Աստծո խոսքը պահելու մասին

«Ահա թե ինչու, դեն գցելով ամենայն աղտեղություն և չարիքի ավելցուկ, հեզությամբ ընդունեցե՛ք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները։ Խոսքը կատարողնե՛ր եղեք, այլ ոչ թե միայն լսողներ համարեցեք դուք ձեզ, քանի որ եթե մեկը միայն խոսքը լսող է և ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ հայելու մեջ ակնապիշ նայում է իր դեմքին։ Նայելով՝ տեսնում է ինքն իրեն, սակայն անցնում գնում է և անմիջապես մոռանում, թե ինչպիսին էր ինքը։ Իսկ ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ էլ հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ կատարում է այն, այդպիսի մեկը իր արածի մեջ երանություն կգտնի»

(Հակոբ Ա 21-25)։

—————————————————————————–

 

Անօգուտ է Աստծո խոսքը առանց գործերի կարդալը կամ լսելը։ Քրիստոսը երանի է տալիս ոչ թե նրանց, ովքեր լսում են Աստծո խոսքը, այլ նրանց, ովքեր լսում են ու պահում. «Երանի՜ նրանց, որ լսում են Աստծո խոսքը և պահում» (Ղուկ. ԺԱ 28)։ Ի՞նչ օգուտ այն ցանված սերմից, որը պտուղ չի տալիս։ Ոչ մի։ Ո՞րն է սննդի օգուտը ստամոքսին, եթե այն ավիշի ու արյան չի փոխակերպվում։ Միանգամայն անօգուտ է այդպիսի սնունդը։ Այդպես է նաև Աստծո խոսքի՝ աստվածային սերմի պարագայում, որն օգտավետ չէ, եթե լսողները չեն վերափոխվում։ Ինչպես որ մարմինն է հյուծվում և մահանում, երբ ստամոքսը, սնունդ ընդունելով, չի մարսում և ավիշի ու արյան չի փոխակերպում այն, այդպես էլ հոգին, որը թեպետ լսում է Աստծո խոսքը, որ հոգևոր սնունդ է, բայց ավիշի ու արյան չի փոխակերպում, այսինքն՝ հոգևոր առումով չի զորացնում լսած խոսքը, ուժասպառ է լինում ու կործանվում։ Այս պատահում է մարդուն այն ժամանակ, երբ նա Աստծո խոսքը լսելով` դրա համեմատ չի շտկում իր վարքը, չի դառնում Աստծուն, ի սրտե չի ապաշխարում, մեղքերից չի հրաժարվում և իր սրտում հոգևոր մխիթարություն չի գտնում։

Աստծո խոսքը մեզ հենց այն բանի համար է շնորհվել, որ մենք, լսելով այն, ուղղենք ինքներս մեզ ըստ Նրա խրատի։ Իսկ եթե այդպես չանենք, այն մեզ ոչ մի օգուտ չի տա։ Ճիշտ այնպես, ինչպես հիվանդը չի ապաքինվի, եթե չկամենա համապատասխան բուժում ստանալ, այդպես էլ մեր հոգևոր ախտերը բուժելու համար Աստծուց շնորհված խոսքը, ինչպես վերը նշեցինք, անօգուտ կլինի, եթե դրանով չբուժենք մեր ախտերը։ Ինչպես անօգուտ է վարպետի հմտությունը, եթե այն չի գործադրվում (նա անպայման կաղքատանա), այդպես էլ Սուրբ Գրքի քաջատեղյակությունն ու Տիրոջ կամքի իմացությունը շահ չեն, եթե Աստծո խոսքի ու Նրա կամքի համաձայն չջանանք ուղղել մեր վարքը (ս. Տիխոն Զադոնսկի)։

Երբ կարդում ես աստվածային Գրությունների խոսքերը, նախ աղոթի՛ր Աստծուն, որ բացի սրտիդ աչքերը, որպեսզի չբավարարվես գրված բառերը կրկնելով, այլ կարողանաս նաև գործադրել դրանք երկյուղով. թերևս քո իսկ դատապարտության համար ես ընթերցում Աստվածաշնչի կենարար խոսքերը (ս.Հովհաննես Ոսկեբերան)։

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի բոլոր գործերն ու խոսքերը կրոն են բարեպաշտության ու առաքինության. սրա համար մարմնացավ՝ ցույց տալով մեզ առաքինություն և բարեպաշտություն։ Որպեսզի յուրաքանչյուր ոք, ըստ կարողության տեսնելով, նախանձախնդրորեն ձգտի նախատիպին։ Քանզի սրա համար մարմին հագավ, որպեսզի և մենք, ըստ մեր կարողության, նմանվողներ լինենք Նրա վարքին (ս. Բարսեղ Կեսարացի)։

Տե՛ր, Դու իմ աղոթքով միշտ հաղթում ես իմ միջի դժոխքին, և եթե ես ցայժմ դեռ դժոխքում չեմ, այդ Քո՝ դժոխքը Հաղթողիդ ողորմությունն է, Տե՛ր։ Փա՜ռք Քեզ՝ Բարերարիդ և մեր Փրկչիդ։ Ինչ կլինեինք մենք առանց Քեզ. իսկական գազաններ, որոնք հոշոտում են իրար։ Ե՜րբ ենք մենք խորապես գիտակցելու ըստ Ավետարանի ապրելու անհրաժեշտությունը՝ մեր իսկ ժամանակավոր և հավիտենական բարիքի համար։ Իսկ այսօր ինչքա՜ն քիչ են նույնիսկ Ավետարան ընթերցողները (ս. Իոան Կրոնշտադտսկի)։

Սուրբ հայր Պամբոն գրաճանաչ չէր. և մի օր գնաց մի վարդապետի մոտ՝ սաղմոս ուսանելու։ Երբ լսեց 38-րդ սաղմոսի առաջին համարը. «Ասացի՝ զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզվովս չմեղանչեմ», այլևս չկամեցավ իմանալ շարունակությունը։ Նա ասաց. «Եթե սա գործով կատարեմ, այս համարն էլ ինձ բավական է»։ Իսկ այն վարդապետին, ով հանդիմանեց նրան՝ վեց ամիս իրեն չայցելելու համար, պատասխանեց. «Դեռևս գործով չեմ կատարել»։ Իսկ երբ բազում տարիներ անց նրա ծանոթներից մեկը հարցրեց նրան այն մասին, թե սովորե՞լ է արդյոք այդ սաղմոսը, պատասխանեց. «Քառասունինը տարում թերևս կարողացա սովորել այն» (Հայելի վարուց)։

Հոգևոր կյանքում Գրքերը միայն առաջնորդում են։ Բուն ճանաչողությունը գործով է ձեռք բերվում։ Նույնիսկ այն, ինչն ընթերցանությամբ է ճանաչվել, պարզ ու հանգամանալից կդառնա, երբ փորձարկվի գործով, և այլ կերպ կընկալվի (Ֆեոֆան Զատվորնիկ)։

Այստեղ հարկ է նշել Աստծո խոսքի բեղմնավոր ընթերցանության ամենաանհրաժեշտ պայմանը։ «Ճաշակելով» որևէ խրատ պարունակող Աստծո խոսքը՝ պետք է ջանալ անհապաղ կատարել այն, քանի դեռ սիրտը չի սառել։ Իսկ կատարելով մեկ անգամ՝ հաջորդ անգամ այն կատարելն ավելի դյուրին կլինի, քանզի այդպես բարի գործերի հմտություն ու վարժանք է ձեռք բերվում (Եբր. Ե 14)։ Եվ ընդհակառակը, հաջորդ օրվան հետաձգվող բարի մտադրությունը սովորաբար չի կատարվում, քանզի Աստծո խոսքի՝ մարդուն հաղորդած բարոյական ուժը՝ Նրա ներշնչանքին հետևելու այդ ուրախ վճռականությունը, մնալով անգործ, աստիճանաբար թուլանում է ու անհետանում։ «Միանգամայն անօգուտ է, – գրում է սուրբ Տիխոն Զադոնսկին, – կարդալ ու չպահել այն, ինչ սովորեցնում է Գիրքը։ Եթե կամքդ չուղղես, ապա այդ ընթերցանությունից ավելի չար կդառնաս, քան եղել ես»։ Բացի այդ, նմանօրինակ գործնական վերաբերմունքը Աստծո խոսքի նկատմամբ լավագույնս հավաստիացնում է Փրկչի վարդապետության՝ աստվածային լինելու իսկությունը։ «Եթե մեկն ուզում է Նրա կամքը կատարել, կիմանա այդ ուսուցման մասին, թե Աստծո՞ւց է արդյոք» (Հովհ. Ե 17) (1

———————————————————

(1) Как читать Библию? Москва, 1996, стр. 11.

,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ