Սիրելի Տեր Տաթև
Ես գիտեմ, որ Աստված սիրում է բոլոր մարդկանց և ցանկանում, որ բոլորը փրկվեն, և բոլորի սրտի դուռը թակում է անձամբ: Բայց չպետք է մոռանալ, որ Աստված ոչ միայն Սեր է, այլև` Արդարություն: Դուք (և շատերը, որոնց հետ այս թեմայի շուրջ զրուցելու առիթ եմ ունեցել) հիշատակում եք միայն Աստծու սերը` մոռանալով, որ Աստծու համար նույնքան կարևոր է նաև արդարությունը: Եթե Աստծու համար Արդարությունը երկրորդական լիներ Սիրո համեմատ, ապա Տերն իր Միածին Որդուն չէր զոհաբերի, այլ մարդկանց կներեր առանց փրկագնի:
Հետևաբար` Աստծուն զայրացնում է մեղքը և մեղքի պատճառով նա չի ուզում լսել մարդկանց: Ես, օրինակ, իմ գլխին Աստծու զայրույթն եմ կուտակում պղծության մեղքի պատճառով, և վախենալով եմ աղոթում, քանի որ գիտեմ` Աստված իմ բերանից չի ուզում օրհնություն լսել, ինչպես և ասված է սաղմոսում: Ուրիշ մարդիկ ուրիշ մեղքի համար են բարկացնում Աստծուն, իսկ հերձվածողների վրա Աստված մշտապես է բարկացած: Եթե ես ապաշխարեմ, Աստված ինձ կների, ու ես կվերադառնամ Նրա գիրկը, իսկ հերձվածողը նույնն անելու համար պետք է նախևառաջ հրաժարվի իր հերձվածից:
Եթե ցանկանում եք, ասածս կարող եմ հաստատել Աստվածաշնչից բերված օրինակներով և մեր Եկեղեցում ընդունված ապաշխարության կանոններով, բայց կարծում եմ, որ դրանք Դուք ինձնից լավ գիտեք: Ուրեմն եկեք չվիճենք այն հարցի շուրջ, որ հերձվածի հետևորդ լինելը մեղք է, և Աստված բարկանում է հերձվածողի վրա: Իսկ եթե այդպես է, ուրեմն հերձվածողի հետ (և ոչ թե նրա հոգու փրկության համար) աղոթելը նույնպես մեղք է, իսկ աղոթողը իր վրա է հրավիրում Աստծո բարկությունը:
Իմ ասածը բոլորովին չի նշանակում, թե ես ատելություն եմ քարոզում այլադավանների նկատմամբ: Քրիստոնյան պետք է բոլոր մարդկանց բարիք կամենա, աղոթի բոլորի փրկության համար: Բայց քանի դեռ նա, ում համար աղոթում եմ, չի միավորվել ինձ հետ Քրիստոսով, իմ եղբայրը չէ: Ես կարող եմ աղոթել սատանիստի հոգու փրկության համար, որ նա դարձի գա առ Աստված, բայց քանի դեռ նա սատանային է պաշտում, քանի դեռ շարունակում է մարտնչել Աստծո դեմ, նա իմ եղբայրը չէ, քավ լիցի: Նույնը` քաղկեդոնականների ու բողոքականների մասին կասեմ: Եւ ինչո՟ւ եք մոռանում սուրբ Պողոս առաքյալի խոսքերը` «Ի՟նչ ընդհանրություն Քրիստոսի և բելիարի, հավատացյալի և անհավատի միջև» և «Հերձվածողին մի անգամ խրատիր, ապա հեռացիր նրանից» (եթե ցանկանաք, ճշգրիտ կմեջբերեմ):
Սիրելի Տեր Տաթև, եղբայրասիրության առաքինությունը կյանքում իրագործելու համար պետք է նախևառաջ հստակեցնել, թե ով է քո եղբայրը: Քրիստոնեական եղբայրությունն առանց Քրիստոսի չի կարող լինել: Հետևաբար նա, ով Քրիստոսին չի ընդունում կամ անպատվում է Նրան իր հերձվածողական պնդումներով, չի կարող լինել ուղղափառ քրիստոնյայի եղբայրը: Սկզբունքորեն: Բայց դա չի նշանակում, որ նրա հոգու համար աղոթել կամ նրան բարիք գործել չի կարելի:
Աստծո վերաբերմունքը հերձվածողի նկատմամբ կախված չէ ժամանակից. թե՜ Հին Կտակարանում, և թե՜ Նոր Կտակարանում հստակորեն արձանագրված է Աստծո զայրալից վերաբերմունքը հերձվածող մարդու և հերձվածող ժողովուրդների նկատմամբ: Հետևաբար, հերձվածողի հետ աղոթելու արգելքը Հայոց Կանոնագրքի այն կանոններից է, որոնք ժամանակի ընթացքում չեն կարող փոխվել, ինչպես չի կարող փոխվել Աստված Ինքը: Այդ կանոնը միշտ է ուժի մեջ:
Ասվածից բխում է, որ իմ դիրքորոշումը միանգամայն քրիստոնեավայել է և ճշմարիտ, ինչը չեմ կարող ասել իմ գործերի մասին. արդեն 4 ամիս է, ինչ ես ամեն օր շնանում եմ, պոռնկանում, պղծությամբ զբաղվում, դատում, բամբասում, բարկանում և բազմաթիվ այլ մեղքեր գործում: Խնդրում եմ, Տեր հայր, Դուք էլ աղոթեք, որ ես ազատվեմ այդ մեղքերից:
Վերջում մի բան էլ հիշեցի, Տեր հայր
Պողոս առաքյալն ասում է, որ կան մահացու մեղքեր, որոնք գործած մարդկանց համար նույնիսկ աղոթել չի կարելի: Մտածե՟լ եք` ինչո՟ւ: