Թանկագին Սահակ, նախ նշեմ, որ Ձեր մեջբերումը բնավ չի համապատասխանում «մարդորսություն» հասկացության այսօրվա ընկալմանը։ Ամբողջ ցավն այն է, որ այսօր տարբեր կրոնական հարանվանություններ աստվածաշնչական հատվածների իրենց սխալ մեկնաբանություններով մարդկանց թյուրիմացության մեջ են գցում։ Բողոքականության ամբողջ դժվախտության կարևոր կետերից մեկն էլ հենց այն է, որ ամեն մի «հովիվ» իր ընկալումով է մեկնաբանում Ավետարանը։ Եվ այսպես իրենք իրենց մեջ անընդհատ բաժանվում են։ Ավետարանական այդ հատվածում շեշտադրումը դրված է մարդուն մեղքից որսալու վրա, և ոչ թե՝ Եկեղեցուց։ Ցավալիորեն աղանդավորներն հենց այդ են անում, առանց հաշվի առնելու որևէ հանգամանք, փորձում են մարդկանց դարձնել իրենց «կրոնական կազմակերպության» անդամ՝ մեծապես օգտագործելով նյութական իրենց ունեցած հնարավորությունները, ընդհուպ ստեղծելով ֆինանսական ազդեցության դաշտ։
Առաջին Տիեզերական ժողովների կանոններով որևէ եպիսկոպոս չի կարող մեկ այլ եպիսկոպոսի տարածքի համար քահանա ձեռնադրել, ուր մնաց այդ տարածքում որևէ գործողություն ձեռնարկել։ Այսօր կրոնական կազմակերպությունները հաշվի չեն առնում, որ այս տարածքում դարեր ի վեր Եկեղեցի գոյություն ունի, դրսից իրենց ներմուծած միջոցներով գնում են մարդկանց կարծիքներն ու մոտեցումները՝ առանց գիտակցելու և հասկանալու, որ այդպես գնում են նաև մարդկանց կամքի ազատությունը, որ Աստված տվել է մարդուն և նույնիսկ թույլ տվել, որ մարդն ընտրի, ինչպես Ադամը՝ դրախտում։
Ճշմարտությունը և սերը չի պարտադրվում։ Հետևաբար տարբեր միջոցներով մարդկանց ուղեղը լվանալ՝ թույլ չտալով, որ մարդիկ կամովին ընտրեն, իրենց ազատ կամքով, շատ հաճախ անհատների անձնական կյանքի ողբերգություն է դառնում, երբեմն նաև՝ ընտանեկան ողբերգություն։
Մարդկանց տարբեր ձևերով պարտադրել, որ դառնան ինչ որ «համայնքի անդամ», ներողություն, բայց բնավ չի համապատասխանում Ձեր մեջբերած ավետարանական հատվածին։ Եվ հետո, այդ կրոնական կազմակերպությունները հաշվի չեն առնում, որ հայ մարդն այսօր դեռևս լավ չի ճանաչում պատմականորեն իր ունեցած արժեքները՝ իր եկեղեցին, և սկսում են գործել և անգիտակ մարդկանց տրամադրել իրենց իսկ պատմության դեմ։
«Մարդորսություն» տերմինը վաղուց ձևավորված հասկացություն է կաթոլիկ ու բյուզանդական ուղղափառ և արևելյան ուղղափառ Եկեղեցիների մոտ. Երբ մարդը պատմամշակութային և եկեղեցական պատկանելիություն ունի, որևէ այլ կրոնական կազմակերպություն իրավունք չունի տարբեր միջոցներով, արհեստականորեն ձգտում առաջացնել այդ մարդու մոտ դառնալու իրենց հարանվանության կամ եկեղեցու անդամ։ Երբ այդ բանն արվում է, դա կոչվում է մարդորսություն։ Իսկ երբ մարդը կամովին է փոխում իր եկեղեցին, առանց արտաքին ազդեցությունների ներքո, ապա ազատ է իր ընտրության մեջ։ Այս սկզբունքը շատ լավ են պահպանում արևմտյան բողոքականները, բայց ցավոք՝ ոչ հայ բողոքականները։ օրինակ առաջինները եթե ցանկանում են Հայաստանին օգնել քրիստոնեության տարածման գործում, անում են Հայ Եկեղեցու միջոցով, մինչդեռ հայ բողոքականները օգտագործում են դրսից ներմուծած իրենց հնարավորությունները և կատարում իրենց քարոզչությունը այնտեղ, որտեղ իրենք համայնք չունեն։ Ավելին, մարդկանց շփոթության մեջ են գցում այն աստիճան, որ մարդիկ չեն կարողանում տարբերել բողոքականներին Հայ Առաքելական Եկեղեցուց։ Սա նշանակում է մարդկանց խաբել, այն դեքում, երբ իրենք քաջ գիտեն օրինակ, որ Հայ Եկեղեցին չի ընդունում բողոքականների հաղորդությունը։
Ձեր երկրորդ կետի հետ համաձայն չեմ, քանի որ ինչ որ չափ ճանաչում եմ տեր հորը։
Ես ևս համաձայն չեմ հավատը հարմարեցնել «Մշակույթին կամ մտածելակերպին», բայց մեր մշակույթը միայն վերջին հարյուրամյակով չի կարելի բնորոշել, ինչպես, ցավոք, կատարում են շատ շատերը։