժեներով գողտրիկ պատմվածքները խոսուն արտացոլումն են մի ողջ ժամանակաշրջանի, նաև հնի ու նորի միախառնման կենդանի պատկերները: Դրանք նաև արդիական են, որովհետև մարդը՝ բարի թե չար, արդար թե անարդար, բոլոր ժամանակներում էլ նույնն է: Ապշում ես, երբ պատկերացնում ես, թե ինչպիսի հանգամանքներում է հեղինակը ձեռքը գրիչ վերցրել: Եվ կրկնակի ապշում ես, որ ի հեճուկս իր տանջամաշ գոյությանը՝ նրա հոգին անխառն է մնացել. ոչ մի կաթիլ չարություն չի խառնվել նրա մտքին ու սրտին: Այս պատմվածքներով, որոնք իրավամբ նովելներ են, նա փրկվեց հուսահատությունից՝ միաժամանակ փրկելով սիրուն պատմություններ, որոնց ժամանակի փոշին հետզհետե խավարամած անհայտությանն էր մատնելու: