«ՄԻՏՔ» ակումբ > Մրցութային թեմաներ

Իմ հոգում՝ հավատք

(1/1)

arphi:
Իմ հոգում հավատք
Հավատքն առ Աստված, ըստ իս, լինում է տարբեր, լինում խորը և հպանցիկ, լինում հաստատուն և անկայուն, որովհետև տարբեր կերպ են մարդիկ ընկալում Աստծուն: Բայց ես ուզում եմ խոսել իմ հավատքի մասին:
Կարծում եմ այն մանանեխի հատիկից էլ փոքր է, բայց եթե իմ այդ փոքր հավատով որևէ գործ եմ ձեռնարկում, բարին է լինում: Հավատն իմ հոգում զորություն է գործելու բարին, եթե անգամ այն այդ պահին դժվար է և մարդկային իմ կամքին անցանկալի: Հավատն իմ հուգում մի ներքին ուժ է, որի շնորհիվ դիմադրում եմ չարը ու չեմ հուսահատվում: Ի հարկե, լինում են անկումի պահեր, քանի որ մարդկային կյանքը լի է փորձություններով, բայց գիտակցում եմ, որ հավատն պետք է պահել, չհեռանալ Աստծուց, և Նա ապավեն կլինի:
Հավատն իմ հոգում զգացմունքն է, բայց ոչ միայն. այն նաև գիտակցություն է, բանականություն: Հավատն իմ հոգում գիտակցումն է, զգացումը, որ կա Աստված, որ ես մենակ չեմ, որ եթե աշխարրհն էլ ինձ լքի ու չսիրի, Աստված ինձ հետ է, եթե ես իրենից չհեռանամ: Հավատալով Աստծուն` գիտեմ, որ ոչ մի մարդ աննպատակ չի ծնվում: Եթե անկեղծ խոստովանեմ, իմ կյանքում շատուշատ պարագաներ, իմ անձն բնութագրող շատ հատկանիշներ կուզեի, որ այլ կերպ լինեին, և տարիներ առաջ, երբ մեղադրեցի Աստծուն ու Նրանից ավելին պահանջեցի և սկսեցի ակնկալել հրաշքներ,  միայն մի պատասխան ստացա, բայց շատ հստակ ու իմաստալի` Աստված ոչ մի մարդու յուր ուժերից ավելի ծանր խաչ չի տալիս. հասկացա, որ ես իմ ուղին ունեմ, որ Աստված աննպատակ չի ստեղծում ոչ մեկիս, մնում է միայն, որ մեր սեփական կամքն Աստծո կամքի հետ մեկ դարձնենք, որը թերևս ամենից դժվարն է:
Հավատն իմ հոգում` հույս է իմ հոգում: Հավատքից է ծնվում հույսը, որ ամենը լավ պիտի լինի, որովհետև բարի է կամքն Աստծո: Կարծում եմ եզակի չեմ, որ հաճախ փորձությունների ու ձախորդությունների եմ հանդիպում, բայց աշխատում եմ երբեք հուսահատության մեջ չընկնել, այլապես կկոտրվեմ, այլ ապրում եմ հույսով:
Հավատն իմ հոգում` սեր է իմ հոգում: Գիտեմ, որ Սեր է Աստված, ուզում եմ, որ այդպես լինի, ուզում եմ հավատալ, որ Աստված սիրում է բոլորիս: Եվ երբ այդպես եմ մտածում, ես, անկախ իմ կամքից, լցվում եմ սիրով այլոց հանդեպ: Հավատն ու հույսն ամբողջանում են սիրով: Եվ այս երեքի միասնությունից էլ ծնվում է Լույսը:
Այսքանն իմ փոքր հավատքի մասին:

Տ. Տաթև քհն.:
      Հոգիս նման է մի ծառի, որի կենտրոնում աճել է հավատքի ծառը

  Պարարտ հողում աճած բազմաթիվ ծաղիկների երփներանգ ալիքները մերթընդմերթ փոխում են իրենց ուղղությունը` ենթարկվելով տարբեր կողմերից փչող քամիներին: Ծաղիկներից պոկված թերթիկներն օդում զուգապար բռնեցին այգու կենտրոնում աճած ծառից բաժանվող տերևների հետ և օրորվելով համբուրեցին թաց հողը: Ուր որ է այգին պիտի ամայանա... Ահա և հետզհետե մեծացող ձյան փաթիլները, որոնցից գոյացող Սառնաշունչ շերտը կծածկի ողջ այգին երկնքի ջերմ ու շոյող հայացքից:
   Սակայն փոքրիկ այդ ծառն իր համարձակ ու ճկուն ճյուղերի վերխոյացումով դեռևս մատնանշում է այգու գոյությունը, հրավիրում է իրենից հեռացող արևին նորից ջերմացնել այգին ու կենդանության շունչ պարգևել նրա բնակիչներին...

Hasik:

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

01.10.2007թ.

Ես անպայման ուզում եմ թղթին հանձնել իմ նախորդ օրվա տպավորություններն ու զգացումները, որ հետո, երբ կարդամ դրանք, անպայման կրկին ու կրկին վերապրեմ այն անսպասելին, որ ունեցա այդ պահերին, այն մեծ հոգևոր ուժը, որ ծնվեց իմ մեջ: Ամբողջ ճանապարհը լի էր Սուրբ Հոգով, միայն մնում էր, որ ով ականջ ուներ, լսեր և ով աչք ուներ ուներ, տեսներ:
Նորավանքն ուղղակի հրաշք է…
Այդ անձեռակերտ ժայռերը, այդ կապույտ, լազուր երկինքը կարող էին վկայել  միայն մեկ բանի մասին, որ Աստված կատարյալ է, ինչպես նաև Նրա կողմից ստեղծված ամեն մի բան` սկսած ավազի հատիկից մինչև այս անխոս, սակայն միևնույն ժամանակ խոսուն ժայռերը, այդ թվում` Նորավանքի եկեղեցական համալիրը: Միայն թե մարդը, որ ստեղծված լինելով Աստծո կերպարով և նույնպես կատարյալ լինելով, աղավաղեց ոչ միայն իր էությունը, այլև ողջ բնությունը: Բայց, կարծես թե, նրա ձեռքը չի դիպել այս գեղեցիկին, այլ ընդհակառակը` նա այդ քարերը քանդակելով ու փորագրելով` ստեղծել է այս անձեռակերտ գեղեցկուհուն` Նորավանքը:
Ես երբեք չեմ մոռանա այն րոպեները, որ փառաբանում էինք Բարձրյալին անկեղծ սրտով ու հոգով, մեր աղոթքներն ու աղերսանքները հղում առ Աստված: Կարծես թե բնությունը նույնպես միացել էր մեր աղոթքին, գոհությանն ու փառաբանությանը, ծիտիկները` իրենց ծլվլոցով, քամին իր սվսվոցով: Միայն ափսոս, որ զանգակատան  զանգը չէր ղողանջում, սակայն այն ղողանջում էր մեր սրտերում ու հոգիներում:
Ես իմ աղոթքներում խնդրում էի ներել այն մարդկանց, ովքեր չեն հասկանում և չեն էլ ուզում հասկանալ, որ գտնվում են Աստծո տանը ու անընդհատ աղմկում էին: Միգուցե ես շատ խիստ եմ նրանց դատում, չ±է որ նրանց տարիքում ես էլ այդպիսին էի, չէի հասկանում, թե ո±վ ես դու ՏԵՐ:
Իսկ հիմա±:
Հիմա եթե անգամ չեմ ճանաչում Աստծուն, ապա գոնե փնտրում եմ ու փորձում ճանաչել կենդանի ու ողորմած, ամենակարող Տիրոջը, այլ ոչ թե մի թվացյալ կերպարի` ստեղծված մեր` մեղավորներիս կողմից ու մեր նմանությամբ:
Ո’չ, ես գիտեմ, որ ինչպիսին, որ մարդ-արարածն է, ապա ճիշտ հակառակը` Աստված-Արարիչն է: Արարիչ և արարած, այս երկու բառերն արդեն իսկ ցույց են տալիս դրանց միջև առկա հսկայական անդունդը, որը լի է մեղքերով, իսկ այս ամենի պատճառը միայն մարդն է` իր չարությամբ ու ճղճիմությամբ:
Հասկանալով իր մեղավոր ու չար բնույթը` մարդը փորձել է ապաշխարհել Տիրոջ առջև ու որպես դրա ապացույց` կառուցել վանքեր, եկեղեցիներ ու մենաստաններ` Բարձրյալին փառաբանություն ու գոհություն հայտնելու համար:  Իսկ նրանք, ովքեր ամբողջությամբ փորձել են հրաժարվել աշխարհիկ կյանքից, հեռացել են անծայրածիր անապատներ ու տարիներով ապրել այդպես` հաղորդակցելով միայն ու միայն իրենց Արարչի հետ:
Նորավանքը ևս Աստծո նկատմամբ մեծ սիրո ու հավատքի վառ ապացույցներից մեկն է, քանի որ միայն հաստատուն և կայուն հավատքով, Աստծո օգնությամբ ու աջակցությամբ մարդ կարող էր աշխարհից կտրված ու գողտրիկ վայրում, ժայռերի մեջ կերտել այդ հրաշքը: Մեծ ջանքերի շնորհիվ այն դարձել է հոգևոր մշակույթի կենտրոններից մեկը, որը նպաստել է Աստված-մարդ կապի ուժեղացմանը, ինչը անտանելի է սատանայի համար: Իսկ քանի որ չարը չի կարող որևէ վնաս պատճառել Տիրոջը, այդ պատճառով փորձում է իր չար մտքերը իրագործել Աստծո կողմից ստեղծված բարիքների նկատմամբ` 1804թ. ահեղ երկրաշարժով ավերելով Նորավանքի եկեղեցական համալիրի մեծ մասը: Բայց մարդը, Հոբի օրինակով, զինվելով  համբերությամբ` վերակառուցել ու ամրացրել է այն` դրանով իսկ փորձելով ապացուցել, որ եթե Աստված ինձ հետ է, ապա էլ ինչից մարդ պետք է վախենա, այլ ընդհակառակը` նոր ուժ հավաքելով` ավելի է կատարելագործել այն` ցույց տալով Տիրոջ անսասան զորությունը:
Երանի նրան, ով գոնե մեկ օր ու ողջ գիշեր կանցկացնի Նորավանքի պատերի ու բաց երկնքի տակ: Ուրեմն հազար երանի Նորավանքի քահանային, որը կարծես թե այդ անխոս ժայռերի մեջ ապրելով` ավելի է մոտեցել Աստծուն` ճանաչելով նրա գործերն ու կամքը: Ես երբեք չեմ մոռանա այդ օրվա իմ հաղորդությունը և քահանայի խորհուրդները` ուղղված ուխտավորներիս, ովքեր եկել էին այդտեղ փնտրելու և գտնելու իրենց հուզող ու անհանգստացնող հարցերի պատասխանները:
-Եղեք խաղաղ, լարված չլինեք, հակառակ դեպքում կմատնվեք խայտառակ պարտության,- ասում էին քահանայի բարի ու խոնարհ աչքերը. կարծես թե նրա շուրթերի փոխարեն նրա հոգուց բխեին այդ բառերը:
-Մի փորձեք իրար ապացուցել, որ դուք ավելի մեծ եք ու հաստատուն հավատքի մեջ, քան մյուսները. դա մեծ սխալ է:
-Թող Աստված արժանի համարի ձեզ իր շնորհներով ու Տիրոջ խաչը պահապան լինի ձեզ բոլորիդ, թող ընդունելի լինի ձեր ուխտը:
-Ես զգացի ձեր անկեղծ աղոթքի զորությունը, իրապես զգացի:
-Հավատքը տխրություն չէ, այլ ուրախություն և ցնծություն, ուրեմն ուրախացեք, որ արժանացել եք դրան:
Այստեղ տեղին է հիշել երանելիների  շարքից, որ երանի հոգով աղքատներին:
Նորավանքից հեռացանք հոգեպես հարուստ ու զինված` միայն թե դա չդառնա մեր կյանքի գրքի հերթական էջը, որը թերթվում է, անցնում անցյալի անհունություն ու մոռացվում:
Ո’չ, այն պետք է լինի մեր կյանքի մշտական ուղեկիցը, որ մեզ միշտ հիշեցնի ու սթափեցնի Աստծո սիրո ու դատաստանի մասին:
Միշտ պետք է արթուն մնանք, որպեսզի մեր հոգիները չենթարկվեն փորձությունների:

Mard:
  

                                                           Գանձը


     Մարդ ծարավում է և նոր սկսում  ջուր փնտրել, այնինչ ջուրը մինչև ծարավելը և նույնիսկ մինչև մարդու ստեղծվելը  կար: Այդպես էլ հավատում ենք: Հավատում ենք, երբ հավատալու ծարավն ենք զգում, սակայն  Հավատքը ի վերուստ կա: Այն Աստծո Հավատքն է` ուղղված մարդուն:
Աստված միշտ է հավատում մարդուն` նրան ստեղծելիս, նրա համար խաչվելիս ու հարություն առնելիս, սկզբից մինչև հավիտյաններ հավատում է մարդուն, այլապես մեր  հավատքը առ Աստված անհնար է  ու անիմաստ: Կատարյալ է փոխադարձ հավատքը և սրա համար անհրաժշտ է, որ մարդն էլ հավատա Աստծուն , այնպես, ինչպես Նա է իրեն Հավատում:
     ...Բայց, որպեսզի նախաբանս չվերածվի բազմաբառ իմաստասիրության , ավելի լավ է սկսեմ բուն պատմությունը, որը տեղի է ունեցել անցյալ դարի վերջին տասնամյակում` այն ցուրտ ու մութ ձմեռներից մեկի ժամանակ:
                                                          ***
     Փետրվարի վեջն էր, մոտենում էր գարունը: Ինչ- որ առիթով պիտի հավաքույթ լիներ հորական պապիս-տատիս տանը: Տունն էլ Սայաթ-Նովայի, նախկինում Լերմոնտովի փողոցի վերջում էր` էն  «մուրճ ու մանգաղի» խաչմերուկում:
     Ես ու մայրս, նախապես պատրաստած ուտեստները պիտի հասցնեինք հավաքույթին: Որոշեցինք մետրոյով գնալ:
      ... Հիմա եմ հասկանում, թե մեր ծնողները ին՜չ քաջագործություններով էին ընտանիքը պահում...
     Ոտքով հասանք Բարեկամություն  մետրոյի գետնացումին ու իջնելիս տեսա էն, ինչի համար Էս ամենը գրում եմ:  Մանուշակներ: Աշխարհի ամենմեծ գանձը այդ պահին մանուշակներն էին  ու դրանց անուշ բուրմունքը: Էնքան անուշ էին. արդեն ջերմացած հողի հոտն ու համն էր գալիս: Ինչպես աքաղաղը,  դեռ արև չտեսած լուսաբացն է կանչում, էնպես էլ մանուշակ ու ձնծաղիկ Գարունն են դիմավորում :
Էլ ինչ երկարացնեմ, մորս դիմեցի.
_Կառնե՞ս...
Ասացի ու հասկացա, որ պետք չէր ուզել: Մայրս բացատրեց, թե ինչու չենք կարող գնել, ես ընդունեցի, բայց խնդրեցի, որ ետ դառնանք նույն տեղով:
 _Ինչու՞_հարցրեց մայրս ու սկսեց նորից բացատրել, թե ինչու չի կարող... Ես ընդհատեցի ու ասացի.
_ Կարող է էնպես լինի, որ  օրվա վերջում ծաղկավաճառը չնկատի ու մի փունջ թողած լինի: Երեկոյան նույն տեղով գանք, վերցնենք:
Էնպես վստահ ասացի ու առանց կասկածելու, որ մայրս էլ բան չասաց:
     Գնացինք հավաքույթի, բայց ուշք ու միտս էն մանուշակներին հասնելն էր: Սպասում էի անհամբեր, անհանգստանալով, թե հանկարծ մեկը չվերցնի մեր մանուշակը:
     Երեկույթը մոտեցավ ավարտին , հյուրերին ճանապարհեցինք և վերջապես մենք պիտի գնանք տուն: Հայրիկս ասում էր ավտոբուսով գնանք: Ես վրդովված մորս դիմեցի.
_Դու խոստացե՛լ էիր…
_ին՞չ էիր խոստացել,_հայս հարցրեց մորս:
_Մանուշակ է ուզում…
_ Մանուշա՞կ : Ին՞չ մանուշակ էս կեսգիշերին:
_Այսօր ճանապարհին տեսանք, խնրեց, որ նույն տեղով գնանք, կարող է մնացած լինի..._  Բացատրում էր մայրս:
_Էս ժամին բան մնացած չի լինի, անուշ ջան._Ասաց հայրս:
_Չէ՛… գնանք մետրոյով._պնդեցի ես:
Հայրս լռեց: Գնացինք մետրոյով:
Մոտենում էինք  այն տեղին, քայլերս արագացրեցի, արդեն վազում էի: Ցույց տվեցի էն տեղը ուր ծաղկավաճառն էր կանգնած.
_ Է՜ն է, էստե՛ղ էր._ Ասացի ու տեսա իմ մանուշակը, չնայած որ մութ էր ու գրեթե բան չէր երևում:
_Գործ չունե´ս, ձեռք չտա´ս  աղբ կլինի, մի´ վազիր._վրդովված ասաց հայրիկս:
Արագորեն նետվեցի, համարձակորեն ձեռքս մեկնեցի  և վերցրեցի իմ անուշիկ ու քաղցրիկ մանուշակները:
    Ծնողներս ամբողջ ճանապար զարմանքից լուռ էին ` ուրախացած , թե՞ հուզված, իսկ ես` երջանիկ:


                                                                     ***
     Ա՜յ թե լավ կլիներ, եթե այժմյան ուզածներս էլ մանուշակի պես պարզ ու անուշ լինեն, Հավատքս էլ` միամիտ, առանց կասկածի:


                                                                                                                             

Masnaget:
Իմ հոգում` հավատք

Մանկան անմեղ մի հայացք
Ու գիշերվա  լռություն
Երազում  ինձ այցելում
Միտքս պարզել էին ուզում.

Արթնանալիս ամեն օր
Հարց էի տալիս շփոթված`
Ի՞նչ  էր արդյոք այդ մոլոր
Խորհուրդն ինձնից թաքցրած:

Տեսնում էի ես և մի լույս`
Ամպերի մեջ, շղարշված,
Գիրք էի տեսնում և մի սուր`
Շեղբը փայլուն ու պատրաստ:

Ջանացի ու փնտրեցի,
Հարցրի ու կարդացի,
Բայց չգտա ես ոչինչ,
Մինչև դարձի ես չեկա:

Սուրբ Գիրքը ես կարդացի,
Սրտիս դուռը բացեցի,
Տեսա`Տերը կանգնել էր
Ու կամացուկ բախում էր:

Մեղքս անհուն մի ծով էր,
Սիրտս տկար ու սով էր,
Միտքս անկապ ու չոր էր,
Բայց դիմացս իմ Տերն էր:

Տերը` բարի, սիրապանծ,
Տերը` անհուն ու գթած,
Ողորմություն ինձ արեց
Ու շուտ Իր մոտ Նա կանչեց:

Նա է միտքը ստեղծել,
Մարդուն Իր շունչը տվել,
Ամենայնիվ նորոգել,
Ազատ կամքը նվիրել:

<<Սերը` որպես նյութեղեն,
Հույսը` որպես ոգեղեն,
Լծված են մեր հավատքին.
Բացում են գիրն անմեկին.
Թե կուզես դու ճիշտ ապրել,
Արքայություն դու մտնել,
Արա՜  մարդուն երջանիկ,
Բայց այդ մասին դու լռիր:

Կտրի՜ր ձայնը դու չարի
Հպարտության, նախանձի,
Որ ուրիշը չտեսնի
Ըստ կանոնի այն Ոսկի:

Արդ հետևի՜ր դու Խոսքին,
Հավատա դու Գրվածքին>>,-
Ասում էր ինձ իմ սիրտը
Փառաբանում Տիրոջը:

Տերը խոսեց և ինձ հետ,
Իմաստնություն պարգևեց,
Իմ մտքերը Նա  հղկեց,
Իսկ հավատքը ինձ թողեց:

Այն հայացքն ու լուռ պահը
Իմ հոգեկան աշխարհի,
Լույսը` բարու ու լավի,
Գիրքը` գործի ու կյանքի,
Նշանակն էին անմեկին,
Շեղբը` Խոսքի ճշտության:
Հավատքը իմ կչափվի
Մինչ կհասնեմ ես մահվան:























Navigation

[0] Message Index

Go to full version