Բարև ձեզ ինձ կասեք թե ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ որ գլխում է գտնվում Մանասե թագավորի աղոթքը:
Շնորհակալություն
Աստվածաշնչում մի քանի Մանասեներ կան. ժամագրքի աղոթքը Մանասե թագավորինն է, որը Երուսաղեմում թագավոր է դարձել շատ վաղ տարիքում` տասներկու տարեկանում (թագավորել է հիսունհինգ տարի` ն.Ք. 697-643). Իր թագավորության ընթացքում նա հեռացել է Աստծուց, վերականգնել կուռքերի պաշտամունքը, իր որդիներին անցկացրել է կրակի միջով*, հմայություններ ու գուշակություններ արել, ձուլել աստվածների արձաններ. Տերը խոսել է այս Մանասե թագավորի հետ` հետ կանգնեցնելու նրա չար ընթացքից, սակայն նա չի լսել, շարունակել է իր ժողովրդին հեռացնել ճշմարիտ Աստծուց:
Ասորեստանի զորահրամանատարները գերել են Մանասեին ու տարել Բաբելոն, որտեղ նա, բանտի նեղության մեջ հայտնվելով, դարձել է Աստծուն ու աղոթել նրան:
Զղջման այս աղոթքի մասին շատ կարելի է գրել, սակայն ասեմ, որ այն լսելի է դարձել Աստծուն, Նա վերադարձրել է Մանասեին Իսրայել, որտեղ Մանասեն վերականգնել է Աստծո պաշտամունքն ու նորոգել Նրա զոհասեղանը:
Այս աղոթքը հայերեն Աստվածաշնչում չկա. միայն ասվում է, որ <<...
Նա աղոթեց Աստծուն, Աստված լսեց նրա աղաչանքը...>> (հմմտ. Բ Մնաց. 33:1-20) և վերջ:
Մանասեի կերպարը փոքր-ինչ բացասականին հարող երանգավորմամբ է ներկայացված Սուրբ Գրքում, ինչպես այստեղ` <<Մանասէի կատարած չար գործերի պատճառով Յուդայի երկրի հանդէպ Տիրոջ մէջ բորբոքուած սաստիկ զայրոյթը, սակայն, չմեղմացաւ, ուստի Տէրն ասաց. '
Յուդայի երկիրն էլ իմ երեսից պիտի մերժեմ, ինչպէս մերժեցի Իսրայէլը, պիտի մերժեմ այդ քաղաքը` իմ ընտրած Երուսաղէմը, եւ այդ տունը, որի համար ասել եմ, թէ` ''
Իմ անունը նրա վրայ պիտի լինի'' '>> (Դ Թագ. 23:26-27):
Մանասեին հաջորդել է իր որդին` Ամոնը:
-Իսկ հայ մեկնողական գրականության մեջ Մանասեն հայտնի է որպես խիստ մեղավոր, սակայն զղջման գնացողի կերպար, ինչպես Վարդան Վարդապետն է իր <<Արմատ Հավատո>> գրքում ասում` << Ի Բաբելոն գերի գնացի/Որ է պեղծս յայսմ յաշխարհի/Մանասէի չնմանեցի/Կապեալ հոգւովս ի բանտ մեղաց ոչ զղջացի>>**,- և նրա աղոթքը դրված է Մեծ պահքի աղոթքների շարքի մեջ: Այն ընդունելի է Արևելյան ուղղափառ բոլոր Եկեղեցիների կողմից` Հայ, Ասորական, Ղպտական, Եթովպական. ընդունելի չէ միայն Բողոքական և Հռոմեական կաթոլիկ (հավելումով է դնում) Եկեղեցիների կողմից:
Եղել է հունարեն Յոթանասնիցի հնագույն տարբերակներից մեկում (Ե դար), որի մեջ տեղ է զբաղեցրել Սաղմոսներից հետո եկող 14 փառաբանական երգերի կամ բանաստեղծությունների շարքում***: Հայերեն կրկնօրինակություններում, ինչպես նշեցի, Մանասեի աղոթքը չկա:
*մոգական ծիսաբանության մեջ կրակի միջով անցկացնելը խորհրդանշում է կրքերը, զգացմունքները, ոգեշնչումը նորոգելը
** Սբ Գր. Նարեկացին էլ պատմում է Մանասեի պատմությունը`
Որ զի թէ Մանասէի փրկութիւնն խոստովանելի է անդուստ վկայեալ/Յետ այնքանեաց մեղանաց անբժշկականաց/Որ արեամբն արդարոց ելից/Զնուիրեալն մեծի թագաւորին հրաշանուն քաղաք հայրենի/Ըստ մարգարէագիր անսուտ պատմութեանն/Որ եւ զմեծն իսկ տեսանողաց/Բազմերախտիս ձեռնկալութեան խնամողաւրէնն պաշտպանութենան/Նախնակերտ յարկին տեսչութեան, մանկավարժ ինքեան եւ նախնի/Մեքենայիւ մահու սղոցեաց/Ի յերկուս մասունս խզեալ` դժնդակ տանջանաւք մաշեաց/Իբր խորհրդով ապստամբութեան` զյուսոյն փրկանակ կտրեալ/Առ որով զչար յաւելուածն մոլեգնական/Զքրէական վերնամարտութիւնն ի բարձրեալն յանդգնութիւն/Քանզի ոչ պատկառեաց երբէք/Զստեղծողին պատիւ եւ զանուն յիւրաբնակ խորանէն մերժել/Հալածեալ զԱստուծոյ հոգին/Բելիարայ զանձն դաւանեաց (Բան ԾԱ, Դ), և խոսում Մասնասեի զղջման մասին` ակնարկելով`
Տաւնելի եղեւ Մանասէ` առ իմոց պարտուցս առաւելութիւն/Պատուեցաւ եւ փարիսեցին` առ դժնէիս ամբարշտութիւն/Գովեցաւ անառակ որդին` առ անդարձիս ուխտազանցութիւն/Յիշատակեցաւ կեղծաւորութիւն որդւոյն Ամասեայ/Առ անշնորհութիւն ապախտաւորիս/Աւրհնաբանեալ եղեւ աւազակն, որ դատախազն է անհաւատից/Պատուեցաւ եւ կինն պոռնիկ` սկզբնամայրն ապաշաւողաց (Բան Զ, Բ):
***նշվել է այսպես` Մանասե1:1-15
(կից նկարում` Մանասեն` աջից. կնոջ գրկի փոքրիկ երեխան Ամոնն է: Միքելանջելոյի կտավը)