ԲԱՐԵՎներ
Հարգելի Էմիլի, այժմ շատ տարածված եզր կա, որ հաճախ է գործածվում բոլոր հին եկեղեցիների համար՝ Քույր եկեղեցի: Այս կամ այն եկեղեցու անդամ դառնում են՝ ընդունելով այդ եկեղեցու որդեգրած դավանանքը և մկտրվելով այդ եկեղեցում: Ի տարբերություն Հայաստանի՝ Սփյուռքում ավելի հստակ է Հայ եկեղեցու հավատացյալ, համայնքի անդամ լինելու պարագան: Հաճախ պատահում է, որ մի եկեղեցում մկրտված և հետևաբար այդ եկեղեցու անդամ հավատացյալը և անգամ հոգևորականը, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, հրաժարվում է այդ եկեղեցուց:Օր.՝ Հայ եկեղեցում հայտնի գիտական դեմքերից Մաղաքիա արք. Օրմանյանը ժամանակին Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հոգևորական էր, որ հետո, ուսումնասիրելով, համեմատելով և քննելով Հայ և Կաթոլիկ եկեղեցիների դավանական տարբերությունները և առաքելությունը, որոշեց հրաժարվել լատինական եկեղեցուց, դիմեց ժամանակի Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանին և ծառայության մտավ Հայ եկեղեցում: Այդ շրջանում /19-րդ դարի վերջ/ 200 հայ ընտանիք հետևեց Օրմանյանի օրինակին:
"Միայն Ս.Գրքին հեևել" ասվածը շատ հաճախ դեռ ճշմարտացի լինելու և փրկության միակ ճանապարհ կոչվելու /ինչ որ անում են աղանդավորական "եկեղեցիների" մեծ մասը/ հիմք չեն տալիս: Պատմությունը հարյուրավոր աղանդների ու հերետիկոսությունների օրինակներ ունի, որոնք բոլորն էլ միայն Ս. Գրքի վրա էին հիմնվում: Հիմա էլ Հայաստանում գործող աղանդների 90 տոկոսը Ս. Գրքով է առաջնորդվում՝ տալով իր ՍԵՓԱԿԱՆ մեկնաբանությունը, որ հաճախ հակասում է հենց Ս.Գրքին:
Հայ Եկեղեցին ազգային եկեղեցի է: Սա չի նշանակում ազգայնամոլ: Մենք ամեն կիրակի պատարագի ժամանակ Հավատո հանգանակի մեջ կրկնում ենք, որ հավատում ենք Մեկ, Ընդհանրական, Առաքելական, Սուրբ եկեղեցու: Հայ եկեղեցին չի հավակնում ինքն իրեն անվանել ԱՄԵՆԱ, ԱՄԵՆԱ ..... միակ ու բացարձակ եկեղեցին: Կարճ սահմանելու համար կարելի է ուղղակի ասել, որ մեր եկեղեցին՝ հիմնված Ս. Գրքի, Հիսուս Քրիստոսի, առաքյալների, Ընդհանրական Եկեղեցու սուրբ Հայրերի և մեր սուրբ վարդապետների քարոզության, փոխանցված հոգևոր փորձառության վրա, հայտարարում է, որ փրկության հասնելու համար վստահելի է դավանության այս ուղին, որովհետև հիմնված է մեր Տեր Հիսուս Քրիստոսի և Իր առաքյալների վրա, դարերի հազար ու մի փորձություններով անցած ու մի տեսակ կրակով թրծված ու բյուրեղացած հավատի ու դավանանքի վրա: Քրիստոս ասաց, որ հենց այդ հավատի վրա էլ պիտի հիմնի Իր եկեղիցին, և դժոխքի դռները չպիտի կարողանան հաղթահարել այն:
Ի վերջո մարդն ունի ազատ կամք, և ինքն է ընտրում, թե ինչ դավանանքի կհետևի և ինչ ճանապարհով կքայլի և երբևէ եկեղեցին չի պարտադրում իրենը:Ձեր պարագան այլ է: Այն արտասահմանի մեր հազարավոր հայրենակիցների ճակատագրի կրկնությունն է: Դուք նշում եք, որ հնարավորություն չունեք Հայ Առաքելական Եկեղեցի հաճախելու և փոխարենը բողոքական կամ կաթոլիկ եկեղեցի եք հաճախում: Եթե դուք Հայ եկեղեցում եք մկրտվել և լինելով մեր եկեղեցու հետևոր՝ ստիպված եք հաճախել այլ եկեղեցի,դա հասկանալի է այնքան ժամանակ, քանի դեռ ձեր առջև բողոքական կամ կաթոլիկ հոգևորականն ընտրության հարց չի դրել՝ Հայ եկեղեցին ընտրե՞լ, թե՞ իրենցը: Համեմատական առումով բնականաբար թե' դավանական, թե' ծիսական-արարողական իմաստով Հայ եկեղեցու առավել մոտ է կաթոլիկ եկեղեցին: