Մտածելու հարց

Started by Satenik, March 22, 2006, 05:03:59 PM

Previous topic - Next topic

Satenik

Սիրելի զրուցակիցներ,
ինչպե՞ս եք վերաբերվում արհեստական ճանապարհով երեխա ստեղծելու  ժամանակակից հնարավորություններին:  Խոսքս կլոնավորման մասին չէ, Հայաստանում դրանով չեն զբաղվում: Բայց հիմա մեզ մոտ կան չբերությամբ տառապող շատ ամուսնական զույգեր, որոնք ինչ-ինչ բժշկագիտական ճանապարհներով  արհեստական բեղմնավորման միջոցով ունենում են զավակներ: Դա լա՞վ է, թե՞ վատ ըստ ձեզ և ինչո՞ւ:
Հետաքրքիր կլիներ ծանոթանալ մեր հոգևորականների կարծիքին ևս:

Abegha

Ես շատ բան չեմ հասկանում այս ամենից, իսկ Եկեղեցին էլ պաշտոնապես դեռ չի արձագանքել նման երևույթներին։ Նորօրյա խնդիրներին չարձագանքելուն Եկեղեցուն չեմ մեղադրում, որովհետև սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուրջ ուսումնասիրել, հատկապես աստվածաբանական առումով։ Հետո հիշենք, որ եկեղեցին ինչ որ գործակալություն կամ կուսակցություն չէ, որ այսօր մի բան ասի, հետո վաղն ասի՝ ներողություն, փոխում ենք մեր տեսակետը։
Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ կարծիքով որդեծնության արհեստական ճանապարհը խարխլում է «ընտանիք» հասկացության ամենից էական բաղադրիչները՝ ընտանիքից ներս ներմուծելով նաև հոգեբանական բարդույթներ։ Այդ բարդույթները կարող են արտահայտվել ընտանիքի հոր դերի նսեմացումով, որը հղի է տարատեսակ հետևանքներով. հայրը, որ հայր չէ իր զավակի, մայրը, որ չի ճանաչում իր զավակի հորը ... և այլն։
Եթե մենք սխալ ենք հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում ընտանիքը, ապա մենք կարող ենք դիմել նման քայլի, բայց եթե մենք քրիստոնյաներ ենք, ապա պետք է խոնարհաբար ընդունենք Աստուծո կամքը։ Հետո չգիտենք, թե մեր ժամանակը ե՞րբ է, հինկտակարանյան Սառայի հանգամանքը վառ օրինակ է։ Հիշենք նաև, որ չբերության պատճառով ամուսնալուծությունները Եկեղեցին արգելում է, այսինքն՝ զավակ չունենալը ընտանիքի չկայացման նշան չէ։

Satenik

#2
QuoteՆորօրյա խնդիրներին չարձագանքելուն Եկեղեցուն չեմ մեղադրում, որովհետև սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուրջ ուսումնասիրել, հատկապես աստվածաբանական առումով: Հետո հիշենք, որ եկեղեցին ինչ որ գործակալություն կամ կուսակցություն չէ, որ այսօր մի բան ասի, հետո վաղն ասի՝ ներողություն, փոխում ենք մեր տեսակետը
Այո, միանշանակ: Եվ փառք Աստծո:
Շնորհակալ եմ, հայր սուրբ, արձագանքելու համար:
Ես չէի ուզի և չեմ պատրաստվում այստեղ վեճ ծավալել այս իրապես բարդ հարցի շուրջ, քանի որ ես էլ շատ բան չեմ հասկանում, բայց փորձել հասկանալ կամ տեղեկություն թողնել այստեղ նրանց համար, ովքեր ինձնից շուտ ու լավ կհասկանան, ինձ թվում է կարելի է:
ՈՒստի այն, ինչ որ կասեմ ստորև վեճ չէ, այլ փաստերի շարադրում տեղեկության կարգով: Ավելի պարզ ասած՝ մտածելու առիթ:
QuoteԻնչ վերաբերում է ինձ, ապա իմ կարծիքով որդեծնության արհեստական ճանապարհը խարխլում է «ընտանիք» հասկացության ամենից էական բաղադրիչները՝ ընտանիքից ներս ներմուծելով նաև հոգեբանական բարդույթներ
Եթե խոսենք բարդույթներից, որպես "ընտանիք" հասկացությանը խանգարող հանգամանք, ապա դրանք կան և չբերությամբ տառապողների մոտ և հարց է, ո՞ր դեպքում են դրանք ավելի շատ ու ավելի քայքայիչ՝ անզավակ ու կիսատ ընտանիքում, թե՞ այնտեղ, որտեղ լսվում է "արհեստական" երեխայի ճիչը: Ո՞ր բարդույթն է ավելի կործանիչ հայ մարդու ու իր ընտանիքի համար:
QuoteԱյդ բարդույթները կարող են արտահայտվել ընտանիքի հոր դերի նսեմացումով, որը հղի է տարատեսակ հետևանքներով. հայրը, որ հայր չէ իր զավակի, մայրը, որ չի ճանաչում իր զավակի հորը ... և այլն
Հավանաբար: Եվ այս դեպքում ևս պետք է նկատենք, որ հակառակ դեպքում էլ կան խնդիրներ, երբ ամուսինը (կինն էլ իր հերթին) գիտակցում է, որ ի վիճակի չէ մայրացնելու իր կնոջը, ինչը նույնպես լի է տարատեսակ հետևանքներով:
Իսկ եթե չբերությամբ տառապողը կի՞նն է և համաձայն է, որ ամուսինը մի որևէ կամավոր կնոջ միջոցով (սուռոգատ մայրեր են կոչվում այդպիսի կանայք) երեխա բերի տուն ու իրեն մայրացնի՞:
Կամ եթե երկուսն էլ չբեր են: Ջահել ժամանակ թերսնված են եղել, օրգանիզմի դիմադրողականությունն ընկել է, ծանր հիվանդացել են և բազում բորբոքումների մեջ ձեռք են բերել որդեծնության ֆունկցիայի այլևս անբուժելի խանգարում: Քիչ չեն և այսպիսի դեպքերը: Չե՞ն կարող նրանք դոնոր մոր և դոնոր հոր միջոցով մի երեխա ձեռք բերել:
QuoteԵթե մենք սխալ ենք հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում ընտանիքը, ապա մենք կարող ենք դիմել նման քայլի, բայց եթե մենք քրիստոնյաներ ենք, ապա պետք է խոնարհաբար ընդունենք Աստուծո կամքը
Բայց ո՞րն է Աստծո կամքը: Որ այդ մարդը իր զավակը չունենա՞ (սա ամեն դեպքում կատարվում է): Թե՞ ընդհանրապես երեխա չմեծացնի:
QuoteՀետո չգիտենք, թե մեր ժամանակը ե՞րբ է, հինկտակարանյան Սառայի հանգամանքը վառ օրինակ է
Այո: :) Քիչ չեն այդպիսի դեպքերը, երբ երեխա որդեգրելուց հետո սկսում են ծնվել սեփական երեխաները:
QuoteՀիշենք նաև, որ չբերության պատճառով ամուսնալուծությունները Եկեղեցին արգելում է, այսինքն՝ զավակ չունենալը ընտանիքի չկայացման նշան չէ
Quote
Այո, հայր սուրբ: Բայց նրանք, ովքեր չեն ամուսնալուծվում անպայման դիմում են այս քայլին, որպեսզի համալրեն իրենց ընտանիքը:

Mariam

Այդ խնդրով, մնանք խոնարհ Աստուծո առաջ: Չդիմենք որևէ արհեստական միջոցին: Դա իմ համոզումն է: Ընտանեկան սերը ապրելու բազմաթիվ ուրիշ միջոցներ կան: Անզավակ զույգը զրկված չէ իր սերը ապրելու միջոցից: Կարող է անզավակ լինելուց զգացած ցավը փոխել, փոխարինել բարեգործություններով: Այսպիսով, նա անպտուղ չի լինելու այս աշխարհում: Ու կգիտակցի, թէ Աստուծո շնորհից չէ զրկված, ու լավ պտուղ է տվել իր սերը:
Ի միջի այլոց, նշմարել եմ, թե ինչպես անզավակ անձեր կարող են սիրով լեցուն լինել մյուսների երեխաների նկատմամբ, երբ երբեմն զավակ ունեցողները անտարբեր են մյուսների զավակների նկատմամբ: Անզավակ զույգը կարող է այսպես ինքը պատասխանատու զգալ մյուսների զավակների նկատմամբ, ու, ինչպես Ավետարանն է ասում, բազմաթիվ «զավակներ» ունենալ հենց հիմա Երկրի վրա:

Abegha

Ես նշել եմ, որ եթե զույգերը գիտակցում են, թե ի՞նչ է ընտանիքը, ապա չբերությունը բարդույթներ չպետք է ստեղծի և անզավակներին չի կարելի կիսատ ընտանիք կոչել։
Ընտանիքը երկուսի միությունն է, որը որպես ուխտ կնքվում է եկեղեցում՝ Աստուծո և Աստուծո ժողովրդի ու Նրա սպասավորի առջև՝ ցմահ հավատարմության և սիրո պայմանով։ Ամուսնությունը զույգերի բարեկեցության և որդեծնության միջոցով միասնաբար Աստուծո Խոսքին ծառայելն է՝ ընթանալով դեպի արքայություն, ուստի եթե այդ միության մեջ բացառենք Աստծուն, ապա երկուսի միությունը կդառնա ֆիզիկական և խիստ անձնական։ Եթե չենք բացառում, ապա վստահ եմ զույգերի ունեցած հավատի շնորհիվ Աստված այլ ձևերով կարող է լիացնել իրենց ընտանեկան կյանքը։ Ընտանիքի նպատակը զավակ ունենալը չէ, այլ՝ մեկ դառնալով քայլել դեպի «Մեկը»։ Եթե նպատակը զավակ ունենալը լիներ, ապա չբերությունների պատճառով ամուսնալուծությունները Եկեղեցին չէր արգելի։ Իսկ այսօր էլ մարդը կարող է այդ նպատակին հասնել առանց ամուսնության, այսինքն՝ ձեր նշած միջոցներով, հետևաբար ընտանիք կազմելը անիմաստ կլիներ։
Բայց չմոռանանք նաև, որ եթե մարդը ընտանիք է կազմում և մերժում է որդեծնությունը, այսինքն՝ չի ցանկանում զավակ ունենալ, ապա նույնպես չի հասկանում, թե ինչ է ընտանիքը։

Zatik

Quote from: Satenik on March 22, 2006, 05:03:59 PM
Դա լա՞վ է, թե՞ վատ ըստ ձեզ և ինչո՞ւ:


Լավ է թե՞ վատ : Միանշանակ ի՞նչպես այդ հարցին պատասխանել:Այո ընտանիքը դա առաջին հերթին երկուսի միություն է, երեխաները ուշ թե շուտ հեռանում են տանից, բայց մյուս կողմից էլ եթե Աստված մեզ ,մարդկությանս տվել է այդ հնարավորությունը գիտության հաջողությունների շնորհիվ  զավակ ունենալ - ի՞նչու ոչ:
Հարցի վատ կողմը -արդոք ովքեր են այդ սուրոգատ մայրերը , չի դառանա արդյոք որոշների համարա դա գումար վաստակելու միջոց ....Դա էլ հարցի իրավաբանական կողմը :Համենայդեպս ես ,անզամբ ,վատ բան չեմ տեսնում այն զույգերի համար ,որոնք ցանկություն ունեն երեխա ունենալու և դա վատագույն միջոցը չէ:


Satenik

#6
Մարիամ, ես հակված եմ ճիշտ քեզ պես մտածելու: Ես էլ եմ նկատել, որ անզավակները երեխաների նկատմամբ հատուկ և մի ուրիշ տեսակի ուժեղ սեր ունեն: Ինչ վերաբերվում է այն հարցին, թե կարելի է ուրիշների երեխաներին տալ սերը: Առաջներում, երբ ընտանիքները մի քանի սերնդներով միասին մեկ կտուրի տակ էին ապրում, դա հնարավոր էր: Բայց հիմա՞: Կյանքը փոխվել է, ամեն զույգ առանձնանում է իր խցում, որտեղ պատահում է իսկի տատիկներն ու պապիկներն ազատ ելումուտ չունեն, ինչ մնաց... Առաջվանը եթե լիներ՝ այո:

Հայր սուրբ, Ձեր ասած բոլոր բաները ինձ համար ընդունելի են և հասկանալի: Այնուամենայնիվ, չբերության տոկոսն Հայաստանում աճում ու աճում է, մենք միայն այս վերջին հարյուր տարում տարել ենք ցեղասպանություններ, պատերազմներ, երկրաշարժներ, արտագաղթ, ծայրահեղ աղքատություն, ծնելիության ու ամուսնությունների խիստ անկում: Բոլորը մեր ազգի համար վտանգավոր բաներ են:
Ես չգիտեմ, սրա վերջն ի՞նչ պիտի լինի:

Զատիկ, հենց դա' է, ԳԻՏՈՒԹՅԱՆ մասին է խոսքը, ոչ կախարդների ու չար ուժերի:  Բժիշկների մասին: Ես անհանգստացած եմ այն բանի համար, որ կարող է այսօր մի հսկա զորք, կազմված բժիշկներից, անզավակներից ու դոնորներից մեղքի տակ են: Բայց ո՞նց կարող ես հայ մարդուն համոզել, որ հարմարվի անզավակության հետ:
Կարճ ասաց բան չեմ հասկանում....  14:)

Mariam

#7
ՄԵկ կողմից, հարուստ երկրներում, արհեստական շատ սուղ միջոցներով, անզավակ զույգերը փորձում են դարման գտնել իրենց սեփական չբերությանը - ու այդ հաճախ հաջողությամբ չի պսակվում:
Մյուս կողմից, հենց իմ սիրելի գավառում, չքավորության և գործազուրկ լինելու պատճառով, երիտասարդ զույգեր խոստովանում են, որ որոշել են զավակ չունենալ, կամ միազավակ լինել, որովհետև տղամարդը չի կարողանում անձամբ հոգալ իր ընտանիքի ծախսերին – ապրում են հորենական տան մեջ, հայրն է նրանց նյութական կարիքների հոգացողը: Առարկում են, որ երբ նրա միակ զավակը տարիքը կունենա դպրոց հաճախելու, դա մեծ ծախսերի կատարելու առիթը լինելու է, ու նրանք չե՛ն կարող նոր ծախսեր անել:
Խրախուսե՞նք անզավակ զույգը դիմելու արհեստական միջոցներին, թե նայենք մեր միասնական՝ Հայրենիքի ապագան: Մեկը ֆիզիգական պատճառներով անզավակ է ու ամուլ , քովը ապրող երիտասարդ զույգը անզավակ է միմիայն նյութական անբավարար ապահովության պատճառով: Եսասիրաբար, մտածե՞մ միմիայն ի'մ մասին, թե մտածեմ նաև նրան օգնելո'ւ մասին: Չբաժանե՞նք մի քիչ մեր ունեցած հարստությունը: Դա կլինի հայրենասիրություն: Ու եսասիրաբար ես զբաղվե՞մ միմիայն իմ ծնելիք – կամ չծնելիք – երեխաներով:
Ծնելիության նվազումը Հայաստանում չի՞ բացատրվում նաև կանացի արտաքին աշխատանքով ու եվրոպական մոդելի համաձայն հանգստավետ կյանքի գերադասումով :Հավատի պակասից չէ առաջացա՞ծ:

Abegha

Որդեգրման բազում դեպքեր կան։ Փորձեք մտնել մանկատներ, այնտեղ հարյուրավոր գեղեցկադեմ հայ փոքրիկներ կարոտով սպասում են, որ մեկն իրենց մայրություն անի։ Նույնիսկ դեպքեր կան, երբ ամերիկահայերն են դիմել այդ երեխաներից մեկին որդեգրելու համար։ Ինչ է, հայաստանցուն պատիվ չի՞ բերում։

Petros

Quote from: Abegha on March 30, 2006, 07:51:18 PM
Որդեգրման բազում դեպքեր կան։ Փորձեք մտնել մանկատներ, այնտեղ հարյուրավոր գեղեցկադեմ հայ փոքրիկներ կարոտով սպասում են, որ մեկն իրենց մայրություն անի։ Նույնիսկ դեպքեր կան, երբ ամերիկահայերն են դիմել այդ երեխաներից մեկին որդեգրելու համար։ Ինչ է, հայաստանցուն պատիվ չի՞ բերում։

Իմ կարծիքով սա լավագուն լուծումն է: Հա՛մ երեխան կուրախանա, հա՛մ էլ կասկածանքի առիթ չի լինի, թե որն է ճիշտ: