Չարը

Started by Mariam, February 02, 2006, 12:46:11 PM

Previous topic - Next topic

Mariam

Արևմուտքում, Կաթոլիկ Եկեղեցում, կամ որևէ քահանայի բերանում երբեք «Սատանա»յի անունը չեմ լսել: Նախընտվում է «Չարը», «Չար»ի մասին խոսել:
Ճիշտ է, երբեմն մեղքի գիտակցությունը անհայտ է դարձել, անհետացել է հավատացյալների գիտակցությունից – ու իր ավերիչ գործն է կատարում հենց հավատացյալների կյանքում, երբ նրանք չարի և բարու սահմանները շփոթում են: Ու  չարություն են գործում, չիմանալով նրա կատարելիք կործանիչ դերն իրենց, հարազատների կամ համաքաղաքացիների կյանքում:
Արևելյան աշխարհի այս կողմը, հակառակ չափազանցությունն է կատարվում: Ու երբեմն հենց պատարագի ընթացքին, քարոզում, հիշվում է բազմաթիվ անգամ սատանայի անունը: Ու անհանգստանում եմ: Չարի գիտակցությունը երբեք չպիտի քողարկի Հիսուս Քրիստոսի բերած Ավետիսը. « Թող ձեր սրտերը չխրովուեն. Հաւատացէ'ք Աստծուն, ինձ էլ հաւատացէ'ք: Գալիս է աշխարհի իշխանը եւ իմ վրա ոչ մի իշխանություն չունի: Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. իմ սիրո մէջ հաստատուն մնացէ'ք: Քաջալերուեցէ'ք, ես յաղքեցի աշխարհին:» - Հնարավոր չէ ամփոփել Հովհաննեսի ավետարանը: Հարկավոր է լրիվ կարդալ – Հով. 14, 15, 16 գլուխները -ու ըմբռնել Աստուծո սիրո խորությունը, և նրա վրա հաստատել մեր վստահությունը, ու անվարան կերպով վստահել իր խոսքին, թէ չարը իշխանություն չունի Աստուծո վրա, չարը վախենում է հավատացյալից: Հավատացյալը փորձվում է, բայց դրանով Աստուծո հանդեպ իր ունեցած սերը ու իր հավատն ու առաքելությունները զտվում են, մաքրվում ու փայլում:
Ըստ իս, վտանգավոր է քողարկել Հիսուս Քրիստոսի բացարձակ հաղթանակը չարի դեմ: Անձնապես ինձ պատահել է խիստ վախենալ չարից կամ չարի դրսևորումներից մեկից, ու կանչել Հիսուսի անունն ու նկատել, զգալ , վայելել Նրա կողմից պարգևած անհուն խաղաղությունը: Չարը իսկույն անհետանում է երբ կանչում ենք մեր Տիրոջ, Նրա Սուրբ Անունը ասելով: Ու եթե անձնապես չեմ կարողանում – աղոթքիս տկարությանը պատճառով- վերագտնել իմ հոգու խաղաղությունը ու  հավատի պայծառությունը, բավական է ինձ իմ անհանգստությունս հայտնել քահանային, ու նրա բարեխոսության շնորհիվ վերահաստատվել Հավատի, Հույսի ու Սիրո մեջ:
Ըստ իս վտանգավոր են երկու կեցվածքները: Չարի գոյությունը թաքցնել «մաքուր» քրիստոնեության տակ ու մենք մեզ մեղքից ազատված համարել, կամ, հակառակը՝ նսեմացնել Հիսուս Քրիստոսում գտած բացարձակ հաղթանակը չարի դեմ: Սուրբ Հոգին  մխիթարանքն ու ներկայությունը տրված է Տիրոջ հավատացողներին:
Սատանայի անունը, ըստ իս, իր տեղը չունի եկեղեցիներում: Եվ մեր սրտերում: Կանչենք անդադար Քրիստոսին մեր սրտերում, ու կտեսնենք, որ սատանան չի մոտենում մեզ:

Mariam

#1
Իմ արևմտցու աչքերով՝ պատարագի ատեն խոսել մարդու թշնամու մասին, նման է նորածնին գրկած մորը խոսել մահվան մասին, երբ նա հաղորդվում է Աստուծո հետ, երբ զգում է որ կյանքը հավիտենական է, ու կյանքի այնպիսի թռիչքներ է ապրում, որ հաղորդվում է Բարու ու Հավիտենակաության հետ:
Նմանապես, երբ Սուրբ Պատարագի խորհրդով հաղորդվում ենք Աստուծո հետ, ու զգում Նրա սիրո անհաղթելի ուժը, որով Նա ստեղծեց աշխարհն ու մեզ փրկեց մահվան՝ չարի վրա բացարձակ հաղթանակ տանելով ու մեզ հավիտենական կյանք պարգևելով, մեզ հարկավոր է գոտեպնդվել Իր սիրով ու լիուլի վստահել Իր հաղթանակին ու հավատալ, որ Նա մեզ չարին հաղթելու ուժն է ընձեռում:
Չարի հաղթելու ուժը չի նշանակում հաղթել աշխարհական չափանիշներով, այլ մաքուր պահել մեզ չարից, անարատ պահել մեր հոգիները, ու մնալ Աստուծո սիրո մեջ, թե՝ կյանքում, թե՝ մարմնավոր մահվան մեջ:

Satenik

#2
Սիրելի Մաարիամ,
տարիներ առաջ ապրում էի արևմուտքում, երբ հայտնաբերեցի, որ մարդիկ վախենում են "սատանա" բառը արտասանելուց: 14:) Ինձ զգուշացրել էին, որ խուսափեմ այդ բառից, որովհետև մարդիկ դրանից "վատանում են":  Բայց նշանակություն չտվեցի դրան ու մոռացա:  Մի անգամ մի  ռուս բապտիստ աղջկա հետ էի խոսում, որն այդ օրը քննություն պիտի հանձներ, խոսքն այնպես գնաց, որ պիտի օգտագործվեր ռուսական ըդնունված մի արտահայտություն, որտեղ կա "սատանա" բառը: Ես մոռացել էի, ինքս խոսքը տարա այդ ուղղությամբ, մեկ էլ տեսնեմ այս աղջիկը, որ մինջև էդ ուրախ զվարթ հետս խոսում էր, մթնեց, սառեց, աչքերը չռեց վրաս ու թողեց արագ հեռացավ:  Սկզբից չհասկացա ինչ տեղի ունեցավ: Մեկ էլ որ չհիշեցի, որ աղանդավոր է: Ահա', "սատանա" բառն էր, որ լեղապատառ արեց նրան, չէ՞ որ ինձ զգուշացրել էին... 20:)
Անցավ մի որոշ ժամանակ, նորից մոռացա սրա մասին: Մի անգամ էլ նույն պատմությունն եղավ մեկ այլ աղանդավորի հետ, բայց այս անգամ հիսունականներից էր (գիտես երևի, որքան շատ է ողողված ԱՄՆ-ն աղանդներով): Արդեն վախենում էի դրանց հետ խոսելուց: Մտքիս մեջ ասում էի, գործ չունեմ հետները, ցնդած են,  "սատանա" բառը չեն օգտագործում, բայց իրենք աղանդավոր են, Աստծո անունը առանց իրենց հաշիվ տալու աջ ու ձախ օգտագործում են, իսկ "սատանա" բառը չափում-ձևում, թաքցնում-պարտակում, կարծես պարտակելով է: Կեղծավորության գագաթնակետ: Ես էլի չէի հիշի սրա մասին, եթե քո գրածը չկարդայի: Չգիտեի, պարզվում է դա ընդհանրապես ընդունված բան է արվեմքուտքում և ոչ միայն աղանդավորների մեջ: ???
Մարիամ, ասում ես "իմ արևմտցու  աչքերով": Ես չեմ կարող ասել "իմ արևելցու աչքերով", որովհետև չեմ համարում ինձ ոչ արևելքցի, ոչ էլ արևմուտքցի, դրանք ինձ համար լայն հասկացություններ են: Կարող եմ ասել հայի աչքերով ինչ եմ տեսնում:
Առանց տատանվելու ասեմ, որ ուզում եմ ինձ բան բացատրելիս իրերը կոչեն իրենց անուններով: Կապ չունի՝ տանս մեջ դա կլինի, եկեղեցում, հարազատներիս հետ թե անծանոթ ազգակիցներիս: Դու ասում ես մահվան մասին պետք չէ խոսել: Կարող եմ հաստատ քեզ ասել, որ եթե մահվան վախը ու գիտակցությունը չլիներ, ես երբևէ չէի էլ հետաքրքրվելու քրիստոնեությամբ:
Այնպես որ, Մարիամ ջան, մահի, չարի, սատանայի, թե ինչի մասին կլինի, բայց ես գերադասում եմ որ դրա մասին միշտ խոսվի շիտակ, ըստ անհրաժեշտության: Սատանան գաղտնիք չէ, որ թաքուն պահես: Կա՞ չարիքը, ուրեմն զգուշացրու զավակիդ որ կա, մատնանշիր որն է, պայքարի ու փրկվելու ձևերն ասա, ցույց տուր կեղծ և իրական ճանապարհները, որ չդառնա զոհ:
"Ապրել" բառը հայերեն նշանակում է "փրկվել": Քրիստոսը խաչվեց, որ մենք փրկվենք (ապրենք), ոչ թե մեռնենք: Եվ քանի դեռ մեր ապրելուն այսքան խանգարող հանգամանքներ կան, ես չեմ համարում, որ բարին բացարձակ հաղթանակ է տարել: Այդքան հեշտ չէ, դեռ մեծ ուղի ունենք անցնելու: ՈՒստի պիտի զգոն լինենք և իրերը կոչենք իրենց անուններով:

Հ.Գ. Ընդհանրապես, ցանկացած ծնող այնքանով է ծնող, որ կոչված է ու իր ամբողջ կյանքում զբաղվում է իր զավակի թե մարմնական և թե հոգևոր մահը կանխելով: Սկսած հղիության գիտակցման պահից մինչև վերջին շունչը: Հակառակ դեպքում ո՞վ նրան կհամարի ծնող:
Այնպես որ չվախենանք բաներից, որոնք վտանգ են ներկայացնում, այլ գիտակցաբար հաղթահարենք նախ վախը, հավատքի միջոցով, որպեսզի հետո հաղթահարենք և վտանգը:

Mariam

#3
Սաթենիկ,
Չասացի՝ չխոսենք սատանայի մասին: Ասացի. ոչ պատարագի ատեն, ոչ Քրիստոսի առաջ, որովհետև Սուրբի առաջ ենք կանգնած: Նրան փառաբանելու պահն է:
Չասացի՝ չխոսենք մահվան մասին: Ասացի՝ նորածնի գրկած մորը չխոսենք այդ մասին. նա հաղորդվում է Աստուծո հետ, Կյանքի խորհրդի հետ: Անտեղի, վնասակար է մահվան մասին խոսելը այն ատեն:
Բոլորովին համաձայն եմ հետդ, երբ հիշեցնում ես, թե մահվան գիտակցությունը պիտի անբաժան լինի քրիստոնյայից: Ու նույնպես սատանայի, Չարի գիտակցությունը թող միշտ ներկա լինի մեր մտքում, որպեսզի մեր ամբողջ ուժերովը նրան հակազդենք: Բայց վնասակար է սարսափեցնել հավատացյալների նրա անունը կրկնելով: Նա արդեն պարտված է Քրիստոսի կողմից: Ուզում եմ ասել՝ պարտված է, դեռ գործում է այս աշխարհում բայց հոգեվարքի մեջ է: Մենք գիտենք, որ Քրիստոսով փրկված ենք և արդեն ստացել ենք ու ապրում ենք հավիտենաճան կյանքով: Գիտես, վախենում եմ, որ մարդիկը հուսահատվեն, ու գերագնահատեն Սատանայի ուժը: Իմ պաշտպանը ունեմ՝ անհաղթելի Քրիստոսը: Աստուծո նախախնամության, մեր պահապան հրեշտակների գիտակցությունը, նույնչափ, մեզ պետք չէ լքեն: Հիսուս Քրիստոսով աշխարհը ստեղծվեց, ու փրկվեց:
Գիտես, ինչի՞ց եմ ավելի վախենում: Զգուշ լինեմ, սատանային չթողնեմ մտնի իմ սրտում: Վռնտեմ իմ հոգուց մեղքն ու մեղքի ու մահվան հայրը:
Ցանկանում եմ միայն որ հավատը կշռադատված լինի: Մի նժարում՝ սատանայի չարության գիտակցությունը: Մյուսում՝ Հավատը, Հույսը և Սերը: Վստահությունը՝ Քրիստոսի հանդեպ: Չարից վախը չպիտի անդամալուծի հավատացյալին:
Եկեղեցում, հավատացյալները  «Հրաժարվում եմ սատանայից» երեք անգամ ասելուց հետո –որպեսզի սրտով, հոգով ու մտով որոշենք մեղքը վանել մեզանից, մեղքը չընդունել մեր էության ու կյանքի մեջ – դառնում են դեպի Աստված ու իրենց մեղքերը խոստովանելուց հետո, «Հավատամք»ն է արտասանվում, այն միայն հավատամքը որ լցնում է մեր հավատը: Հավատամքի մեջ, ոչ մի անգամ սատանայի անունը չի ասվում: Նա չի կարող դրվել Հիսուսի քով: Սատանա իմ հավատի մաս չի կազմում: Նա հավիտենական չէ: Աստծուց չէ, Աստուծո խոստման մաս չի կազմում: Հավատը՝ գալիք իրադարձությունների մասին է: Հավատում եմ միայն թե սատանա արդեն դատապարտված է ու պարտված: Հավատում եմ նաև որ Հիսուս Քրիստոսով, որ չարին հաղթեց, մեզ տրվելու է հաղթանակը չարի վրա:

Satenik

Մարիամ ջան,
ներողություն, սիրելիս, չեմ հասկացել: Դե գիտես՝ աչքը տեսածից է վախենում: :)
QuoteՆա արդեն պարտված է Քրիստոսի կողմից: Ուզում եմ ասել՝ պարտված է, դեռ գործում է այս աշխարհում բայց հոգեվարքի մեջ է: Մենք գիտենք, որ Քրիստոսով փրկված ենք և արդեն ստացել ենք ու ապրում ենք հավիտենաճան կյանքով: Գիտես, վախենում եմ, որ մարդիկը հուսահատվեն, ու գերագնահատեն Սատանայի ուժը:
Չարը իր էությամբ պարտություն է, իհարկե: Բայց, Մարիամ ջան, ե՞րբ տեսար որ հոգևարքի մեջ է: Հլա մի հատ աշխարհին նայիր՝ սատանան հոգևարքի մե՞ջ է: Այ ես էլ, քեզ պես, վախենում եմ, որ մարդիկ հուսահատվում են ու գերագնահատում են սատանու ուժը: ՈՒ քանի որ դա աջ ու ձախ տեղի է ունենում, ուրեմն իսկի էլ չարը հոգևարքի մեջ չէ:
Դու նայիր ինչ վայրի նյութապաշտություն է տիրում աշխարհին՝ պետություններին, քաղաքականության հիմնական գիծը նյութն է, և առանձին մարդկանց նայիր, իրենց սովորական կենցաղում: Վիճակը ավելի քան տխուր է:

QuoteԳիտես, ինչի՞ց եմ ավելի վախենում: Զգուշ լինեմ, սատանային չթողնեմ մտնի իմ սրտում:
Այո, իմ սիրելի Մարիամ: Սա է զանկացած մարդու համար բարոյականության հիմքը, էությունը: Հազար ափսոս, որ շատերն այսպես չեն մտածում: :(

Mariam

#5
Սիրելի Սաթենիկ,
Հավատացյալը նմանվում է լարախաղացի մը, ու միայն խեղճուկրակ փայտի օգնությամբ առաջանում է անդունդի վրայով: Մեր խեղճուկրակ փայտը՝ սա, մեր հավատն է, որը Աստուծո օրհնությամբ կարող է մեր ուժեղ պաշտպանը լինել: Ինչքան իմաստալից է Հիսուս Քրիստոսի խոսքը , որը տխրել է Իր աշակերտների հավատի անբավարարության պատճառով, երբ վախեցած՝ Նրան արթնացրել են ՝ փոթորկած ծովու վրա ալեկոծվող նավակում:« Ինչո՞ւ էք վախենում: Չէ՞ք հավատում:»
Հոգևարք կա, որ խաղաղ է, ու մյուսը՝ փոթորկալից: Երկրորդինն է նմանվում չարինը, ու աշխարհը, ճիշտ է , ալեկոծ է , բայց էլի վստահենք Նրան: Լսենք Նրա Խոսքն ու Քաջալերանքը:
Ուրախանանք աշխարհում գոյություն ունեցող ամեն սիրո համար, բարու նշույլների պատճառով անգամ ուրախանանք: Ու գոտեպնդվենք հաստատ հավատով չարի դեմ, այն չարը, որը ցանկանում է մտնել մեր իսկ սրտից ներս, բայց անկարող է մոտենալ մեզ առանց մեր հավանության:

Satenik

QuoteՀոգևարք կա, որ խաղաղ է, ու մյուսը՝ փոթորկալից: Երկրորդինն է նմանվում չարինը...
Այո: Ընդհանրապես մարդիկ խուսափում են հոգևարք տեսնելուց, վախենում են երևի: Մեծերը աշխատում են հեռու պահել ավելի երիտասարդներին հոգևարքի մեջ գտնվող հարազատներից (մեծ սխալ է, հասուն, հոգեկան հիվանդություն չունեցող դեռ ոչ մի երիտասարդ մարդ հոգևարք տեսնելուց չի գժվել):
Բայց հոգևարք տեսնող մարդը ձեռք է բերում շատ անհրաժեշտ կյանքի փորձ: Հոգևարքի մեջ գտնվող մարդու մասին շա՜տ բան կարելի է ասել, անմիջապես հասկանում ես ինչ կյանքով է ապրել այս մարդը, ինչ խղճով ու բարոյականությամբ: Իհարկե, դա ամենևին էլ հաճելի տեսարան չէ և որպես օրենք ծանր հետք է թողնում մարդու խղճի վրա: Բայց այդ հետքը որքա՜ն օգտակար է, հետագայում սեփական հոգևարքը խաղաղ տանելու համար:
Հատկապես արևմուտքում, մարդիկ ամբողջ ընտանիքով նետվում են իրենց հարազատի ծննդաբերությունը դիտելու: Ի՞նչ խոսք՝ ծնունդ նայելը ուրախալի ու հաճելի զբաղմունք է: Բայց երբ գործը հասնում է մահվան,  "նայելը" թողնում են բժիշկին: Ի՜նչ տհասություն ու ի՜նչ անբարոյականություն... Չէ՞ որ հոգևարքի մեջ գտնվող մարդը անչափ մեծ կարիք ունի սիրով ճանապարհվելու: Դա նրա համար այդ պահին ամենակարևորն է, նրա ամբողջ տեսքը սիրո կարիք է արտահայտում:
ՈՒզում եմ, որ բոլոր նրանք, ովքեր կկարդան այս տողերս, հիշեն սա մահացողից խուսափելու պահին:

SAS

#7
Quote from: Satenik on February 05, 2006, 06:27:28 AM
Հատկապես արևմուտքում, մարդիկ ամբողջ ընտանիքով նետվում են իրենց հարազատի ծննդաբերությունը դիտելու:
Սաթենիկ, գուցե նրանից է, որ  կարծում են, թե ծննդաբերությունը սեքսի մի այլ տեսակ է... 2:) Բարի օր:

Հ.Գ.Մարիամ, Ձեր արևելահայերենն ընտիր է, 13:) բայց ինչո՞ւ չեք գրում արևմտահայերեն: Մի՞թե կարծում եք, որ Վարուժանի լեզուն հասկացողներ  արդեն չկան: Գրեք, որ մենք էլ սովորենք:Ցանկալի կլինի՝  դասական ուղղագրությամբ:Իմ այս համեստ ցանկությունն ընդունեք որպես խնդրանք այլ ոչ թե՝ պահանջ:Տերն ընդ Ձեզ: 21:)

Satenik

#8
Բարև ՍԱՍ:
Իսկապես կա արևելահայերիս մեջ այդ կարոտը դեպի արևմտահայերենը, ինչու չէ՝ նաև Գրաբարը, որի Մեղեդին թեև շատերս չենք կարողանում վերարտադրել, բայց մեզ համար անհայտ մեխանիզմներով զգում ենք ու հասկանում... :)

MONK

#9
                                                                   ՉԱՐԸ...                                                         
ՍՏՎԵՐ  ԼՈՒՅՍԻ  ՄԵՋ?
Համամարդկային  պատմության  ողջ  ընթացքում  մարդու  միտքն  ամենից  շատ  հուզող և  տագնապահար  անող  հարցերից  մեկը  եղել  է  չարի  խնդիրը,  և  դարեր  շարունակ  փիլիսոփայական  ու  կրոնական  տարբեր  համակարգեր  փորձել  են  լուծում  գտնել  այդ  առեղծվածին: Այս  հարցն  այսօր  էլ  շարունակում  է  էական  նշանակություն  ունենալ գրեթե  բոլոր  մարդականց, հատկապես  քրիստոնյաների  համար, քանի  որ  անխուսափելիորեն  ծառանալով   բոլորի  առջև,  այն  տարակուսանքի  ու  շփոթմունքի  է  մատնում  շատերին  և  նույնիսկ  սասանում  հավատքն  Աստծու  նկատմամբ: Շատերի  մեջ  հարց  է  ծագում, թե  ինչպե°ս   ամենաբարին  Աստված կարող  է  հանդուրժել  չարի  գոյությունը: Եթե  Նա  կարող  է  վերացնել  չարը,  բայց  չի  անում,  ապա  բարին  կամեցող   չէ, իսկ  եթե  ցանկանում  է,   սակայն  չի   կարողանում,  ուրեմն  ամենակարող  չէ: Եվ  քանի  որ  չի  վերացնում  չարը,  ուրեմն  ոչ  բարին  կամեցող  է, ոչ  էլ  ամենակարող, հետևաբար  ինչքանո±վ  է  իրական  քրիստոնյաների  Աստծո  գոյությունը:
   Չարի  ծագման ու էության  խնդիրների  շուրջ   քրիստոնեական  Եկեղեցին  իր  պատմության  ընթացքում բախվել  է  զանազան  տեսությունների, որոնցից  հատկապես  նշանակալից  են  եղել  Եկեղեցու  վաղ  շրջանում  մեծ  տարածում  գտած  գնոստիկյան  ու  մանիքեական  աղանդների  վարդապետությունները,  որ  հիմնված  էին տարբեր  կրոններից, զրադաշտական  դուալիզմից  և  հունական փիլիսոփայությունից փոխառնված գաղափարների  վրա: Ըստ  սրանց`  չարի  աղբյուր  էր  համարվում  կամ  նյութը` ի  հակադրություն  բարի`  հոգևոր  աշխարհի,  կամ  էլ առանձին  գոյությամբ  օժտված  չար  աստված, որ  հավերժական  պայքարի  մեջ  էր  բարի  Աստծու  հետ:
   Սակայն   Եկեղեցու  հայրերը  մերժել  են  այս  տեսությունները և  թյուր  կարծիքները  կասեցնելու  նպաատակով  հնարավորինս  հստակեցրել  չարին  առնչվող  քրոստոնեական  ճշմարտությունը: Ըստ այսմ` չարը  ոչ  արարված է, ոչ  էլ առանձին  գոյություն  ունեցող  էություն,  այլ պարզապես  բարու  պակասը  կամ  բացակայությունն  է: Ինչպես  լույսի  բացակայությունից  առաջանում  է  խավար,  կամ  էլ  առողջության  խաթարումից` հիվանդություն,  այնպես  էլ  Աստծո  ներկայության  զրկումից առաջանում  է չարը:
   Չարի  երևան  գալը  սերտորեն  առնչվում  է արարչության  սկզբում  կատարված  մի  շրջադարձային  իրողության  հետ, երբ  հրեշտակների  բարձր  դասերից  մեկին  պատկանող  Արուսյակ  կամ   Լուսակիր (Լյուցիֆեր)  հրեշտակը ,  հպարտությամբ  համակված  և  իր  անձնիշխանությունը  չարաշահելով,  ըմբոստանում  է  Աստծո  դեմ` ապստամբեցնելով  նաև  հրեշտակների    մեկ  երրորդին: Սակայն  պարտություն  է  կրում  և  իր  համախոհ  հրեշտակների  հետ       երկնքից  ցած  նետվում (սրա  համար  էլ  Սբ. Գր. Տաթևացին  ՙհպարտություն՚  բառը  ստուգաբանում  է իբրև ՙհրեշտակների  պարտություն՚): Անկումից  հետո  Արուսյակը`  այլևս  սատանան,  խաբեության  միջոցով  չարիքը  մտցնում  է  նորաստեղծ  մարդկանց  երանավետ  կյանքի  մեջ` այսու  սկսելով  խաթարել   Աստծո  արարչության  ներդաշնակությունը: Այսպիսով  չարը,  չլինելով  ոչ  գոյ, ոչ  էլ  կեցություն, անձնավորվում  է  սատանայի  միջոցով  և  դառնում  ապականող  ու  ոչնչացնող  ակտիվ  ուժ:   Այնուհանդերձ,   չարը  սոսկ   թույլատրված  զորություն  է  և  կարող  է  գործել  միայն  այն  սահմաններում,  որ  թույլատրում  է  նրան Աստված: Չարի  իշխանության  դաշտը  բացվում  է  միայն  այն  ժամանակ,  երբ  մարդն  իր  ազատ  կամքով  մերժում  է  աստվածատուր  պատգամները  և  իրեն  զրկում  Աստծո  սրբարար  ներկայությունից: Իհարկե, իբրև  բանսարկու  և  խաբեբա`  սատանան  ներշնչում  է,  թե  ինքն  ամենազոր  է  և  ունի  անսահմանափակ  իշխանություն,  մի  միտք, որին  հաճախ  հակվում  ենք  շատերս`  տեսնելով  մեր  առօրյա  իրականության  մեջ  համատարած  մոլեգնող  չարիքը:  Սակայն աստվածապարգև մեծագույն  շնորհները`  հավատքը,  հույսը  և  սերը, աներկբայելիորեն  վկայում են,  որ  չարի  իշխանությունը  կարծեցյալ  է  և  վայրկենապես  վերանում  է,  երբ  մենք  դառնում  ենք  Աստծո  կամքի  գործադրողը  մեր  կյանքով,  ինչպես  ակնթարթորեն  ցրվում  է  խավարը,  երբ  լույս  ենք  վառում:
   Մի  հարց  հաճախ  անորոշ  է  մնում,  որ  եթե  չարը,  ի  շարս  ամենայնի,  Աստծո  ամենազոր  իշխանության  տակ է,  ապա  ինչո±ւ  Աստված  իսպառ  չի  վերացնում  այն:  Նախ`  Ասատված  երբեք  չի  բռնանում  Իր  պատկերով  ու  նմանությամբ  ազատ  ստեղծված  մարդու  կամքի  վրա,  եթե  անգամ  նա  ի  չարն  է  գործադրում  իր  ազատությունը (հակառակ  դեպքում  կյանքը  մարդու  համար  կվերածվեր  պարտադրյալ  երևույթի,  ինչը  լիովին  կհակասեր  ազատ և արդար  Աստծո  էությանը) : Ապա  նաև հարկ  է  նշել,  որ  չարն  ինքնին  բացարձակ  երևույթ  չէ,  այլ  հարաբերական, և  այն,  ինչ  չարիք  է  մեկի  համար,   բարիք  կարող  է  նկատվել  մեկ  ուրիշի  համար:  Եվ  Աստված  հաճախ  թույլատրում  է  չարը,  որպեսզի  խրատի  մարդուն,  կամ  փրկի  ավելի  մեծ  չարիքից: 
   Այնուհանդերձ,  լիովին  լուծված  համարել  այս  հարցը  չի կարելի,   քանի  որ  Աստծո խորհուրդներն  անքննելի  են, և մեր  սահմանափակ  ուղեղը  չի  կարող  ընկալել  անընդգրկելին. ՙԻմ  խորհուրդները  նման  չեն  ձեր  խորհուրդներին,  և  ոչ  էլ ճանապարհները`  ձեր  ճանապարհներին, -ասում  է  Տերը՚ (Եսայի 55: 8):  Ուստի  պարզապես  վանենք  չարը  մեր  կյանքից`  ի  խորոց  սրտի  արտաբերելով  Տերունական աղոթքի   բառերը. ՙԵւ մի  տանիր զմեզ ի  փորձութիւն, այլ  փրկեա  զմեզ  ի  չարէն՚:

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)