Տասանորդ

Started by Lusine, August 18, 2005, 11:16:56 AM

Previous topic - Next topic

Lusine

Հին Ուխտում տասնորդը պարտադիր էր, նաեւ Տաթեւացին է ասում, որ տասնորդը պարտատիր է ու ողորմությունը ցանկալի, որ տասնորդը պետք է տալ քահանային: Ժամանակակից կյանքում տասնորդը
1.   պետք է տալ արդյոք, աշխատավարձի 10%-ը,
2.   ում պետք է տալ, քահանային, թե գանձանակը մուծել, եթե գանձանակը քահանան չի բացում,
3.   ինչով է այն տարբերվում ողորմությունից:
Շնորհակալություն նախապես:

Abegha

Տասանորդը ողորմությունից տարբերվում է նրանով, որ ողորմությունը տալիս ես աղքատին, բարիք ես գործում՝ օգնելով քո նմանին, հույսով, որ Աստված էլ քեզ ողորմի քո նեղության մեջ։ Իսկ տասանորդը, այսինքն՝ քո եկամուտի մեկ տասներորդ մասը, տալիս ես Աստծուն։
Ինչո՞ւ մարդ պետք է իր եկամուտից բաժին հանի Աստծուն, որովհետև այդ ձևով մեր շնորհակալությունն ու գոհությունն ենք հայտնում Աստծուն՝ մեզ պարգևած կյանքի, արարչագործության և մեզ հանդեպ խնամքի համար։ Ըստ Աստվածաշնչի (Հին Ուխտի) տասանորդը վերապահվում է Եկեղեցուն, այսինքն՝ տաճարին, ղևտական դասին՝ եկեղեցու սպասավորներին։ Ըստ Հին Ուխտի, քանի որ ղևտացիները տասներկու ցեղերի մեջ մյուսների նման ժառանգության բաժին չունեին, Աստված ասում է, որ Ես եմ նրանց բաժինը։ Եվ այսպես Աստուծո բաժինը տրվում էր տաճարին, ղևտական դասին՝ տաճարի սպասավորներին, Նոր Ուխտի ժողովրդի պարագայում՝ Եկեղեցուն։
Տասանորդ տալու վառ օրինակ է Աստվածածնի ննջման և վերափոխման տոնին խաղողօրհնեքը, այսինքն՝ նոր հասունացած պտղի երախայրին, կարելի է ասել՝ առաջին քաղված պտուղը, ժողովուրդը, մարդիկ նվիրել են եկեղեցուն՝ Աստծուն, որպեսզի օրհնվի իրենց այգին, իրենց բերքը և այլն։
Սբ. Գր. Տաթևացին գրում է, որ երբ մարդը կամավորաբար տասանորդ չի տալիս, ապա Աստված այն վերցնում է հարկադրաբար։ Սուրբը հարկադրաբար վերցնելու ձևերից է համարում երաշտը, տեսակ–տեսակ աղետները, որոնց պատճառով մարդն արդյունքում չի կարողանում օգտվել իր բերքից կամ իր ունեցած եկամուտներից։
Այսօր յուրովի պետք է հասկանալ այս տասանորդ կոչվածը, որովհետև փոխված են այն կյանքի կոչելու ձևերը և գրեթե անհնար է տասանորդ տալ այնպես, ինչպես առաջ։ Այսօր մենք Աստվածաշնչից մի հիմնական բան պետք է ընդունենք, որ պարտավոր ենք որպես երախտագիտություն մեր եկամուտից կամ աշխատանքից բաժին հանել և նվիրել Աստծուն։ Թե ինչպե՞ս պետք է այդ իրագործենք, մեզանից յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի, անշուշտ խորհրդակցելով և ստանալով եկեղեցականի օրհնությունը։
Նշեմ նաև, որ տասանորդ կարելի է համարել ինչ որ աշխատանք, որ մենք կատարում ենք եկեղեցու համար՝ կտրելով մեր ժամանակի մի մասը, առանց նյութական ակնկալիքի մասնակցելով եկեղեցու որևէ ծրագրին կամ իրապես մեր աշխատավարձի մեկ տասներորդ մասը նվիրելով եկեղեցուն։ Կլինի այդ գումարը գանձանակ գցելով կամ այլ կերպ, այսօր այս ձևերը կարող է մարդ ինքը որոշել, այսինքն կարևոր է, որ մարդը վստահ լինելով, որ այն գնում է եկեղեցուն, ինչու չէ նաև նվիրաբերելով եկեղեցականին, որ այն կարող է իրագործել իր առաքելության մեջ։
Եթե մեր ժողովուրդն ունենար տասանորդի գիտակցությունը, ապա ամեն գյուղ ինքը կկառուցեր իր եկեղեցին, բայց այսօր, ցավոք, ստիպված ենք հույսներս դնել բարերարների վրա։

Hasik

Ողջույն, ուզում եմ իմ փորձը կիսել ձեր հետ տասանորդի վերաբերյալ: Մի անգամ սեմինարի էի մասնակցում եվ իմացա, որ քահանաները աշխատավարձ չեն ստանում, ու դա ինձ շատ մտահոգեց, բերեց այն գիտակցության, որ այն ամենի դիմաց, որ իրենց միջոցով Աստված տալիս է մեզ, մենք էլ պետք է նրանց տանք, ու ես ուխտ արեցի այդ օրվանից վճարել տասանորդ, փառք Աստծո, որ ես այն կարողանում եմ պահել, ու գիտեք այդ օրվանից իմ գործերը ավելի լավացան ու ես ավելի շատ եկամուտ ունեցա: Նշեմ, որ Տաթեվացին կարեվոր է համարում, որ տասանորդը լինի քո արդար վաստակից ու դու այն որպես ընծա բերես Աստծուն անկեղծությամբ, մաքուր սրտով: Եկեք Աստծուն հասանելիքը իրեն վերադարձնեք գոնե այս ձեվով:

Հ.Գ. Ես սկզում տասանորդը գումարի նման ծրարով տալիս էի քահանային, բայց հետո որոշեցի որ գցեմ գանձանակ, ու միշտ տարբեր եկեղեցիների, դա ինձ ավելի հոգեհարազատ է: