Կարևոր մի հանգամանք կա, որ վերաբերում է բոլոր նմանատիպ ուղղություններին: Աղանդին միանալու ոչ ոք չի գնում, նրան տանում են: Բացի տասանորդի վճարումից ֆինանսական զոհաբերությունն է շեշտվում՝ ասելով, որ Աստծուց ստանալու համար դու պետք է սովորես տալ, կտրել քեզանից, զոհաբերել՝ հանուն "եկեղեցու" բարգավաճման, ասենք Աֆրիկայում կամ Հնդկաչինում, կարճ՝ հանուն աղանդի բարգավաճման:
Սկիզբը միշտ հիանալի ու շլացուցիչ ընդունելությունն է՝ ժպիտներ, ջերմ, սիրալիր հայացքներ: Հոգեբանները սա կոչում են "սիրո ռմբակոծում": Երբ նորեկն ամբողջովին արդեն կլանված է ու տարված "կյանքը նորովի կառուցելու" տեսիլքով, սկսվում է բուն աշխատանքը:
Նմանատիպ շարժումների ամենամեծ գայթակղությունը "լեզվախոսությունը" կամ "գլոսսոլոլիան" է, որ ընկալվում է իբրև Ս.Հոգու մկրտություն՝ հղում տալով հատկապես Գործք Առաքելոցում հիշվող Հոգեգալուստի պահին և քարոզչության ընթացքում լեզուներ խոսելու երևույթին: Սա իրոք մեծագույն գայթակղության քարն է: Էքստատիկ վիճակում հատկապես միավանկ բառերի արագ-արագ արտաբերումը և հաճախ "ամեն" բառի գործածումը մեկնաբանվում է որպես հոգու զրույց Աստծո հետ, երբ միտքը չի մասնակցում այդ "զրույցին": Այնինչ Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված առաջին նամակում հենց այս մասին է խոսում ու զգուշացնում նման երևույթներից՝ ասելով "աղոթում եմ հոգով, աղոթում եմ նաև մտքով":
"Լեզվախոսության" այսօրինակ մոդելը տարածված է նաև շամանիզմի, սատանայապաշտության և սպիրիտիզմին հարող մի քանի ուղղություններում: Քրիստոնեության սկզբնական դարերում էլ հանդիպում էր այս երևույթը: Օրինակ, Եզնիկ Կողբին, խոսելով մոնտանականների մասին, ասում է որ նրանք "շամբիշ" բարբառով էին պաշտամունք մատուցում՝ դատապարտելով և սատանային պաշտողներ անվանելով նրանց: