Խանդը մարդու էության անբաժանելի մասն է կազմում:
Խանդի զգացումն արտահայտվում է մարդկային փոխհարաբերությունների գրեթե բոլոր բնագավառներում, որը մի տեսակ տարիքային և սեռային խտրականություն չի տեսնում: Խանդի դրսևորումը մենք կարող ենք տեսնել մանուկների մոտ, որոնք դեռևս գիտակցություն չունեն և որևէ մեկը նրանց չի մղում, չի հուշում, չի սովորեցնում այդ զգացումը արտահայտել խոսքի կամ գործի միջոցով: Ճիշտ է, հանգամանքների սխալ ընթացքը, ոչ ճիշտ դաստիարակությունը կարող է փոքրիկի մոտ խորացնել կամ վերարթնացնել այդ զգացումը, բայց այն հիմնականում ժառանգական է:
Խանդի դրսևուրումն, ինչպես դուք նշել էիք, մենք կարող ենք տեսնել նաև ընտանիքի անդամների, ընկերային, բայց ավելի շատ այն մեզանում զույգերի փոխհարաբերությունների շրջանակում է նկատելի դառնում:
Խանդն ըստ իս մեղք չի, այլ թուլություն, որը կարող է նախանձի, չարության, սպանության, ինքնասպանության` մի խոսքով մեղքի տանել: Մենք առաքյալի խոսքի համաձայն ամեն բան աղոթքով պետք է սկսենք ու կյանքի կոչենք ` Աստծուն մեզ օգնական և ապավեն ունենալով: Մենք պետք է ձգտենք այդ զգացողությունը չառաջացնենք մեր դիմացինի` մեր ընկերոջ, մեր եղբոր կամ քրոջ, ինչպես նաև մեր սիրած էակի մոտ, նաև մենք էլ այդ զգացողությունն ունենալով, չփորձենք մեղադրել ու չարությամբ լցվենք որևէ մեկի հանդեպ, այլ փորձենք լինել ավելի շրջահայաց, խոհեմ, համբերատար ու նրբանկատ:
Թե’ ընտանիքի անդամների, թե’ ընկերային և թե սիրող զույգերի փոխհարաբերություններում կցանկանայի նշել, որ ճշմարիտ սիրո, հարգանքի, զիջողության, փոխհասկացողության, վստահության ու հավատարմության դեպքում, խանդն այնտեղ գործ ունենալ չի կարող: Կարող է այն մի պահ այցի գալ, բայց նման ամուր կամք ու պատրաստակամություն դրսևորելու դեպքում այն հաղթահարելի կլինի:
Գեղամ սարկավագ Ավետիսյան