Ռունա ջան, պիտի նախընտրեի, որ հարցերդ առանձին–առանձին տայիր։
Նախ անդրադառնամ առաջին հարցիդ.
Մեջբերածդ հատվածը (Մի՛ ոք յերախայից, մի՛ ոք ի թերահաւատից, եւ մի՛ ոք յապաշխարողաց եւ յանմաքրից մերձեսցի յաստուածային խորհուրդս) իր հատուկ նշանակությունն ունի։
«Երախայ»–ները նրանք են, ովքեր մկրտված չեն դեռ, այլ պատրաստվում են մկրտության։ Հետևաբար չմկրտվածները թող չհամարձակվեն մոտենալ աստվածային Խորհրդին, այսինքն՝ Սբ Հաղորդությանը։
«Թերահաւատ»–ները նրանք են, ովքեր իրենց հավատի մեջ թերի են, օրինակի համար նա, ում համար Հաղորդությունը խորհրդանշում է Տիրոջ մարմինն ու արյունը, և ոչ թե Տիրոջ մարմինն ու արյունն է։ Պատահաբար չէ, որ այս բառը հաջորդում է նախորդին, այսինքն՝ երախան դեռ սովորում է քրիստոնեությունը, որ մկրտվի, բայց եթե մարդը մկտրվելուց հետո իր հավատքի մեջ կայուն չէ, պետք է ամրապնդվի, ուղիղ հավատ ունենա ու առանց թերահավատության մոտենա Սբ Հաղորդությանը։
«Ապաշխարող»–ները նրանք են, ովքեր տարբեր ծանր մեղքերի պատճառով զրկված են Հաղորդություն ստանալուց, սակայն ապաշխարության որոշակի շրջանի մեջ են, որից հետո միայն կարող են Սբ Հաղորդություն ստանալ։
Չերկարացնելով ասեմ, որ բոլորս էլ մեղավոր ենք, բայց դա չի նշանակում, որ ամեն մի մեղավոր մարդ չի կարող Սբ Հաղորդություն ստանալ, այլապես ոչ ոք չի հաղորդվի, այլ նրանք, որոնց համար որ նշվեց։
Հաղորդությանը երկյուղածությամբ պետք է մոտենալ, և ոչ թե անտարբերությամբ կամ ըստ սովորության և այլն։
Երկյուղածությունը երբեմն կարող է մեզ հեռացնել Հաղորդությունից, այսինքն՝ կարող է պատճառ լինի, որ հազվադեպորեն մոտենանք այդ Մեծ Սրբությանը, հետևաբար չպետք է մոռանանք, որ Այն Դեղ է՝ մեղավոր մարդու բժշկության համար։
Ուստի, եթե թվարկվածների մեջ չենք, ապա պետք է գիտակցենք սեփական մեղավորությունը և մոտենանք սրբագործման։