ՄՇԱԿՈՒՅԹ, ԱՐՎԵՍՏ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՄՈՒԼ > Գրքեր և հրատարակություններ

Էմիլ Մարկ, <<Մեղքը քոնն է>>

(1/2) > >>

Masnaget:
Շուտով այստեղ կլինի նորահայտ գրող  Էմիլ Մարկի <<Մեղքը քոնն է>> պատմվածքի մասնագիտական վերլուծությունը:

Ղուկաս Վահան:
Անհամբեր սպասում ենք։

Masnaget:
Վերլուծություն-քննադատականս 6 մասերից է բաղկյացած, կտեղադրեմ այդ մասերը հերթով: Մինչ այդ շատ գովելի կլիներ, որ հեղինակը կամ նրա ներկայացուցիչը գրանցվեր այստեղ, մասնակցեր այս /և ոչ միայն/ քննարկմանը Լուսամուտում:

Masnaget:
Սիրելի լուսամուտցիներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ արդեն լույս է տեսել նորահայտ գրող Էմիլ Մարկի <<Մեղքը քոնն է>> պատմվածքը, որի  մասին  քննադատական և վերլուծական մտորումներս ձեզ կցանկանայի ներկայացնել:
Իրոք հետաքրքիր գիրք է, խորհուրդ կտամ կարդալ,  այն շատ խոսուն է` չնայած կարճությանը, և հետաքրքիր լուծումներով լի:
Գիրքն սկսվում է գործող անձանցից մեկի` քահանայի մեղադրական մտորումներով, որով նա մեղադրում է Աստծուն բախտի կամ ճակատագրի համար: Այս մեղադրականում տեսնում ենք նորաօծ (անփորձ)  հոգևորականի բողոք, որը հատուկ է շատ նորաօծների: Այստեղ նա մեղադրում է Աստծուն անարդարության համար և հարցեր  առաջ քաշում, որոնք կարող են բոլորի սրտում ծագել. <<.... ոտնակոխված լինելով հանդերձ դարձա Քո սպասավորը: Հեգնո՞ւմ ես ինձ, այո՞, ծաղրում իմ նմանին, որ Քո իսկ լարած որոգայթն ընկավ>>:
Թերևս մի քիչ գայթակղիչ է մեղադրականներին հետևելը, որովհետև մենք յուրաքանչյուրս էլ չենք սիրում մեր  թերությունները, և մեղադրում ենք ուրիշներին մեր անհաջողությունների համար, սակայն հոգևորականի դեպքում այս մեղադրանքներն առանցքային են և կարող են իրոք գայթելու առիթ տալ: Գրքի ընթերցողն ի վերջո հետաքրքրված է այն հարցով, թե ի՞նչ  է   լինելու հոգևորականի հարցերի պատասխանը, քանի որ այն հարցերը, որ նա հուզում է, կարող են նրա համար նույնիսկ ճակատագրական լինել:   
Իսկ մյուս կերպարները, որոնք հարցերի իրենց  լուծումներն են առաջարկում, պարզապես անտեսվում են երիտասարդ հոգևորականի կողմից:
Գիրքն ամբողջությամբ գաղափարական ընդվզումով է լցված, որի շնորհիվ հեղինակը ասես մոգությամբ իր ընթերցողին գամում է գրքի տողերին:
Ընթերցողը կարող է բնական հարց բարձրացնել, թե այսքան փոքր ծավալի մեջ ինչպես կարելի է խոշոր հարցեր շոշափել, կամ հոգևոր խնդիրներ բարձրացնել, բայց այստեղ պետք է նշել, որ  վաղուց արդեն ընդունված է, որ աշխատանքի ծավալը չէ կարևորը, այլ բովանդակությունն ու մատուցած նյութը: <<Փոքրիկ իշխանը>>, որ մարդկության մեծագույն նվաճումներից է, ընդամենը մի փոքրիկ գիրք է, կամ Լեոնարդո դա Վինչիի հայտնի <<Մադոննան>> ընդամենը մի նկար է` սակայն մեծագույն արվեստագետների զարմանքն ու գովեստն է հրավիրել իր վրա:
Հուսկ` չի կարելի ասել,  թե պատմվածքի փոքր ծավալը նվազեցնում է այն արժեքը, որ նա իրոք իրենից ներկայացնում է:
Լավ. անցնենք բուն նյութին:
Նախապես ասենք, որ հեղինակը փայլուն կերպով է լուծում իր իսկ կողմից առաջադրված բարոյական խնդիրը (այլ հարց է, թե դա ինչպես կարող է մեկնաբանվել քրիստոնեական ուղղափառ վարդապետության կողմից):
Կերպարները բազմազան են, հետաքրքիր և համոզիչ` սկսած մարմնավաճառ Սելենեից մինչև նրա երազի սև նժույգը:

Masnaget:
Եվ այսպես, առաջին կերպարը, որի մասին կուզենայի ներկայացնել մասնագիտական կարծիքս, Սելենեն  է:
Հարկավ նա գլխավոր գործող անձն է, բայց Էմիլ Մարկի գրքում թերևս գաղափարներն են գործող անձինք, եթե թույլ տրվի այդպես ասել:
Սելենեի պատճառով նորաօծ հոգևորականի արժեհամակարգում անդառնալի փոփոխություններ են կատարվել: Սակայն փոխադարձաբար քահանա Անտոնիոսի պատճառով Սելենեի մեջ նույնպես արժեհամակարգերի փոփոխություններ /և խեղումներ/ են տեղի ունեցել: Այլ հարց է, թե ինչեր /և ովքեր/ են մնացել դրանից հետո:
Կուզենայի նշել նաև, որ  <<պարտվող>> կողմը` հասարակության <<կայուն>> համակարգերի զոհ  Սելենեն իր մահով ինչ-որ բան է ցանկացել ասել մեզ բոլորիս:
Պատմվածքի սկզբում երբ  ներկայացվում է քահանա Անտոնիոսի տանջանքները, դրանից առաջ բանադարձության մի միջոցի` կրկնության առաջին մասն ենք կարդում. <<Վերջերս Փարիզից հարավ գտնվող այս շրջանում հայտնված ու արդեն մեծ ճանաչողության արժանացած օտարազգի պոռնիկ մարմնավաճառ Սելենեի մերկ և անշունչ մարմինն ընկած էր Սուրբ Մագդալենա տաճարի աստիճանների>>: Այս պատկերը հարցականներ է առաջացնում` ե՞րբ, ինչպե՞ս, ինչո՞ւ...
Ցանկացած  հասարակության մեջ կարելի է տեսնել  մարմնավաճառների և նրանց նմանների, բայց դրանք  այդտեղ ընդունվում են  ինչպես որ կան, և ոչ մեկը չի դժգոհում նրանցից. ավելին` օգտվում են նրանց <<ծառայություններից>> և  պատիվների արժանացնում: Բոլորիս հայտնի է թեկուզ սուրբգրային մի կերպար` պոռնիկ Ռախաբը, որի  մասին հենց այդպես էլ ասվում է` պոռնիկ:  Պոռնիկները, մարմնական մեղքի մեջ լինելով հանդերձ, որոշակի հաջողություններ ունեցել են հասարակության մեջ և չնայած հակասական կարծիքներին` այնուամենայնիվ, չեն քարկոծվել իրենց <<մասնագիտության>> համար:
Ինչ վերաբերում է պատմվածքի կերպար Սելենեին, նրա մասին կարծիքն այնպես է ներկայացվում, որ ընթերցողի մեջ նույնիսկ խղճահարություն է արթնանցում (սա խոսում է հեղինակի` կարճ ասելիքով մեծ խնդիրներ առաջ քաշելու շահեկան հատկության մասին): Չէ՞ որ ի դեմս նրա` մենք ունենք  մի զոհի, որ հանիրավի կերպով մեղադրանքի սյունին է գամվել, և  ավելին` խորտակվել է հենց բարոյական չափանիշ թելադրողների կողմից`     կործանելով իր իսկ երիտասարդ կյանքը:
Երբ նա խոստովանության է դիմում քահանա Անտոնիոսին /իրեն բռնաբարելու համար/,  նա դրանով բողոքում է հենց Անտոնիոսից. <<Կարծում եմ` դուք ճանաչում եք նրան: Ա՜խ, ի՜նչ միամիտն եմ. ինչպես կարող եք չճանաչել ինքներդ ձեզ…
Այո՛, քահանա՛ Անտոնիոս (թույլ տվեք ձեզ այդպես դիմել), ինձ բռնաբարեցիք`  մարելով փրկության վերջին աղոտ հույսը, որ արթնացել էր իմ մեջ>>:
Պատմվածքի  սկզբում ներկայացված մեղադրական  մասը /Անտոնիոսի աղոթք-բողոքը/, հենց մի փորձ է Սելենեի գայթակղության հիմքի վրա Աստծուն մեղադրելու, սակայն Սելենեն իր կերպարով այդ չէր ուզում: Նա բոլորովին հակառակ ուղղությամբ է մեղադրում  քահանային` ժողովրդի  բարոյականության ջատագովին, մի բան, որ բնականաբար  դուր չի գալիս քահանային: Սելենեն Աստծո պատվիրած բարոյականության չափանիշների հիման վրա մեղադրում է քահանային մահացու մեղքի համար, սակայն…
Պետք է ասել, որ այստեղ հեղինակը մի քանի (թող թույլ տրվի ասել) անարդար  կերպարներ է նշում` քահանա, թատրոնում հանդիպած գեր կին և  հասարակություն, որի կարծիքի մասին ընթերցողը տեղեկանում է թատրոնի կնոջ խոսքերից. <<Հերիք չէ ուրիշների ամուսիններին ես գայթակղում, քեզանով անում, անկողին քարշ տալիս, փող կորզում, մի հատ էլ հայտնվում ես այնպիսի հասարակական վայրերում, որտեղ երեխաներ կան, հարգված ու պարկեշտ մարդիկ...>> :
Ընդհանրապես, հասարակության մասին թյուր կարծիք է ձևավորվում հենց հասարակության մեջ, որովհետև հաճախ է պատահում, որ օրենքն արդարացնում է մեղավորին, իսկ արդարին օրենքից դուրս ճանաչում: Իսկ եթե այդ արդարը կամ արդարության ձգտողը մեղավորն է, ավելին՝ գայթակղիչ մեղավորն է, այդ դեպքում նա դատապարտված է բոլոր օրենքներով: Քրիստիանոսական ոճով  ասած` տոնավաճառի մարդիկ, որ  ձևավորել էին իրենց հասարակությունը և ապրում էին նրա արժեքներով,  բարբարոս էին համարում այլակրոններին կամ այլ կեցվածք ու խոսվածք ունեցողներին. <<Երկրորդ, ժողովուրդն անոնց հագուստին վրայ կը զարմանար, նոյնպէս կը զարմանար նաև անոնց խօսուածքին վրայ, վասնզի  քիչեր  կրնային հասկնալ անոնց խօսքերը: Բնականաբար Քանանու լեզուն կը խօսէին անոնք: Բայց տօնավաճառին ժողովուրդն այս աշխարհի  մարդիկ էին: Ուստի տօնավաճառին մէկ ծայրէն մինչեւ միւս  ծայրը ասոնք անոնց եւ անոնք ասոնց  բարբարոս կը թուէին>> (Յովհաննէս Պընեան, Քրիստիանոսի ճամբորդութիւնը, Երևան, 1993, էջ 105):
 

Navigation

[0] Message Index

[#] Next page

Go to full version