Սուրբ Պողոս

Started by Mariam, July 02, 2005, 11:14:23 PM

Previous topic - Next topic

Mariam

Իմ ընթերցման հիմքը

Ստվածաշունչը Սուրբ Հոգու ներշնչմամբ գրված հրաշալի ու սուրբ գրքերի մի հավաքածո  է, որին ամեն մի գիրք իր տեղն ու դերն ունեցավ Աստուծո հայտնության գործունեության – պրոսեսի - ընթացքին:
Ու անձնապես, Հին Կտակարանով ծանոթանում  եմ Աստուծո ընտրած ժողովրդի հետ ու նրա մեջ կատարված «դաստիարակչական» աշխատանքի հետ, որպեսզի Աստված նրան պատրաստի Հիսուս Քրիստոսի բերած Ավետիսը ընդունելուն : Բայց Հին Կտակարանը չէ  բուն Ավետիսի հայտնողը այլ այս Ավետիսը պատրաստողը, որ մարդկությանը , Հրեա ժողիվրդի միջոցով, պատրաստեց Իր Ճշմարտությունը ընկալելու. Ավետարաննե'րն են ամբողջ մարդկության սպասած Ավետիսը , ու Ավետարաններից ոչ մի խոսք կարելի չէ ջնջել: Ավետարանները մեզ հաղորդակից են դարձնում մեր Տիրոջ' Հիսուս Քրիստոսի Անձի հետ, ու սրբություն են:
Նոր կտակարանի մյուս գրքերը Եկեղեցու առաջին քայլերն են, նրա հիմքը, որին վրա նա զարգացավ, և որին մեջ նա պարտավոր է միշտ իր ներկային վերլուծությունը կատարելու. քննել ու քննադատել մենք մեզ, վերանորոգել մեր խանդավառությունը ու ստանալ հավատի հիմքերը, որին վրա է կառուցված մեր այսօրվա եկեղեցական կյանքը:
Սակայն, եթե եկեղեցու հավատը ոչ թե «զարգացավ», այլ մշակվեց, նույնպես ներկայումս Նոր Կտակարանի այս մյուս գրքերը չեն ամփոփում ամբողջ Եկեղեցու փորձառությունը, ու երբ Նոր Կտակարանում առաջին քրիստոնյա համայնքի վարք ու բարքի մասին տեղեկություն է փոխանցում, այդ չի նշանակում թե այս ապրելաձևը նաև մերը պետք է լինի: Անհրաժեշտ է Սուրբ Հոգուց կողմից ներշնջված այս գրքերը խորապես ուսումնասիրել, ու նրանցից ներշնջվել, ու վառ պահել մեր մեջ նրանց ազդեցությունը, բայց այդ չի նշանակում որ պիտի ընդօրինակեմ, կրկնեմ նույնությամբ առաջին հավատացյալների ապրելակերպը ամեն ինչում: Օրինակ, պատարագը «մշակվեց» ու հարստացավ ու իր վերջնական ձևը ստացավ միջնադարում: Ու մենք «հացը» չպիտի «բեկանենք» մեր տուների մեջ, ինչպես գրված է Գործոց գրքում:
Այսպիսով, նաև կխուսափենք Հայտնության գրիքը միամտորեն ընթերցելուց, ընթերցում մը որ մեզ տանելու էր «սատանայի դրոշմից» վախեցողների ետևից:
Նույնպես, երբ Սուրբ Պողոսը խոսում է Հավատի ճշմարտությունների մասին, բացարձակ հավատ եմ ընծայում իր խոսքերին, բայց եթե անդրադառնա իր ժամանակակից համայնքի մեջ կայացած սովորությունների մասին, անձնապես նախընտրում եմ հետևյալ կեցվածքը որդեգրել. անպայման պետք է նրա խոսքերի « հետի, խորքի» իմաստը ըմբռնեմ ու վարվել ըստ այս իմաստին: Երբ գլխաշորի մասին է արտահայտվում, ակնարկում է հրեական ընկերության մեջ ստիպողական սովորության մը, որ հռոմեական ընկերության մեջ գոյություն չուներ , կամ այսպես ենթադրում եմ: Իմ կարծիքովս Սուրբյ Պողոսը կնոջ բնությունը ընկալում է ճիշտ ըստ հրեական մոդելին, այսինքն կնոջ դերն ու տեղն ընկերության մեջ ընկալում է իբրև հրեական Օրենքի նախկին ջատագովը ու պաշտպանը: Հրեական Օրենքը անփոփոխ չընդունվեց քրիստոնյաների կողմից - օրինակ' կերակուրների արգելքների վերացման պատմությունը - ու արտոնված է ինձ մտածել այս մոդելի ճշտության մասին:
Եթե իմ քահանան, որին խոսքերը սակայն չեն գրված Աստվածաշնչում, կարող է սխալվել երբ անդրադառնում է աշխարհական խնդիրների մասին – ինչպես վերջերս կատարվեց Թագավորութայն ջատագովը հանդիսանալով – ես պարտավոր չեմ նրան հնազանդվելու: Նրան հարգում եմ իբր քահանա, նրա խորհուրդների մեծ կարիք ունեմ, եթե անոնք վերաբերեն Աստուծո Թագավորությանը , այսինքն Հիսուս Քրիստոսի բերած Փրկությանը , բայց եթե ինձ փորձի համոզել թե մեր ժամանակներում թագավոր մը պետք է Հայաստանին, եթե նոր ամուսնացած կնոջ մերժի Սուրբ Հաղորդությունը տալ մինչև «քառասունքը» լրանալը ու «մաքրվի պղծությունից» - Հրեական օրենքի համաձայն ծննդաբերող կինը քառասուն օր անմաքուր է նկատված, պիղծ, ու ոչ հեռու ժամանակներում Հայ Եկեղեցին մերժում էր նրան Սուրբ Հաղորդությունը տալ այս ժամանակահատվածում ու զարմանքս մեծ է, որովհետև ծննդաբերելը սրբացնում է ու մայրը,հայրն ու նորածինը Աստուծո Սիրո մի պատկեր են  -, կամ, նմանապես, եթե նոր ամուսնացած կինը «պիղծ» էր համարվում, ու չեր կարող հաղորդվել քառասուն օր շարունակ մինչ տղամարդուն այնպիսի արգելք չէր լինում, հակառակ որ ամուսնությունը օրհնված է եկեղեցում ու մի սուրբ խորհուրդ է, անձնապես այդպիսի սովորությունները համարում եմ սխալ, տրամաբանությունից զուրկ ու դուրս, անպետք ու վնասակար: Ու կարող եմ այս մասին արտահայտվել: Սրանք մեր հին ու նոր բարքերի հետ են կապված և ո'չ թե աստվածային ճշմարտության հետ: Իմ ասածս սակայն չի նշանակում որ Աստված մարդուն ազատ թողեց որոշելու համար իր որդեգրած բարքերի մասին: Միասեռականությունը, որին մասին Հայր Սուրբը ակնարկեց, դատապարտված է հրեական օրենքում, Նոր կտակարանում ու նաև Ավետարաններում:
Չգիտեմ' որքան կարողացել եմ հստակորեն իմ ընթերցման հիմքը բացատրել:
Հույսով եմ որ Աստվածաշունչը միակողմանիորեն չէ մեկնաբանված Հայ Եկեղեցու կողմից, ու Աստվածաշունչի իմ ընթերցումը կարող է նաև իր տեղն ունենալ Հայ Եկեղեցում:
Ձեր օգնությամբ օգտակար կլինէր ինձ Սուրբ Պողոսի խոսքերը վերստին ընթերցել:

Mariam

#1
Սուրբ Պողոսի նամակներին սկսածս վերընթերցումը փարատեց իմ անարդար կարծիքը նրա մասին, ու հազար ներողություն եմ խնդրում հավատի մեջ մեր հորից: Սուրբ Պողոսի խոսքերը, դժբախտաբար, աղավաղվում են երբ անզգուշորեն անջատվեն ընդհանուր նամակից ու «նետվեն» հավատացյալի երեսին, նրան հլու-հնազանդ լինելու պարտադրանքը հիշեցնելու նպատակով:
Նախաբանս պիտի լինի Սուրբ Պողոսի այն խոսքերը, որոնք վերաբերում են հրէությունից ավանդ դարձած թլփատության խնդրին քրիստոնյա նոր Եկեղեցում: Հիշեցնում եմ իր այս խոսքերը, որովհետև նրանք են մեր բոլորիս՝ Քրիստոնյաներիս նպատակը.
Գաղատացիներին ուղղված նամակում. 3,23- 4,6 «Դուք բոլորդ, որ ի Քրիստո մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք. ուրեմն խտրություն չկա ո՛չ հրեայի և ոչ հեթանոսի, ո՛չ ծառայի և ո՛չ ազատի, ո՛չ արուի և ո՛չ էգի. Որովհետեւ դուք ամենքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս:»
Այս խոսքերը կրկնելը անհրաժեշտ է ամեն անգամ երբ, ինչպես Եփեսացիներին ուղղված նամակում, Եփես 5, 21-6,9 ,«հնազանդության» ընդհանուր կոչ է անում, սակայն միշտ փոխադարձ սիրո պատվիրանի լույսի տակ: «Հնազանդուեցէք միմիեանց Քրիստոսի երկիւղով: Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպէս կը հնազանդուէին Տիրոջը...Մարդի՛կ, սիրեցէք ձեր կանանց, ինչպէս որ Քրիստոս սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար, որ սրբացնի աւազանի մաքրութեամբ խոսքով...
Որդինե՛ր, հնազանդ եղէք ձեր ծնողներին ի Տէր,... Հայրե՛ր, մի զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէ՛ք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով:
Ծառաներ, հնազա՛նդ եղեք ձեր մարմնավոր տէրերին ահով և դողով և անկեղծ սիրով, ինչպես հնազանդ էք Քրիստոսին. ոչ թէ հսկողութեան տակ ծառայելով, որպես մարդահաճոյ անձեր, այլ՝ որպես Քրիստոսի ծառաներ՝ կատարելու համար Աստուծո կամքը: Յօժառությամբ ծառայեցե՛ք, ինչպէս պիտի ծառայէք Տիրոջը և ոչ թէ՝ մարդկանց: Իմացէ՛ք, որ իւրաքանչիւր ոք՝ թէ՛ ծառայ և թէ՛ ազատ, ինչ բարի բան որ անի, նոյն էլ կստանա Տիրոջից: Եւ դուք, տէրեր, նոյնն արէ՛ք նրանց հանդէպ՝ մի կողմ թողնելով սպառնալիքները. իմացէ՛ք, որ ե՛ւ նրանք, ե՛ւ դուք Տէր ունէք երկնքում, եւ նրա առաջ աչառութիւն չկայ:»
Մեկ ուղղությամբ չեն ընթանում սուրբ Պողոսի հորդորները, այլ ընդգրկում են մարդկային հարաբերությունների բոլոր ոլորտները ու միակողմանի չեն, որպեսզի սրբությամբ ապրելով մեր կյանքը, հավատով մեծանանք:
Նույնպես, Հռոմէացիների ուղղված նամակում, երբ սուրբը գրում է.
«Ծառաներ, հնազա՛նդ եղեք ձեր մարմնավոր տէրերին ահով և դողով և անկեղծ սիրով, ինչպես հնազանդ էք Քրիստոսին. ոչ թէ հսկողութեան տակ ծառայելով, որպես մարդահաճոյ անձեր, այլ՝ որպես Քրիստոսի ծառաներ՝ կատարելու համար Աստուծո կամքը: Յօժառւթյամբ ծառայեցե՛ք, ինչպէս պիտի ծառայէք Տիրոջը և ոչ թէ՝ մարդկանց: Իմացէ՛ք, որ իւրաքանչիւր ոք՝ թէ՛ ծառայ և թէ՛ ազատ, ինչ բարի բան որ անի, նոյն էլ կստանա Տիրոջից: Եւ դուք, տէրեր, նոյնն արէ՛ք նրանց հանդէպ՝ մի կողմ թողնելով սպառնալիքները. իմացէ՛ք, որ ե՛ւ նրանք, ե՛ւ դուք Տէր ունէք երկնքում, եւ նրա առաջ աչառութիւն չկայ:»
Հռոմ.13,1-5 « Ամեն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակի նրան. քանզի չկա իշխանութիւն, որ Աստծուց չլինի. Եւ եղած իշխանությունները Աստծուց են կարգված: Հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակում. քանի որ իշխանությունները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի: Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանություններից. բարին գործիր եւ նրանից գովասանք կստանաս, որովհետև նա Աստծու պաշտոնեայ է քեզ՝ բարի գործերի համար. Իսկ եթե չար գործես, վախեցիր. քանի որ սուրը մէջքին ի զուր չէ կապված. Աստծու սպասաւոր է նա, վրէժխնդիր՝ բարկութեան համար, նրա դէմ, որ չարն է գործում. դրա համար պէտք է հնազանդուել ոչ միայն բարկության համար, այլ նաեւ խղճմտանքի պատճառով. ...»

Սուրբի մտահորիզոնից հեռու են ոչ հեռավոր ժամանակներին բոլոր ֆաշիզմերը ու ժամանակակից բռնակալությունները, երբ մարդը բանտարկվում է, խոշտանգվում հենց բարի գործերի համար:
Սուրբ Պողոսի գրածներից մեջբերումներ անելիս, չպիտի զատենք մի խոսքը ուրիշից: Սուրբ Պողոսը չխոսեց չար գործերի հեղինակներին վարձատրող ու բարի գործեերի հեղինակներին պատժող, բանտարկող ու խոշտանգող ֆաշիզմների ու բոլոր բռնապետությունների մասին: Սուրբ Պողոսն ու Աստվածաշունչը ինձ ու մեզ ազատ է թողնում կողմնորոշելու' դիմադրելու կամ հնազանդելու այնպիսի ռեժիմների պարագային:

Այստեղ էլ, հնազանդ լինելու հրամանը ի'նքը հնազանդ է առաջին հրամանին՝ սիրո հրամանին:

Աստվածաշունչը մի հրաշալի դաստիարակ է, ու սուրբ Պողոսը մի հրաշալի մարդ, որի խոսքերի վրա կարելի է հաստատել ընտանեկան սուրբ բարքերը: Նաև սուրբ լինելու, ու սուրբ սիրով միմյանց սիրելու անդադար նրա կոչերը հիմքն են եկեղեցու:

Նաև վստահ եմ որ աշխարհի տէրերին ծառայելու ու հնազանդ լինելու նրա բոլոր հորդորները չեն արգելում որ ինքը ավելի կատարյալ էր համարում մարդկամց միջև հավասարության ու փոխադարձ սիրո վրա հիմնված հարաբերությունների այլընտրանքը:  Ազատված գերիների օրինակներ փնտռելու եմ Աստվածաշունչում:

Ա. Տիմոթ.6,1
«  Բոլոր նրանք, ովքեր ծառայութեան լծի տակ են, նրանցից իւրաքանչիւրը թող իր տէրերին պատուի արժանի համարի, իսկ նրանք, որ հաւատացեալ տէրեր ունեն, թող չարհամարհեն, որ նրանք ԵՂԲԱՅՐՆԵՐ են, այլ ավելի լավ ծառայեն, քանի որ հաւատացեալներ են եւ ՍԻՐԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐ, որոնք յանձն են արել բարերարութիւնը:»

Ջանացել եմ «իմ ակնոցով» կատարածս ընթերցումս Ձեզ փոխանցել.  սուրբ Պողոսի մտքի մեջ նրբերանգներ են առաջացել, ու նաև հրեական սկզբունքը, որի համաձայն աստվածային  ակունք տրվում է աշխարհական ամեն իշխանության, մասամբ կսրբագործվի Կողոսացիներին ուղղված թղթում.
Կողոս.1, 12-20 « Գոհութիւն Հօրը, որ մեզ արժանացրեց մասնակից լինել լուսաբնակ սրբերի վիճակին. նա փրկեց մեզ խաւարի իշխանութիւններից եւ մեզ փոխադրեց արքայութիւնն իր սիրելի Որդու, որով փրկութիւն ունենք նրա արեամբ եւ մեղքերի թողութիւն ՝ նրա մարմնով:
Նա է պատկեր աներեւոյթ Աստծու, անդրանիկը բոլոր արարածների. որովհետեւ նրանով ստեղծուեց այն ամենը, ինչ որ ենկնքում է եւ ինչ որ՝ երկրի վրա...թե՛' գահեր, թե' պետութիւններ, թե իշխանութիւններ,- ամէն ինչ նրանո'վ եւ նրա' համար ստեղծուեց...որովհետեւ Աստուածութեան լրիւ ամբողջութիւնը նրա մէջ հաճեց բնակուել եւ նրանով հաշտեցնել ամէն ինչ իր հետ՝ խաղաղութիւն անելով խաչի վրայ թափած իր արեամբ ե'ւ երկրի վրայ, եւ երկնքում եղածների համար: » ու հաջորդ նախադասութիւնը մատնանշում է ամբողջ մարդկության տրված նույն փրկությունը, ու բոլորին եղբայրությունը Հիսուս Քրիստոսում:

Այս փոխադարձ սիրո լույսի տակ, փոխվում է հնազանդ լինելու հրահանգը. երբ աշխարհական տէրը հավատացեալ է ու եղբայրական սիրով սիրում է իր ծառային, միթէ՞ նրանց հարաբերությունների բնույթը բոլորովին փոխված չէ: Նույնպես ընտանիքի անդամների միջեւ սիրո վրա հաստատված հարաբերությունները ուրիշ իմաստ չե՞ն տալիս հրանագված հնազանդության: Ու ավելացնեմ, եկեղեցում հաստատված կարգը հաստատված չէ՞ հավատացյալների ներդաշնակության համար, աղոթքի ընթացքի տրամաբանությունը որոշված չէ՞ բոլոր հավատացյալների հանդեպ ունեցած հանգանքի վրա ու եղբայրասիրական կյանքի հիման վրա:

Քրիստոսի խաչի տակ ենք բոլորս հավաքված ու Նրանից ստանում ենք Կյանքը ու միմեանց սիրելու պատվիրանը:  Մնացյալը՝ եկեղեցում թե ընկերությունում հաստատված կարգուկանոնները պետք է ծառայեցնենք այս առաջին ու միակ պատվիրանին:
Շնորհակալություն, եթե կարդացել էք իմ այս նամակը: Սպասում եմ Ձեր մտածումներն ու մեկնաբանությունները:

Mariam

Ստրկության մասին Սուրբ Պողոսի ասած հնազանդությաան խոսքը լուսավորվում է Շմեմանի ասած խոսքով, թե՝ ստրկությունը վերացել էր, որովհետև հակոտնյա էր քրիստոնեական եղբայրասիրությանն ու քրիստոնեության էությանը:
Ոչ մի քրիստոնյա չէր կարող նրա ծառայության պահել մի ստրուկ - ըստ Աստծու պատկերի ստեղծված և ստրկացած  մի ուրիշ մարդ արարած՝ մի եղբայր:
Ուրեմն իսկապես Սուրբ Պողոսի խոսքերը ամենեն ազդեցու հեղափոխության ջատագով են՝ թաքուն ընդդիմության, երբ հավատացյալը հնազանդվում է իշխանություններին, սիրելով իշխանությունը ու անդադար աղոթելով, որպեսզի միմիայն արդարն ու ճշմարիտը հաստատվեն:
Մի լուռ ու եղբայրական «կռիվ» է տեղի ունենում, երբ քրիստոնյա մերժում է ոչ միայն արյուն թափել, այլև չար խոսք ասել դիմացինի հասցեին, սակայն նրա արտաքնապես «պասիվ» հնազանդության տակ թաքնված է աղոթքի ուժն ու աղոթարար մարդու արդարության փնտռտուքը, որը Քրիստոսի խոստումով պսակվելու է հաջողությամբ՝« Իմ արած գործերից ավելի մեծ գործեր կանեք Իմ Անունով» - հիշողությամբ:

Mariam

Սուրբ Պողոսի հնազանդության խոսքերը  պիտի կարդացվեն Ղուկաս 4, 16-19 ավետարանական խոսքերի լույսի ներքո:
Հիսուս մտել է հրեաների տաճառը, բացում է սուրբ գիրքը, ու կարդում է Եսայի մարգարեի մարգարեությունը. «Տիրոջ Հոգին իմ վրա է, դրա համար ինձ օծեց, ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեքեալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողություն, կեղեքուածներին ազատ արձակելու...տարին հռչակելու» «Այսօր այս գրվածքները կատարուեցին:»
Անպայման զուգահեռ կատարելու ենք Մաթ.12, 18-21ում Եսայի մեջբերված խոսքերի հետ  -Ես. 42,1-4 - ուր Քրիստոսը Աստծու խոնարհ ծառայի նման « Նա ո'չ պիտի հակառակի եւ ո'չ պիտի աղաղակի ... մինչեւ որ արդարութիւնը յաղթանակի հասցնի...»
Գերիների ազատում ու ընդհանրապես արդարությունը քրիստոնեական սուրբ նպատակ է, սաքայն հասնելու չեն հեղափոխությամբ: Աստծու ծառայի խոնարհությունն ու հեզությունը չի նշանակում սակայն անտարբերությունը դասակարգային համակարգի նկատմամբ ու մարդկանց միջև հաստատվելիք հավասարության նկատմամբ: Միջոցներն են խիստ տարբերվում:
Նույնպես ավետարաններում չկան խոսքեր, որոնք կանանց վերագրում են այնպիսի թերություններ, որի պատճառով ստոր արարածներ համարվեն ու արհամարհվեն:
Սուրբ Պողոսը ավետարանների բովանդակությունից քաջ տեղյակ էր, ու նա չէր կարող ո'չ հակասել, ո'չ նսեմացնել ավետարանների ու մարգարեների ճշմարտությանը գերիների ցանկալի ազատագրման վերաբերյալ: Ուրեմն, նրա խոսքերը պիտի շատ նրբորեն հասկանանք ու կիրարենք: Նոյնպես, նրա խոսքերը՝ կանանց հնազանդվելու վերաբերյալ:

Mariam

Ո՞վ ինձ վերջնականապես կհաշտեցնի Սուրբ Պողոսի հրաշալի Աստվածաբանի, Հավատի Սյունի, «Առանց սիրո, ոչինչ եմ» տողի հեղինակի հետ:
Ո՞վ ինձ կբացատրի իր - իմ կողմից նկատված - բացասական վերաբերմունքը կանանց հանդեպ: Մեղքը եկել է աշխարհ մի կնոջ մոջոցով, բայց Շնորհը եկել է աշխարհ մի ուրիշ Կնոջ միջոցով...
Նույնաժամանակ կհաշտվեի, ե'վ սուրբՊողոսի, ե'վ  Հայ Եկեղեցու հետ - որ քայլ առ քայլ հետևում է սուրբ Պողոսի խոսքերին:
Ո՞վ ինձ վերջնականապես կհաշտեցնի այս տողի հեղինակի հետ. «Եթե մեկը հակառակելու ցանկությունն ունենա, թող իմանա, թե  այդպես չէ Տիրոջ Եկեղեցու սովորությունը:»( հիշողությամբ)

Mariam

#5
Երևի...Ո'Չ ՄԵԿԸ:
Կսպասեմ տարիներով...Երկար տարիների չափ համբերություն ունեմ...
Բայց երևի՝ ո'չ մեկը:

Abegha

Մարիամ ջան, ուշադրությամբ կարդացի գրածդ և ուրախ եմ ընկալմանդ համար։
Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ Հին Կտակարանն անտեսելը ճիշտ չէ, որովհետև Հիսուս չեկավ ջնջելու, այլ լրացնելու, հետևաբար քրիստոնյաների համար ևս այն անջնջելի արժեք է։
Չեմ կարծում նաև, որ Առաքյալը բացասական վերաբերմունք ունի կանանց նկատմամբ։ Երբ Առաքյալը կանանց հնազանդության մասին է խոսում, չի նշանակում, որ բացասական է արտահայտվում կանանց մասին։ Հնազանդության մասին խոսել չի նշանակում ստրկությունը ջատագովել։ Երկյուղի մասին խոսել չի նշանակում վախի մասին խոսել։

Mariam

Շնորհակալություն ձեր բերած լուսաբանությանց համար:
Գիտե՞ք, եկեղեցում սակայն  երբեմն ուրիշների հանդեպ ցուցաբերված արհամարհանքի օրինակները մեր վրա մեծ ազդեցություն են ունենում, ու ակամա ընդհարացնումներ կատարելով սխալ վարմունքն ու սիրո պակասը վերագրում ենք ամբողջ եկեղեցուն:
Կարո՞ղ եմ մի հարց ուղղել.
Աստվածաշունչ կարդալիս, պիտի ընդունենք ու հիմնվե՞նք «աստիճանական ճշմարտացիության» վրա, թե՞ ոչ:Բացատրեմ՝  նոր կտակարանի ուրիշ գրքեր ունե՞ն Ավետարանների նույն ճշմարտացիությունը, ճշմարտության նոյն «աստիճանը», թե ո'չ: Եվ Հին կտակարանին տա՞նք Նոր կտակարանի ունեցած ճշմարտության նույն աստիճանը:
Անպայման՝ Հիսուս Քրիստոսի ասած Խոսքը հրի պես կիզող է ու ճշմարիտ որպես Աստված: Սրբի խոսքը նոյն հայտնաբերո՞ւմ է պարունակում, նույն ճշմարտացիությո՞ւն: Իմ կատարած ընթերցման ինչպե՞ս կանդրադառնա այս հանգամանքը:

Mariam

Նոր հասկացա Սուրբ Պողոսի խոսքերն կարդալիս կատարված սովորական սխալները՝ ընդարձակելով նրա խոսքերի իմաստն ու նրանց բացարձակ արժեք տալով, մոռանալով, որ աննոնք ՝ մի եկեղեցում ծագած խնդրի մը վերաբերյալ սրբի պատասխանն էին :
Խոստանում եմ սրբին մոտենալ մի ուրիշ տեսանկյունից, փորձելով հասկանալ նրա մտահոգություններից բխած նրեշնչված պատասխանների հավերժական իմաստը:

Mariam

Ինձ օգնած եղողներին ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել:
Հիմա ոչ միայն ինձ հաջողվում է հասկանալ Սուրբ Պողոսի խոսքերը, այլև սիրել նրան հենց այս խոսքերի պատճառով,
սիրել ու հիանալ նրանց բովանդակալից իմաստի վրա:
Եվ ո'չ միայն այն, այլև՝ իմ սիրելի երիտասարդ աղջկա բացատրել նրանց իմաստը, խորհրդակցել նրա հետ այս խոսքերի շուրջ,
և միշտ ներկայացնել նրան Սուրբ Պողոսի թողած հարուստ հոգևոր ժառանգությունը:
Միշտ մեծ ուրախություն է մեզ երկուսիս՝ տանն և հետո եկեղեցում, լսել ու ընկալել Սուրբ Պողոսի հիանալի հոգևոր ըմբռնումը
: