Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Եկեղեցական արարողություններ => Topic started by: Mariam on June 19, 2005, 09:07:06 AM

Title: Ծածուկ աղոթք
Post by: Mariam on June 19, 2005, 09:07:06 AM
Երեկոյան ժամերգության ժամանակ, մինչ սարկավագն շատ բարձր ձայնով մի շարական էր երգում, քահանաները շատ ցածր ձայնով մի աղոթք կարդացին, որը երևի պետք էր մնար «ծածուկ»: Այս աղոթքն ի՞նչ օգուտ բերեց մնացյալ հավատացյալներին, չեմ հարցրել, բայց ինձ դառն եղավ: Չհասկանալը տգիտություն է, որը դատապարտելի է ու դատապարտված աստվածաշունչի մեջ:
Ինձ թվում է այն ատեն եկեղեցին մեղանչում է քրիստոնյա իր զավակի դեմ, ու թերագնահատում է հավատացյալի մտավորական ընդունակությունների դերն իր հավատը կերտելու գործում: 
Ե՞րբ է հաստատվել «ծածուկ» աղոթքների սովորությունը: Աստվածային ճշմարտությունը «աստիճանավո՞ր» է ու աշխարհականի իր լրիվությամբ անհասանելի՞:
Ձեր բոլորիդ կարծիքն իմանալն ու աղոթքի ձեր անձնական փորձառության վկայությունն ինձ մեծապես օգտակար կլինեին:
Title: Re: Ծածուկ աղոթք
Post by: Abegha on June 19, 2005, 09:10:57 PM
Մարիամ, ես չգիտեմ ժամերգության կոնկրետ որ պահի մասին է խոսքդ, բայց իրոք եկեղեցական արարողությունների ժամանակ կան ծածուկ աղոթքների պահեր։Բայց սա չի նշանակում, որ հավատացյալը դուրս է մղվում եկեղեցու արարողական–աղոթական կյանքում իր անմիջական մասնակցությունից։
Եկեղեցին նման է նավի, որտեղ ամեն մի նավաստի իր պարտականությունն ունի, հետևաբար պարզ նավաստին չի կարող նավապետի նման հրամաններ տալ, ինչպես նաև չեն կարող բոլոր նավաստիները նավապետ լինել, հետևաբար, որպեսզի նավն անվտանգ ընթանա, յուրաքանչյուրը պետք է կատարի իր պարտականությունը։Այսպես նաև եկեղեցում՝ քահանան իր պարտականությունն է կատարում, սարկավագն՝ իր, հավատացյալն էլ՝ իր։Օրինակ Պատարագի ժամանակ հացն ու գինին օրհնելու՝ սրբագործման ընթացքում, քահանան հատուկ ծածուկ աղոթքներ է կարդում։Պարզ հավատացյալը չի կարող այս աղոթքներն ասել, որովհետև չի կարող օրհնել հացն ու գինին։Ուստի այս ընթացքում հավատացյալը դպրաց դասի հետ պետք է աղոթի և ոչ թե քահանայի հետ ծածուկ աղոթքներն ասի։Այս պարագայում օրինակ քահանայի ծածուկ աղոթքները հավատացյալի համար այն օգտակարությունն ունեն, որ սրբագործվում է հացն ու գինին, որը արվում է բոլոր եկեղեցում գտնվողների համար։Կամ օրինակ, երբ մարդիկ խնդրում են պատարագի ընթացքում հիշել որոշ մարդկանց անուններ։Սրանք ևս պատարագչի կողմից ընթերցված ծածուկ աղոթքներ են, որ արվում է որոշ հավատացյալների համար։Պատարագի ընթացքում այլ ծածուկ աղոթքներով պատարագիչը հայցում է Աստծուց, որպեսզի կարողանա մոտենալ և իր ձեռքերի մեջ վերցնի հաղորդության հացն ու գինին։Սրանք օրինակ աղոթքներ են, որ հավատացյալներին չեն վերաբերում։Հեռևաբար մինչդեռ պատարագիչն աղոթում է իր համար, հավատացյալներն այլ աղոթքներով աղոթում են պատարագչի համար։Այսինքն՝ որոշ պահերի նույնիսկ պարտավոր ենք տարբեր աղոթքներ ընթերցել։ 

Նման բան գոյություն չունի, որ եկեղեցին թերագնահատի իր հավատացյալի ունակությունները։

Quote from: Mariam on June 19, 2005, 09:07:06 AM
Աստվածային ճշմարտությունը «աստիճանավո՞ր» է ու աշխարհականի իր լրիվությամբ անհասանելի՞:
Աստված բոլորիս է աստիճանաբար հայտնում իր ճշմարտությունը։Մենք նման ենք մանուկների, որոնք դեռ կաթի կարիք ունեն։Աստված Իր ճշմարտությունը կաթի պես է մատուցում մեզ։
Title: Re: Ծածուկ աղոթք
Post by: Mariam on June 19, 2005, 11:02:02 PM
Հայր սուրբ,
Խոսքս վերաբերում էր նախ երեկվա' Սուրբ Աստվածածնին այս տոնի առիթով կատարված ծածուկ աղոթքին, որ անսովոր է ժամերգության ատեն: Ենթադրում եմ որ սուրբի մը կողմից գրված էր ու հավանաբար շատ «գեղեցիկ» էր լինելու, այսինքն Սուրբ Հոգուց ներշնչված ու պարունակում էր հավատի համար շատ օգտակար ճշմարտություններ: Անկասկած' մեզ ,ըստ մեր արժանվույն, կպարգևր նույն սուրբի հավատն ու աղոթքը կիսելու ուրախությունը:Ու կհարստացնէր Սուրբ Մարիամ Աստվածածնի հանդեպ մեր ունեցած սերը: Չգիտեմ, որովհետև որոշվել է թե մեզ հարկավոր չէ գիտնալը, այլ միմիայն լռելյան հնազանդվելը: Քահանա'ն է աղոթում: Սարկավա'գն է երգում: Երևի դա բավական է որպեսզի ամբողջ համայնքը դեպի սրբություն առաջանա:
Ավելացնեմ որ լրիվ չեմ հասկացել, չեմ կարողացել ըմբռնել սարկավագի երգված շարականի կամ հոգևոր երգի իմաստը: Ու չվշտանալու համար հոգով մասնակցել եմ նորից իմ գիտցած «սրտի աղոթքով» այսինքն ուղղափառների կողմից նաև անվանված «Հիսուսի աղոթքով»:
Հայր սուրբ, ինչ վերաբերում է պատարագի, ասեմ որ անկարելի է աղոթել դպրապետի երգված մեղեդիով, երբ լրիվ բառերը չենք հասկանում, երբ լավ արտասանված չեն, որովհետև այդ պահին նրա երաժշտական գեղեցկությունն է առաջնահերդթ երգչի համար: Ու ցավոք սրտի, այդ երգերի բովանդակությունը չեն կարող մրցել Գրիգոր Նարեկացու կամ Հովհան Ոսկեբերանի աղոթքների հետ: Սրանք ծածուկ չեն, ամենքս կարող ենք կարդալ, հրատարակված աղոթագրքեր են: Դա չի նշանակում որ քահանայի «դերն» ենք կարդում ու նրանց աղոթքներով աղոթում: Բայց ինձ անհրաժեշտ է այս պահին գիտենալ թե քահանաները, որոնք ամբողջ համայնքի համար են կատարում այս պատարագն ու պատարագի այս աղոթքով աղոթում, ի'նչ են ասում ՄԵՐ բոլորիս Տիրոջը , Համայնքի ու ԱՄԲՈՂՋ  ԱՇԽԱՐՀԻ համար, մեր և իմ անունով: Այս պահին ու նաև ժամերգության ատեն, քահանան մենակ չէ Տիրոջ առաջ ու Իր համար չի աղոթում միայն: Այս ծառայությո՛ւն է ստացել ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ համար: Նշանակվել է Քահանա ոչ թե որպեսզի լրիվ ճշմարտության մենաշնորհը ունենա, այլ որպեսզի բոլորիս հասցնի նույն այս ճշմարտության քողազերծմանը: Աստիճանաբար ենք ճշմարտությանը մոտենում, բայց ոչ ըստ մեր կարգի, այլ մանավանդ ըստ մեր հավատարմության ու սրբության: Բայց պետք է ձգտենք առավելագույն չափով մոտենալ ճշմարտությանը ու սրբությանը: Ու այդ նպատակին մեծ օգնական է հանդիսանում իմացությունը:
Ինձ պատահել է Սուրբ Խորանի առջև կանգնած քահանայի աղոթքով աղոթել, տանս մեջ, վերոնշյալ աղոթագրքերով, բայց դա անում եմ ոչ թե ինձ, այլ իմ բարեկամ քահանաների անունով ու նրանց համար: Բայց ինչպես Ձեզ բացատրել թե պատարագի ատեն ինչո՞ւ է օգտակար իմանալ թե երբ է քահանան Աստծուց խնդրում որ «այս հացն ու գինին օրհնելով, ճշմարտապես դարձնես մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը, փոխարկելով Քո Սուրբ Հոգով»:- Դժբախտաբար, այն ատեն, ժողովուրդը, որ ծունկի էր, ոտքի է կանգնում ու չի իմանում թե նույն սրբությամբ հարկավոր էր աղոթել հենց այս պահին:- Այս աղոթքները կարդալիս, որ չի նշանակում քահանայի դերը «խաղալ», իմ հավատս ամրապնդվում է: Գիտենալով թե ի'նչ է կատարվում խորանի շուրջ,իմ եղբայրների կողմից, այսինքն քահանաների կողմից, ում տրված է Աստուծո առաջ Մեզ ներկայացնելու մենաշնորհը, ոչ թե ատելի նախանձով եմ լցված, ոչ թե նրանց անարգում եմ, այլ հասկանում կատարվածի լրջությունը ու խորությունը ու ցանկանում եմ միայն որ նրանք- ու նաև այն քահանաները որոնք կյանքի պարտադրանքների պատճառով հեռացված են ժամանակավոր կերպով Սուրբ Խորանից- սրբությամբ կանգնեն Աստուծո առաջ, Սուրբ Խորհուրդը կատարեն, ու ստանան Սուրբ Հոգու բոլոր շնորհները հավատարմորեն կատարելու համար իրենց սուրբ ծառայությունը ամբողջ ժողովրդի բարորության համար:
Նավաստի եմ Եկեղեցում, բայց կուրորեն չեմ ցանկանում հնազանդվել նավապետների նավավարությանը: Եթե ամեն հրամանի բուն էության տեղյակ պահվեմ, ամենեն կարգապահ նավաստի  կլինեմ անպայման: Մեր արժանապատվությունն ունենք: 
Title: Re: Ծածուկ աղոթք
Post by: Abegha on June 20, 2005, 09:39:02 PM
Մայր Աթոռում մի այսպիսի սովորություն կար վերջերս. որպեսզի արարողությունների ժամանակ սաղմոսները չկրճատվեին, շարականի երգեցողության ընթացքում երկու դպիրներ շատ ցածրաձայն շարունակում էին ընթերցել սաղմոսները, բայց այս ընթերցումները շարականների երգեցողության պատճառով լսելի չէին հավատացյալներին։Ինչպես դու ես ասում, կարծես ծածուկ է ստացվում։Նույնը կարելի է ասել պատարագի համար. մինչ դպրաց դասը երգում է, պատարագիչը այլ աղոթքներ է ընթերցում։Կա նաև մեկ այլ գրքույկ, այլ աղոթքներով, որով հավատացյալը պատարագին կարող է ընթերցել այդտեղ տեղ գտած աղոթքները, այսինքն՝ պատարագի յուրաքանչյուր պահի համար, բացատրություններով։Կարծում եմ քեզ համար հրաշալի լուծում կլինի այդ աղոթագիրքը։Այս պարագայում հավատացյալը կարող է ընտրել իր համար՝ կամ երգել դպրաց դասի հետ (չէ որ դա էլ աղոթք է) կամ ընթերցել այդ աղոթագրքում եղած աղոթքները։
Ափսոսում եմ, որ ձեր երգեցիկ խմբին չես կարողանում միանալ։
Ինչ վերաբերում է պատարագին, օրինակ երբ քահանան ասում է. «Եւ զմեզ անդատապարտ պահեա ի քահանայագործութիւն ... » կամ «արժանի արա տալ ...» և այլն, ախր հավատացյալը չի կարող ասել, որովհետև քահանա չէ։Եթե պատարագամատույցը հրատարակված է, չի նշանակում, որ հավատացյալը կարող է պատարագ մատուցել։
Եվ հետո ծիսական բոլոր գրքերը հրատարակված են և մեր շատ սիրելի նավաստին կարող է հանգիստ տեղյակ լինել նավավարների հրամաններից  21:)
Title: Re: Ծածուկ աղոթք
Post by: Mariam on June 21, 2005, 11:10:45 AM
Կաթոլիկ եկեղեցում, ամբողջ պատարագի բոլոր աղոթքները լսելի են բոլորի կողմից, ու աս չի նշանակաում բոլորը աղոթելիս քահանա են իրենք իրենց կարծում:
Շատ կցանկանայի որ քահանայի բոլոր աղոթքները լսելի լինեին, որովհետև մեր սրտերի համար քաղցր ու սննդատու են:
Սփյուռքում տարածված է գոնե իմ կողմից այսպես դատված' անբաղձալի երևույթ մը. պատարագի ընթացքին սարկավագների արտասանած մի քանի աղոթքները ընդհատված են դպիրների կողմից: Բայց նույնիսկ նրանց վերջը լռելեայն չի ասվում:
«Եվ ևս հավատով և սրբությամբ կացցուք յաղոթս առաջի սեղանույն Աստուծո ահիվ: Մի խղճիվ և գայթակղությամբ, մի նենգությամբ և...
- Կեցո, Տէր, և ողորմեա»
Սարկավագը կիսատ թողում է աղոթքն ուՔահանայի աղոթքն է սկսվում : Սարկավագը չի վերջանցում, նույնիսկ լռելեայն:
Հավատացյալի մոտ, գոնե իմ մոտ, շփոթություն էր առաջանում: Շարունակեի՞ սարկավագի կիսատ թողնված աղոթքը թե դպիրների հետ սկսեի՞ աղոթել: Թատերախաղի դառն տպավորություն էր ստեղծվում, ու իմ վշտիս դարման չկար մինչև այստեղ գալս:
Բարեբախտաբար, Հայաստանում այս սովորությունը չէ հաստատված:
Երեխայիս սովորեցրել եմ չընդհատել ուրիշի խոսքը:Աշխարհական կյանքում նույնիսկ խիստ անքաղաքավար է համարվում:
Title: Re: Ծածուկ աղոթք
Post by: Abegha on June 21, 2005, 02:40:40 PM
Եկեք չհամեմատենք Կաթոլիկ Եկեղեցին Հայ Եկեղեցու հետ, որպեսզի վաղը մենք էլ չկանգնենք այն փաստի առջև, որ պատարագից անմիջապես հետո տեսակ տեսակ երգչախմբեր և նվագախմբեր չկանգնեն պատարագիչ հոգևորականի տեղն ու նվագեն ինչ գլխներին փչի։
Ինչ վերաբերում է կրճատումներին.
Որոշ նման երևույթներ պատմական անցյալի արդյունք են։Օրինակ սովետմիության ժամանակ հաճախ արգելվում էր եկեղեցու զանգերը հնչեցնելը, ինչպես նաև երկար արարողություններ կատարելը, բացահայտ ուխտագնացությունները, եկեղեցուց դուրս եկեղեցական թափոր կազմակերպելը։Այս ազդեցության արդյունքում կրճատվում էին ժամերգությունները, նաև պատարագը։Ավելին, պատարագի ընթացքում քարոզխոսող հոգևորականը չէր կարող կրոնական քարոզչություն կատարել։Կատարյալ աբսուրդ։
Բնական է, որ այս երևույթների ազդեցությունը շարունակություն գտներ նաև սովետմիությունից հետո, բայց գիտենք, որ որոշ բաներ արդեն վերականգնվել են։
Մայր Աթոռում այժմ գոյություն ունի ծիսական հարցերով հանձնաժողով, որը, հուսանք, ժամանակի ընթացքում լուծումներ կտա շատ նմանատիպ հարցերի։
Այնուամենայնիվ շատ կարևոր եմ համարում ծածուկ աղոթքները պատարագիչ հոգևորականի համար, այլապես իրոք թատրոնի կվերածվենք։
Title: Re: Ծածուկ աղոթք
Post by: Mariam on June 21, 2005, 03:55:49 PM
Շնորհակալություն: Երբեք չեմ մտածել այս «ծածուկ» աղոթքների անհրաժեշտության մասին, որպեսզի պատարագի արարողությունը թատրոնի չվերածվի: Կշարունակեմ մտածել այդ ուղղությամբ ու կփորձեմ հասկանալ ձեր դրդապատճառները: Երբեք « Ձեր տեսանկյունից» խնդրին չեմ մոտեցել: Հայր Գրիգորը  ու մեր մյուս պատարագիչ քահանաները նույն կարծի՞քն ունեն: Ի՞նչ եք մտածում դուք, սիրելի հավատակիցներ: Խոստովանեմ թե Հայ Եկեղեցին մտել եմ մի տասնյակ տարի առաջ, բայց այն տպավորությունն ունեմ թե նո'ր եմ մտել ու կարիք ունեմ ձեր բոլորի աջակցության:
Title: Re: Ծածուկ աղոթք
Post by: Mariam on July 02, 2005, 07:03:18 PM
«Մեղեդիները երգեկու ընթացքում, ժամարար քահանան ցածրաձայն կարդում է Ս. Գրիգոր Նարեկացու երկու աղոթքները' Խորհրդատետրի միջից, որ դրված է խորանի առջև:
Այս միջոցին, որ ավելի քան տասը րոպե է տեվում, աղոթասեր հավատացյալը կարող է ինքը ևս ծածուկ աղոթել «Հավատով խոստովանիմ»ը կամ որևէ այլ աղոթք, մինչև մեղեդու ավարտը:»
Վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջին, «Մեր պատարագը», 1945
Title: Re: Ծածուկ աղոթք
Post by: Mariam on July 04, 2006, 10:17:41 AM
Աղեքսանտր Շմեմանը ափսոսում է ծածուկ աղոթքների հաստատումը եկեղեցում, ու պատարագի ատեն: Ասում է, թե դա հակասում է նախնական եկեղեցում հաստատված կարգին, հակասում է նախնական շրջանի քրիստոնյաների սովորույթին ու նրանց ներքին հավատի համոզումներին: Ափսոսում է, որ աշխարհականները զրկված են այնպիսի աղոթքներից, որոնք նրանց կտանեին մինչև Խորհրդի սիրտը: Ափսոսում է, որ – ուղղափառ Եկեղեցում – քահանայի աղոթքի ժամանակ, կամ սարկավագն է ուրիշ աղոթք ասում բարձրաձայն, կամ – Շմեմանի ասածն է - «Համերգի եղանակով դպիրները երգում են մի ուրիշ մեղեդի», այնպես, որ խիստ կարևոր ու հավատի համար ազդու դաստիարակիչ հանդիսացող այս աղոթքներից զրկվում է ժողովուրդը:
Նա չի ասում, որ Խորհուրդը աստիճանաբար է հայտնվում հավատացյալներին, ըստ եկեղեցում նրանց պատկանած «դասակարգին»: Ափսոսում է, որ այսպիսով ժողովուրդը արժանի չի համարվում Խորհրդին լրիվ մասնակցությունը բերելու ու հավատի մեջ չափահաս կեցվածք որդեգրելու:

Title: Re: Ծածուկ աղոթք
Post by: Abegha on July 06, 2006, 09:47:07 PM
Ծածուկ աղոթքները միշտ գոյություն են ունեցել եկեղեցում։ Երբ հավատք ունեցող մարդը մտնում է եկեղեցի, արդեն իր ծածուկ աղոթքով է մտնում։ Ցուցամոլությունից խուսափելու և ծածկաբար առ Հայր աղոթելու մասին Ավետարաններից ենք կարդում (Ավ. Ըստ Մատթ., գլ 6, հմր. 5-6, ), հետևաբար ծածուկ աղոթքները հետսամուտ երևույթներ չեն։ Այս նույն սկզբունքն է, որ իր արտացոլանքն է գտել եկեղեցական ծեսի մեջ։
Հավատացնում եմ, պատարագիչ հոգևորականի ծածուկ աղոթքների ժամանակ դպրաց դասի երգած մեղեդիները նույնքան խորախորհուրդ են, որքան պատարագչի ծածուկ աղոթքը, միայն պետք է ավելի ուշադրություն դարձնել։ Ամեն դեպքում ես այդպես եմ կարծում։ Ժամանակին ինքս էլ ձեր տեղում եմ եղել և բնավ չեմ նեղվել, որ պատարագիչը ծածուկ աղոթքներ է ասում, նույնիսկ ժամանակը ինձ չի բավարարել իմ աղոթքներն ասելու։ Իսկ մյուս աղոթագրքերի մեջ, որտեղ Պատարագի ընթացքում ասվող այլ աղոթքներ կան, նրանք ևս վստահաբար մարդուն տանում են մինչև Խորհրդի Սիրտը։ Ինչ վերաբերում է Շմեմանին, ապա Բյուզանդական Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանների մոտեցումները մենք չենք կարող նույնությամբ ընդօրինակել, այլ կարող ենք օգտվել իրենց փորձառությունից։ Իսկ իմ կարծիքով Աստծուն մոտենալու կամ ճանաչելու և Աստծուն ապրելու զգացումների ծալքերը աստիճանաբար են հայտնվում յուրաքանչյուր քրիստոնյային, ներառյալ քահանաներին։ Գտնում եմ նաև, որ Պատարագին մասնակցողները լիովին մասնակից են Խորհրդին, երբ ստանում են Սբ. Հաղորդությունը։
«Հոգի է Աստված, և Նրան երկրպագողները հոգով և ճշմարտությամբ պետք է երկրպագեն» (Ավ. ըստ Հովհ., գլ. 4, հմր. 24):
Title: Re: Ծածուկ աղոթք
Post by: Mariam on July 07, 2006, 11:08:59 AM
Աստված օգնական, Հայր Սուրբ:
Շմեմանն ափսոսում է, որ կղերականները հետզհետե բաժանվել են ժողովրդից, որ նրանց հաղորդվելը փակ վարագույրի - կամ փակ դռների - հետևից է կատարվում, ծածուկ աղոթքներով, ափսոսում է, թե ուղղափառ եկեղեցում հասարակ հավատացյալը տարի մի անգամ - կամ, մի քանի անգամ - է միայն հաղորդվում, ու Սուրբ Հաղորդությունը գրեթե կղերականների մենաշնորհ է -էր - դարձել - բայց ուրախությամբ նշում է, թե եկեղեցում տեղի է ունենում մի հոգևոր զարթոնք, և հավատացյալները սկսել են ավելի հաճախ մոտենալ Սուրբ Խորհրդին: Ինքը, Շմեմանը, որ քահանայի ու հովիվի հարուստ փորձառություն ունի, ասում է, որ ավելի լավ կլիներ, եթե ծածուկ աղոթքները բարձրաձայն ասվեին, որովհետև համայնքի կողմից կատարված միասնական հիշատակությունն ու խորհուրդն է:  Հավատացյալի առանձնական աղոթքի ժամանակ չէ, ինչպես է գրված ավետարանում.«Սենյակիդ դուռը փակիր ու ծածուկ աղոթիր երկնային Հորը»:
Կա աղոթք, որ կիզիչ է ինչպես հուր, կա աղոթք, որ հեռվից մոտենում է խորհրդին, սակայն նույն սերը, նույն ճանաչողությունը չեն պարունակում: Դպիրների երգած մեղեդին լավ է, եթե իմանանք , թե ինչպիսի աղո'թք է նույն ատեն ասում քահանան, ինչպիսի աղերսանքո'վ է նա խոսում իր ու մեր Աստուծո հետ:
Ինքը, Շմեմանը, ափսոսում է, թե այս կացության պատճառներից գլխավորը , աշխարհականների անմաքուր, անպատրաստված նկատելն է, ու հիշեցնում է, թե այս մոտեցումը «նոր» է եկեղեցում, այսինքն նախնական եկեղեցու մոտեցումը չէր: Հանձնարարում է կարդալ Բ կողնթացիների ուղղված թղթի Սուրբ Հովան Ոսկեբերանի կատարած մեկնությունը  - դժբախտաբար, չունեմ, չգիտեմ՝ հայերեն թարգմանություն կա՞, թե ոչ- որպեսզի ճիշտ ըմբռնումն ունենանք Սուրբ Խորհրդի մոտենալու արժանիության կամ անարժանիության մասին: Ասում է, թե այս մոտեցումը բոլորովին փոխվեց, երբ քրիստոնեությունը պետական կրոն հռչակվեց Հռոմեական կայսրությունում ու կրոնի ընկալումը փոխվեց, եկեղեցական ամբողջ կարգը փոխելով - ի մասնավորի աշխարհականների ու հոգևորականների դերերն ու փոխհարաբերությունները:
Շմեմանը ափսոսում է ծածուկ աղոթքների գոյությունը պատարագի ժամանակ, որովհետև ասում է, թե պատարագը միասնական աղոթքի պահն է, համայն համայնքի համախմբվելու ու միասին աղոթելու ժամանակն է, ամենքը իր տեղում, բայց ամենքը միասին ու միասիրտ:
Title: Re: Ծածուկ աղոթք
Post by: Mariam on July 08, 2006, 09:58:48 PM
Հրատարակված պատարագամատույց կա՞, որը ընդգրկում է պատարագիչ քահանայի ծածուկ աղոթքները: Այսպիսի գրքերը մատչելի՞ են ժողովրդին - ուզում եմ ասել՝ հասարակ հավատացյալը կարո՞ղ է նրանց ձեռք ձգել:
Title: Re: Ծածուկ աղոթք
Post by: Mariam on July 31, 2006, 06:11:56 PM
Պիտի ճանաչենք, որ սիրենք: Առանց ճանաչողության, սիրելը հնարավոր չէ: Եկեղեցին հոգևոր իր մոր դերը լիուլի կկատարի, եթե բոլորին բաշխի իր հոգևոր գանձերը: Ասել՝ դպիր չես, քեզ արգելված է օգտվել եկեղեցում գտնվող հոգևոր երգերի ժողովածուներից, մեղք է Եկեղեցու դեմ: Ասել՝ սարկավագ կամ դպիր չես, քեզ հնարավոր չէ կարդալ եկեղեցում գտնվող շարակնոցը կամ Մաշտոցը, ոչ միայն սխալ է, այլ մեղք է Եկեղեցու դեմ: Ասել՝քո քահանա եմ, բայց քեզ հնարավոր չէ իմանալ, թե ինչպիսի աղոթքներո՛վ եմ ես դիմում Աստծու ու ինչպիսի սիրո՛վ եմ ես աղոթում Նրան, սխալ ու մեղք է:  Հրատարակչական բոլոր ձեռնարկները և հավատացյալների միջև հաստատվող բոլոր բաշխումներն ու փոխտվությունները - որ եղբայրասիրության մի ուրիշ երես է -գովելի ու խրախուսելի են: Հակառակ կեցվածքը եղբայրասիրության դեմ մեղք է - նույնիսկ եթե մերժմանը կամ անտարբերությանը ընկերանում է քաղաքավար ժպիտը:
Իմ բոլոր ունեցվածքը դժբախտաբար չեմ գտել իմ հաճախած եկեղեցում: «Դիպվածի» և գնման արդյունք են - հազվադեպ բացառություններով: Դա ինձ մեծ վիշտ է պատճառում:
Title: Re: Ծածուկ աղոթք
Post by: Mariam on August 05, 2006, 10:00:19 AM
Անկատար սիրո, անկատար բարեկամության, անկատար եղբայրասիրության, եկեղեցու անկատար կազմակերպվածության պատասխանը մեր սեփական անկատարության գիտակցության ու զղջման մեջ է: Աղոթքի մեջ ենք գտնում կատարյալն ու թանկագինը, որով լցված՝ մեր կարգին կկարողանանք աստվածային սիրո մի նշույլ գոնե փոխանցել մեր սիրելիներին: