Իմ առաջին մտահոգությունը այս է. մենք Սբ. Սարգսի տոնին մոռանում ենք հենց Սբ. Սարգսին։
Ճիշտ է, կարող են հակաճառություններ լինեն այս կարծիքին, բայց, ըստ իս, de facto այդ օրը խոսվում է ավելի շատ աղի բլիթների, սիրահարների ևն «գաղափարների» շուրջ։
Գիտենք, որ Սբ. Սարգսի վարքի, ոչ էլ իր որդի Մարտիրոսի վարքի մեջ սիրային ոչինչ չկա։ Սբ. Սարգսի և Սբ. Սարգսի տոնի առնչությամբ ոչ մի եկեղեցական գրիչ նման վերլուծություն չի կատարել։ Եղած ավանդապատումներն էլ պարզ ավանդապատումներ են, ժողովրդակաս զրույցներ, որոնք պատմական հիմք չունեն և անհասկանալի է, թե ինչո՞ւ են կապվել Սբ. Սարգսի հետ։
Հարցն իր մյուս կողմն ունի. եկեղեցական տոնացույցը և տոնագիտական շղթան։
Սբ. Սարգսի տոնին նախորդում է Առաջավորաց պահքը, որը կապված է հայոց դարձի հետ։ Թերևս այս տարի գեղեցիկ զուգադիպություն եղավ, որ Առաջավորաց պահքի բարեկենդանի օրը նաև հայոց բանակի տոնն էր։ Առաջավորաց պահքը բացատրելու կարիք չկա, միայն ասեմ, որ Սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից սահմանված այս հնգօրյա պահքից հետո մկրտվեց հայոց ավագանին, արքայական ընտանիքը և զորքը։ Առաջավորաց պահքի ուրբաթ օրը Հովնան մարգարեի հիշատակի օրն է։ Հովնան մարգարեի շնորհիվ նինվեացիները ապաշխարեցին և փրկցեվին։ Հովնան մարգարեի և Լուսավորչի համեմատությունը թողնում եմ ձեզ։ Հաջորդ օրը Սբ. Սարգսի, իր որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնն է, այսինքն՝ հանուն հավատի նահատակված անձանց։
Հիմա, հանուն հավատի պատրաստ արի և քաջ երիտասարդություն է մեզ պետք, և ոչ թե՝ աղի բլիթներին հավատացող։ Իսկ մեր այսօրվա ավագանին էլ պետք է մտածի, որ ապագա սուրբ սարգիսներ պատրաստի, իր երիտասարդությանը այնպես կրթի, որ քաջ լինեն իրենց հավատքի մեջ և օտար ափերում հայտնվելուց չամաչեն, որ հայ են և քրիստոնյա, որ նույնիսկ օտարության մեջ քաջության տոնը տոնեն, Սբ. Սարգսի տոնը տոնեն, և ոչ թե թեթևաբարո պատմություններով ուրախանան։
Հիմա, եթե կարողանանք այս գաղափարները ըստ արժանվույն նշել, մի՞թե չեք գտնում, որ կծածկեն վալենտինին։