Սեր Սուրբ Գրքի նկատմամբ

«Սքանչելի են Քո վկայությունները, դրա համար հոգիս սիրեց դրանք:
Քո խոսքերի հայտնությունը լուսավորում և իմաստնացնում է պարզամիտներին»:
(Սաղմոս ՃԺԸ 129-130)
------------------------------------------------------------------

Ինչպես պետք է մեզ սիրել Աստծո խոսքը։ Մենք՝ քրիստոնյաներս, ոչ մի այլ բանով չպետք է այնպես մխիթարվենք և ուրախանանք, ինչպես Նրա սուրբ խոսքով։ Աստծո խոսքը Նրա բերանի խոսքն է, ինչպես վկայում է Դավիթ մարգարեն. «Քո բերանից ելած օրենքն ինձ համար ավելին է, քան հազարներով արծաթ ու ոսկի» (Սաղմ. ՃԺԸ 72)։ Հետևաբար, ինչ ջանասիրություն, սեր ու անհագ ծարավ պետք է ունենալ այն ընթերցելու և լսելու համար։ Ամեն անգամ, երբ կարդում կամ լսում ենք Աստծո սպասավորի ընթերցումները, լսում ենք մեզ հետ զրուցող մեր Տեր Աստծուն։ Եվ եթե սիրով ենք լսում մեզ հետ զրուցող երկրավոր թագավորին (յուրաքանչյուր ոք սա մեծ պատիվ է համարում), ապա առավել սիրով և հոժարությամբ պետք է լսել մեզ հետ խոսող Աստծուն՝ երկնքի և երկրի Թագավորին։ Նա պատվել է անարժաններիս Իր ողորմությամբ, և պատշաճ չէ, որ մենք անտեսենք Նրա այդ մեծ ողորմությունը, այլ մանավանդ սիրահոժար ունկնդրությամբ կամ Նրա խոսքի ընթերցանությամբ մեր երախտագիտությունը հայտնենք Նրան և հավատանք (այն ամենին), ինչ հայտնում ու խոստանում է խոսքը, կատարենք, ինչ հրամայում է, խույս տանք (այն ամենից), ինչ արգելում է։

Այստեղից էլ ակնհայտ է, թե ինչ անիմաստ և, մանավանդ, անօրեն բան է, երբ քրիստոնյաները խուսափում են Աստծո խոսքից։ Շատերն այս կենդանարար ու սուրբ աղբյուրը թողած՝ զվարճանում են անպիտան գրքերով, որոնք ուրախացնում են մարմինը, բայց այլասերում հոգին, և նմանօրինակ ընթերցանությամբ կործանում են սեփական անձը, այլ ոչ թե կերտում։ Ոմանք ջանում են իմանալ, թե ինչ է կատարվում Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում և այլ հեռավոր երկրներում, բայց իրենց անձերին ու իրենց մեջ նայել չեն ուզում։ Աստծո խոսքի լույսով չեն ձգտում ճանաչել, թե ի՞նչ է կատարվում իրենց հոգու հետ, ի՞նչ վիճակում է այն: Ոմանք էլ խոտերի, բույսերի, ծառերի և մնացածի բնությունն են ցանկանում զննել, բայց իրենց՝ մեղքով պղծված բնությունը Աստծո խոսքով քննել չեն ուզում։ Մյուսներն աստղերը հաշվել, հողը չափանշել են սովորում, բայց իրենց կարճ կյանքի օրերն ու անհամար հանցանքները, որոնցով ամեն օր մեղանչում են Տիրոջ առաջ («Իր հանցանքներն ո՞վ կարող է մտքում պահել» (Սաղմ. ԺԸ 13) Աստծո խոսքով տեսնել չեն ուզում։ Ուրիշները զօրուգիշեր սովորում են, որ հարստություն ձեռք բերեն, որը մարմնի հետ միասին թողնելու են այս աշխարհում, բայց հոգեշահ հարստություն Սուրբ Գրքից կուտակել չեն կամենում, և հոգու հետ այն աշխարհ գնացող հարստությունն արհամարհում են։ Ոմանք ձգտում են ողջ ու առողջ պահել վաղ թե ուշ աճյուն դարձող մարմինը, իսկ անմահ հոգու նկատմամբ անհոգ են և նրա ախտերն Աստծո խոսքով ճանաչել ու բուժել չեն ուզում։ Մյուսներն այլ բան են խորհում ու անում, իսկ այն, ինչ անհրաժեշտ է ըստ Քրիստոսի վարդապետության, անտեսում են։ Բոլոր սրանք և նրանց նմանները նման են այն մարդուն, ով գրոշները պահում է սնդուկի մեջ, բայց անփույթ է հազար ոսկեդրամի նկատմամբ, կամ էլ՝ նրան, ով խեղդվում է ջրում, սակայն, չմտածելով իր անձի մասին, ուզում է իր իրերը փրկել (ս. Տիխոն Զադոնսկի)։

,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ