ԲԱՐԵՎ: Անի ջան.
Դուք ճիշտ եք պատկերացնում, որովհետև Աստված էլ Սեր է: Ձեր տարակուսանքն էլ մարդկային է: Բայց ինչպես որ Աստծուն, ՈՒմ չենք տեսնում, չենք կարող սիրել, եթե չսիրենք մեր մերձավորներին, որոնց տեսնում ենք, նույն կերպ ազգային-քաղաքական դաշտում ընդհանուր "ազգ" ասվածին սիրելն սկսվում է այդ ազգի ներկայացուցչին սիրելուց: Ես վստահ եմ, որ եթե դու փողոցում հանդիպես մի մարդու, որ քո տխրությանը ժպիտով կպատասխանի, ծեր կամ հաշմանդամ մարդուն կօգնի ինչ-որ փոքր ծառայությամբ, ցնցոտիներով մարդուն արհամարհական չի նայի ու հրելով անցնի, մի խոսքով՝ որպես ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱՐԴ ներկայանա ու հետո դու իմանաս, որ նա թուրք կամ ադրբեջանցի է, մտքումդ չես կրկնի, որ դու ատում ես նրան միայն այն բանի համար, որ նա այդ ազգից է:
Ես մի խոսք հիշեցի, հեղինակին չեմ մտապահել. "Վախն էլ հավատ է, որ պատկանում է սատանային": Նույնը վերաբերում է ատելությանը: Մեղավոր լինելն էլ է ազգություն: Բայց Աստված ոչ թե ատում է մեղավորին, այլ նրա մեջ եղող մեղքը:
Քո զայրույթը տեղին է, որովհետև Աստված էլ չի հանդուրժում սուտը: Սատանան Սուրբ Գրքում հաճախ կոչվում է Ստի Հայր: Որպես ճշմարիտ քրիստոնյա՝ բոլորս պարտավոր ենք չընդունել ու դատապարտել սուտը, լինի հայի թե ադրբեջանցու: Ուղղակի այստեղ վիարվորվել ես ոչ միայն որպես քրիստոնյա, այլ նաև որպես հայ:
Նրան պատասխանելը քո իրավունքն է, սիրով բացատրելը՝ ցանկալի, բայց հաճախ դա նմանվում է "սրբությունը՝ շներին" կամ "մարգարիտներ՝ խոզերի առաջ" նետելուն: Բայց փորձել պետք է: Աստված քեզ իմաստություն տա ու Իր ճանապարհներով առաջնորդի: