Ողջույն. այստեղ կլինեն իմ ողջույնի, ինչպես նաև ցտեսության խոսքերը: Հույս ունեմ` իմ առաքելությունը պատվով կկատարեմ և ֆորումից կհեռանամ լավ տպավորություններով:
Սպասեցեք իմ խոստովանություններին...
Առաջին խոստովանությունը
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԼՈՒՍԱՄՈՒՏ
Ասեմ, որ ես նոր մարդ չեմ համակարգչային, համացանցային և ֆորումային կյանքում: Շատ ֆորումների եմ մասնակցել, ուսումնասիրել շատ մարդկանց միաժամանակ և՛ իրական կյանքում, և՛ վիրտուալ աշխարհում:
Այդ ընթացքում ես հասկացել եմ, որ շատ մարդիկ համացանցը դիտում են իբրև անլուրջ միջոց` հատկապես անանուն կերպով միմյանց վիրավորելու, վիրուսներ տարածելու և այն նենգավոր նպատակների համար: Իհարկե, մեծ թիվ են կազմում նաև ուսուցողական, քարոզչական-կրթական հատվածները, որոնք որոշակի լրամշակումներից հետո իսկապես իրենց բուն նպատակին են ծառայում:
Նկատելի է, որ համացանց ասվածը երբեմն հավակնություններ է դրսևորում` փոխարինելու իրական կյանքին, սակայն համաձայնվեք, որ դա անհնար բան կլինի: Չէ՞ որ մարդը հասարակական էակ է, և նա զգացմունքային ու նյութական շփման կարիք է զգում:
Հայաստանյան պայմաններում համացանցը նոր է կյանք ստանում` համեմատած համակարգչային գերտերությունների հետ: Իսկ նոր կազմավորվող ամեն ինչ փխրուն է, դյուրաբեկ. Հայաստանում հարկավոր է ավելի ակտիվ լինել` զարգացնելու և ամրապնդելու ինտերնետային կյանքը:
Գովելի է Լուսամուտը, այն իսկապես տալու և առնելու մի եզակի միջոց է: Հավանել եմ այս նախաձեռնությունը: Այն մի քանի նպատակներ է իրագործում` քրիստոնեական կրթություն, քարոզչություն, նրբորեն հարստացնում է երեխաների գիտելիքները` <Միտք> ակումբի միջոցով: Այլև իրագործում է գրական-ստեղծագործական գործունեություն (մրցույթները): Հաճելի է, երբ նույնիսկ ժամերով կարդում ես քրիստոնեական գրականությունը, լուրերը Լուսամուտից:
Ի՞նչ է պակասում Լուսամուտին: Սա այն հարցն էր, որ տվեցի ինքս ինձ, երբ առաջին անգամ թակեցի լուսամուտի փեղկերը: Գուցե հումո՞ր... Այդպես ստեղծվեց Թեյասրահ Ա/Ձ-ն, որը հետագայում վերածվեց ՊՈԱԿ-ի. Ուրախ է այնտեղ: Գուցե և փոքր քայլերով, բայց ձևավորվում է թեյասերների բանակը, որը, խոստովանեմ, լավ մթնոլորտ է ապահովում : Հույս ունեմ, որ կակտիվանա ֆորումի կյանքը, և ես իմ առաքելությունը կատարած կհեռանամ ֆորումից: Թույլ տվեք այսքանով ավարտել իմ առաջին խոստովանությունը, իսկ հաջորդիվ կիմանաք, թե Մասնագետը որքա՛ն կարող է մնալ Լուսամուտի ֆորումում: