Մենք եկեղեցում

Started by Satenik, May 21, 2005, 04:25:19 AM

Previous topic - Next topic

Satenik

Հայր սուրբ,
ես աշխարհիկ կյանքով ապրող մարդ եմ: Երբ մտնում եմ եկեղեցի պատարագի ժամանակ և ուզում եմ նստել նստարանին, միշտ ամաչում եմ առաջին շարքերում նստել, ինձ թվում է, որ առաջին շարքերում նստելու համար դեռ հասունանալ է պետք, համենայնդեպս այդպիսի զգացում եմ ունենում: Խնդրում եմ ասեք, դա իմ ներքին բարդո՞ւյթն է, թե՞ իսկապես ճիշտ եմ զգում և կա կարգ եկեղեցում պատարագի ժամանակ մարդկանց տեղերի և դասավորության:

Նախապես շնորհակալ եմ:

Abegha

Փառանձեմ ջան, թերևս Ձեր համեստության արդյունք է։Եկեղեցում տեղերի հատուկ կարգ չկա, միայն առջևում որոշ հատված կա հատկացված հոգևորականներին։

Satenik

#2
Շնորհակալություն:  21:)
Էլի հարցեր ունեմ, եթե կարելի է: 12:)
Եկեղեցում, պատարագի ժամանակ ժողովուրդը աջ ձեռքը իջեցնում է գետնին, հետո մոտեցնում դեմքին, հետո խաչակնքվում է: Ի՞նչ է նշանակում այդ շարժումը և ե՞րբ է պետք այն կատարել:

Կարելի՞ է օճառով լվանալ այն գլխաշորը, որով կնքվել եմ, մասնակցել ծեսերի և պատարագի: Այդ գլխաշորին հատուկ չէ, բայց պատահաբար շատ անգամ է մեռոն դիպչել:

Hayr Krikor

Պողոս առաքյալն ասում է. <Մեզ` փրկվածներիս համար խաչի քարոզությունը Աստծու զորություն է> (Տե'ս Ա Կորնթ. Ա 18) :

Մեր նախնիներն աղոթելիս, ամեն առավոտ տանից դուրս գալիս, եկեղեցի մտնելիս, սրբություններին մոտենալիս, ծիսական արարողություններին մասնակցելիս, ցորենի հատիկը հողին գցելիս, գութանով վար անելիս և աշնան բերքը ամբարելիս, նեղության, հիվանդության ու վտանգի դեպքում, աշխատանքն սկսելիս, ճաշելուց առաջ և հետո, հեռու ճանապարհ ելնելիս իրենց երեսին խաչ էին հանում :

Խաչակնքվում ենք հետևյալ կերպ. միացնում ենք աջ ձեռքի առաջին երեք մատները (բթամատը, ցուցամատն ու միջնամատը), հպում ճակատին` ասելով` <Յանուն Հօր>, իջեցնում կրծքին` ասելով` <եւ Որդւոյ>, տանում կրծքի ձախ կողմը` ասելով` <եւ Հոգւոյն>, ապա կրծքի աջ կողմը` ասելով` <Սրբոյ> և դնում կրծքի վրա ու ասում` <Ամէն> :

Խաչակնքվելիս երեք մատը (բթամատը, ցուցամատն ու միջնամատը) միացնում ենք իրար, որը խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը : Մյուս երկու մատները (ճկույտն ու մատնեմատը) միասին սեղմում ենք ափին, որը խորհրդանշում է Քրիստոսի կատարյալ Աստված և կատարյալ մարդ լինելը, և այդ երկուսը որպես մեկ միավորյալ բնություն (մատները սեղմված են իրար) :

Խաչակնքվելիս երբ ձեռքը տանում ենք դեպի վեր, ուզում ենք ասել, որ մեր միտքը գամվեց խաչի վրա, և թող այսուհետև Քրիստոսի միտքը առաջնորդի մեզ : Երբ ձեռքը տանում ենք դեպի ներքև` ուզում ենք ասել, որ այլևս մեր մարմինը չէ, որ պիտի թելադրի մեզ, այլ Քրիստոս : Ձեռքը ձախ և աջ տանելով` ուզում ենք ասել, որ ձեռքերը խաչվեցին խաչի վրա, և չար գործերի համար արդեն անպիտան են, և պիտի միայն բարին գործեն : Ձեռքը բացված տանելով դեպի սիրտը և ասելով <Ամէն>, այսինքն` ճշմարիտ է, հաստատում ենք այս ամենը :

Hayr Krikor

Հարգարժան Փառանձեմ,
Սրբալույս Մեռոնն Սուրբ Հոգու խորհրդանիշն է : Այն օգտագործում ենք եկեղեցիների օծման, կաթողիկոսական օծման,  քահականայական ձեռնադրության, կնունքի, ինչպես նաև վերջին օծման ժամանակ :

Անձնապես ես, մկրտությունից հետո միշտ խորհուրդ եմ տալիս որպես սրբություն սրբոց պահել մկրտության ժամանակ օգտագործված սրբիչն, նախ այն պատճառաբանությամբ, որ այն ամբողջությամբ ներծծված է մեռոնով, և երկրորդ` հոգևոր ծննդյան խորհրդանիշ և հիշատակ :

Գալով Ձեր գլխաշորին, կամա թե ակամա հոգևորն  դառնում է մեր առօրյան և միախառնվում մեր կենցաղին, սակայն մեր կենցաղում պետք է զգուշ լինել սրբությունների հետ հարաբերվելիս : Սրբությունն ավելի պատվված լինելու համար կարող եք լվանալ Ձեր գլխաշորն, բայց առանձին և հետո ջուրն լցնելով մաքուր մի տեղ, օրինակ` այգու մի անկյունում :

Satenik

Աստված օգնական հայր Գրիգոր,

Ձեր տված պատասխանները ինձ համար շատ արժեքավոր էին և դրա համար շատ շնորհակալ եմ:
Մի բան մնաց անհասկանալի, ենթադրում եմ, որ կամ հարցս էի վատ ձևակերպել, կամ Ձեր պատասխանի մեջ չեմ հասկացել հարցիս բացատրությունը:
Պատարագի ժամանակ հավատացյալները այս տեսակ մի շարժում են անում՝ ոտքի կանգնած ժամանակ նրանք մի պահ իջնում են վայր, ձեռքով հպվում հատակին, հետո նորից կանգնում են, մոտեցնելով ձեռքը դեմքին, կարծեմ համբուրում են, իսկ հետո խաչակնքվում:
Այ այս շարժումն ի՞նչ է խորհրդանշում:

Hayr Krikor

Աստված պահապան Փառանձեմ,

Հոգի է Աստված, և Նրա երկրպագուները պետք է հոգով և ճշմարտությամբ երկրպագեն : (Հովհ. Դ 24)

Եղեղեցական արարողությունների ժամանակ հաճախակի լսած կլինեք երկրպագություն բառը կամ արտահայտույունը, և վստահ եմ, գիտեք այդ բառի նշանակությունը, որ ուղղակի իմաստով նշանակում է երկիրը համբուրել :

Եկեղացական արարողությունների ժամանակ լսելով Աստծուն երկրպագոլու ծիսակատար քահանայի կամ սարկավագի հորդորն` հավատացյալներից ոմանք ուղղակիորեն համբուրում են եկեղեցու հատակն,  ոմանք` ձեռքի ներքին մասով հպվում են հատակին և այնուհետև համբուրում իրենց ձեռքի արդաքին մասը, ոմանք էլ` խոնարհության նշան են անում : Այսպիսով յուրաքանչուրն իր ձևով Աստծուն երկրպագություն է անում :

Satenik

Ի՜նչ լավ բան ասացիք, սիրելի հայր Գրիգոր:
Ես երբեք չէի անդրադարձել "երկրպագել" բառի ուղղակի նշանակությանը: Աստվա՜ծ իմ, այս ի՜նչ հիասքանչ լեզվամտածողություն ունի իմ ազգս:
Շատ, շատ շնորհակալ եմ, հայր Գրիգոր: