Վարդավառի Գ. օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Պայծառակերպության տոն կամ Վարդավառ,

Մի քանի խոսք Պայծառակերպության տոնի առիթով։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Ելք, 19. 16-20

Երրորդ օրն առաւօտեան Սինա լերան վրայ որոտներ լսուեցին, փայլատակումներ ու միգախառն ամպ երեւաց. եւ շեփորի ձայնը ուժգին հնչում էր: Բանակատեղում գտնուող ողջ ժողո վուրդը զարհուրեց: Մովսէսը ժողովրդին բանակատեղիից տարաւ Աստծուն ընդառաջ եւ կանգնեցրեց Սինա լերան ստորոտի շուրջը: Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստուած նրա վրայ իջել էր իբրեւ հուր: Նրա ծուխը բարձրանում էր ինչպէս հնոցի ծուխ: Բոլոր մարդիկ խիստ զարհուրեցին, որովհետեւ շեփորի ձայնը տարածւում էր աւելի հեռու եւ հնչում էր չափազանց ուժեղ: Մովսէսը խօսում էր, իսկ Աստուած որոտաձայն պատասխանում էր նրան: Տէրն իջաւ Սինա լերան վրայ, լերան կատարին: Տէրը Մովսէսին կանչեց լերան գագաթը, եւ Մովսէսը բարձրացաւ այնտեղ:

    Թագավորների երրորդ գիրք, 19. 11-16

Տէրն ասաց. «Վաղն առաւօտեան կելնես ու կը կանգնես լերան վրայ, Տիրոջ առջեւ: Տէրը կ՚անցնի, մի սաստիկ հողմ կը բարձրանայ, Տիրոջ առաջ կը խորտակի լեռները, փուլ կը տայ ժայռերը, սակայն Տէրն այն հողմի մէջ չի լինի: Հողմից յետոյ երկրաշարժ կը լինի, սակայն Տէրը երկրաշարժի մէջ չի լինի: Երկրաշարժից յետոյ կրակ կը թափուի, սակայն Տէրը կրակի մէջ չի լինի: Կրակից յետոյ մեղմ օդի ձայն կը լինի»: Երբ Եղիան լսեց Աստծու ասածը, իր կաշուէ վերարկուով ծածկեց երեսը, եկաւ ու կանգնեց քարայրից ներս: Եւ ահա մի ձայն ասաց նրան. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»: Եղիան ասաց. «Նախանձախնդրութիւն ունեցայ ամենակալ Տիրոջ համար, քանզի իսրայէլացիները դրժեցին քո ուխտը, քո զոհասեղանները քանդեցին, քո մարգարէներին սրակոտոր արեցին: Միայն ես եմ մնացել, եւ ինձ էլ փնտռում են, որ սպանեն»: Տէրն ասաց նրան. «Վերադարձի՛ր քո ճանապարհով, գնա՛ Դամասկոսի անապատով, եւ երբ հասնես, Ազայէլին ասորիների թագաւոր կօծես, Ամեսսէի որդի Յէուին՝ Իսրայէլի թագաւոր, իսկ աբելմաուլացի Սափատի որդի Եղիսէէին կ՚օծես մարգարէ քո փոխարէն:

  Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, 12. 18-27

    Դուք չէք մօտեցել շօշափելի լերանը, որ կրակով էր այրւում եւ պատած էր մէգով, մառախուղով, խաւարով եւ մթութեամբ, ուր փողն էր հնչում եւ պատգամների ձայնը, այնպէս որ, ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խօսքը չկրկնուի իրենց համար, քանի որ չէին դիմանում այն հրամանին, թէ՝ թէկուզ եւ գազան մօտենայ լերանը, կը քարկոծուի: Եւ այնպէս ահազդու էր տեսիլքը, որ Մովսէսն ասում էր. Սարսափում եմ եւ դողում: Բայց դուք մօտեցել էք Սիոն լերանը եւ կենդանի Աստծու քաղաքին, երկնային Երուսաղէմին, հրեշտակների բիւրաւոր բանակներին, երկնքում գրուած անդրանիկների հանդիսաւոր ժողովին, բոլորի դատաւոր Աստծուն, կատարելութեան հասած արդարների հոգիներին եւ Յիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, եւ նրա արեան հեղումին, որ աւելի խօսուն է, քան արիւնն Աբէլի: Զգո՛յշ եղէք, չլինի թէ հրաժարուէք Նրանից, ով խօսում է. որովհետեւ, եթէ նրանք երկրի վրայ Աստծու պատգամները տուող Մովսէսին մերժելով չազատուեցին, որչա՜փ եւս առաւել չպիտի ազատուենք մենք, եթէ թիկունք դարձնենք երկնքից սողին, որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում եւ ասում. Մի անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաեւ՝ երկինքը: Եւ «մի անգամ էլ»-ը ցոյց է տալիս, որ շարժուած բաները պիտի փոփոխուեն, որպէսզի անշարժ բաները մնան հաստատուն:

    Ավետարան ըստ Ղուկասի, 9. 27-36

Բայց, արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ չտեսնեն Աստծու արքայութիւնը»: Եւ այս խօսքերից մօտ ութ օր յետոյ, իր հետ վերցնելով Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին, նա լեռ ելաւ աղօթքի կանգնելու: Եւ երբ աղօթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպուեց, նրա զգեստը փոխուեց եւ փայլուն-սպիտակ դարձաւ: Եւ ահա երկու մարդիկ խօսում էին նրա հետ: Նրանք Մովսէսն ու Եղիան էին, որոնք փառքով երեւալով՝ խօսում էին նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղէմում: Իսկ Պետրոսը եւ նրա հետ գտնուողները քնի ծանրութեան տակ՝ արթնացան ու տեսան նրա փառքը եւ երկու մարդկանց, որոնք նրա մօտ կանգնած էին: Եւ երբ դրանք նրանից հեռանում էին, Պետրոսը Յիսուսին ասաց. «Վարդապե՛տ, լաւ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղաւար շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկը՝ Եղիայի համար»: Եւ չէր իմանում, թէ ինչ էր խօսում: Եւ երբ այս ասում էր, մի ամպ եկաւ ու նրանց վրայ հովանի եղաւ. եւ երբ նրանք ամպի տակ ընկան, վախեցան: Ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա՛ է իմ ընտրեալ Որդին, լսեցէ՛ք դրան»: Եւ մինչ խօսքի ձայնը դեռ գալիս էր, Յիսուս միայնակ գտնուեց. եւ նրանք լսեցին ու այդ օրերին ոչ ոքի չպատմեցին իրենց տեսածներից եւ ոչ մի բան:

 

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԳՁ. Գ. օր Վարդավառի:

Օրհ. գձ. Այսօր որ Էնն, իւր սարօքն: Մեծ. դկ. Աստուածածին պայծառ։ Մնկ. դկ. ստղ. Լերինք ամենայն (յատեանն)։ Գիրք, Աւտրն., Էական, Քրզ. Խնդր., Կեցո, Աղթ. Քում ամենազօր։ Ժմտ. Երեւի Տէրդ այսօր: Ճշ. շրկ. գձ. Այսօր որ Էնն։ Սրբ. Հրեշտակային։ Հմբ. դկ. ստղ. Լերինք ամենայն (յատեանն)։ Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան:

, , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ