Տիգրան ջան, հարցդ կամ անհանգստությունդ շատ կարևոր է։
Փորձեմ պատասխանել։
Այս օրերին համահունչ մի էսպիսի խոսք/առակ կա. Հիսուս նախանձեց 2000 տարի առաջ ծնված մանկանը, որովհետև նրան հիշում են, իսկ Իրեն՝ ոչ։
Այսինքն՝ այս տոնակատարություններն էլ ավելի շատ դառնում են ճոխ իրադարձություններ, որոնց մեջ մոռացվում է Ինքը Հիսուսը։ Բայց, բնականաբար, սա չի նշանակում, որ Սբ Ծնունդ չպետք է նշենք, այլ նշանակում է պետք է աշխատենք մարդկանց բացատրել, թե որն է այս տոնի բուն իմաստը։
Մայր Աթոռի բակում խաչկար կա, որի ետևում արձանագրություն կա։ Երիտասարդ աղջիկների համար դա պարզ այբուբեն է, որի վրա աչքները փակ իրենց մատը դնելով որոշում են իրենց ապագա փեսացուի անվան առաջին տառը։ Հիմա այս հիմարության պատճառով խաչքարը վերացվի՞ մեջտեղից։
Այսպես եթե ամեն մի տոնի կամ իրադարձության չարաշահումի լուծումը լինի ջնջելը, վերացնելը, ապա պետք է վերացնենք բոլոր տոներն ու կարևոր իրադարձությունները, որ նշում ենք։ Բայց պետք է, կարծում եմ, չմոռանանք մի կարևոր բան։ Դա մշակույթն է, հատկապես ազգային մշակույթը։
Սբ Գր Լուսավորիչը պատահաբար չէ, որ չի վերացնում որոշ հեթանոսական սովորություններ, ինչպես որ արևմուտքում Եկեղեցին Սբ Ծննդյան տոնը սկսեց նշել հեթանոսական մեծ տոնի օրը, արևի պաշտամունքի օրը։
Ազգային մշակույթի, տեղական սովորությունների, հայրենի հողի, ջրի ուժը երևույթներ են, որոնցով մարդկային էթնիկ խմբերը տարբերվում են միմյանցից և յուրաքանչյուրը տեսնում է իր ինքնության, անհատականության արտահայտությունը։ Այստեղից և ասում ենք՝ ազգային դիմագիծ։ Սա մի հզոր ուժ է, մարդու բնույթի մի յուրահատկություն, որ երբեմն կոչվում է նաև «արյան կանչ»։ Եթե դա հեշտ լիներ ջնջել, ապա յոթանասուն տարին բավական պիտի լիներ մոռանալու համար 1915 թվականը։
Հայտնի արտահայտություն գոյություն ունի. «Մշակույթների տարբերությունը աշխարհի հարստությունն է»։
Ինչ եմ ցանկանում ասել. Աստված չեկավ մշակույթները վերացնելու, այլ՝ աստվածային Ճշմարտությամբ իմաստավորելու։ Լուսավորիչը այս իմաստությամբ հեթանոսական սովորույթները քրիստոնեացրեց։ Մարդը նույն մարդն է մնում ֆիզիկապես, սակայն մկրտությամբ Քրիստոս է «հագնում» իր վրա, հոգեվին քրստոսանում է։ Շեղվելով բուն ասելիքիցս նշեմ, որ այս պատճառով ես չեմ համակերպվում, երբ եկեղեցու զավակներին «հավատացյալ» են կոչում։ Ոչ թե հավատացյալ, այլ քրիստոնյա եմ ես։
Ավարտելով խոսքս ասեմ, որ Եկեղեցու սրբերի իմաստությամբ քրիստոնեացված ազգային մշակույթի մաս կազմող այս արժեքներից մեկ հարվածով հրաժարվելը ոչ միայն ճիշտ չէ, այլ՝ անհնար։ Լուսավորիչը, գիտակցելով այս, քրիստոնեացրեց մշակութային այդ դրսևորումները։
Մեզ այժմ մնում է այդ արժեքները ճիշտ ներկայացնել մեր ժողովրդին, որպեսզի նրանք ձերբազատվեն այդ ոչ քրիստոնեական դրսևորումներից։
Հ.գ.
Ներող եղեք, եթե երկար գրեցի։