Տոներին նվիրված

Started by Petros, February 17, 2006, 04:58:46 AM

Previous topic - Next topic

Petros

Սբ. Վարդանանց տոնին նվիրված ստեղծագործություն

Ավարայրում

Ոտքի ելավ աշխարհն Հայոց՝ հայրենյաց սուրբ սիրով լի,
Ծեր ու մանուկ, ոգին ամբողջ Հայաստանյաց աշխարհի,
Ոտքի ելավ եկեղեցին՝ խաչն իր կրծքին զարդ վահան,
Շուրթին աղոթք, սրտում ցասում, ձեռքին սուրը հաղթական...

Ամպերի պես երկու հսկա բանակները լեռնացան,
Տղմուտ գետի զույգ ափերին ծաղիկները դալկացան,
Շռնդացին ահեղագոչ զրահները երկուստեք
Ու շողացին Ավարայրում հազարավոր նետ ու տեգ...

Կռվում էին քաջերն հայոց այնպես հուժկու, մոլեգին,
Որ զարկերից նրանց հզոր, սարն էր թնդում ահագին,
Զարկում էին ու մերթ ընկնում՝ մռնչյունով ահարկու,
Խլում էին մահն իրարից՝ կյանք պարգևում մեկ-մեկու...

Ոտքի ելան բոլորը մեկ՝ հովիվ, ռամիկ ու ռանչպար,
Վրեժով էր լցվել Հայոց երկրում ամեն թուփ ու քար.
Ոտքի ելան տիկնայք հայոց՝ ցասման բոցով հրդեհված,
Արյունարբու պարսիկ զորքի ու փղերի դեմ արբած...

Ու այն օրից երկիրն Հայոց ծնեց Վարդան ու Արտակ,
Որոնց կյանքով ոգի առավ երկիրը մեր բովանդակ.
Ու տես, այսօր հողագնդի ամեն ծայրում հայը կա,
Հայը երկնի սրտում անգամ ունի արևն իր անմահ...

Ավարայրից ծնվեց օրն այս՝ կյանքով ազատ մեկընդմիշտ,
Որ ծաղկի է փոխվել Հայոց երկրում ամեն վերք ու վիշտ.
Ցնծա երկիր, ցնծա հավերժ դու հաղթական, աննկուն,
Զի այսօր էլ ունես քեզ հետ քաջ Վարդաններ դյուցազուն...