Ես ոչինչ չհասկացա ձեր գրածից, թեև մի քանի անգամ կարդացի։
Պատկերացրեք մի հոլոգրաֆիկ նկար (չգիտեմ, թե հայերեն ինչպես կլինի. միգուցե բազմաշերտ?): Նայում ենք նրան, իսկ այնտեղից մի զայրացած պառավ մեզ վրա անեծքներ է թափում: Բայց բավական է մի փոքր փոխենք մեր տեսողական անկյունը նկարի հանդեպ, այնտեղից արդեն մի գեղեցիկ աղջնակ մեզ համբույրներ է ուղարկում:
Ասածս այն է, որ չեմ կարծում, որ Ձեր չհասկանալու պատճառը իմ չիներեն գրելն է կամ մտքիս բարդությունը: Կարծում եմ, որ պրոբլեմը մեր աշխարհայացքների տարբերության մեջ է:
... մի ասեք, խնդրում եմ, թե էլի շեղվում եմ թեմայից: Չասել չեմ կարող: Գրեցի այս բառն ու տեսա, որ այն էլ, կախված մեր հայացքից նրա վրա, կարող է օգնել մեզ հասկանալու, և կամ էլ խաբել: Խոսքս "աշխարհայացքի" մասին է: Նրա երկրորդ մասը - հայացք, - շատ խաբուսիկ է ու վտանգավոր, որովհետև ստիպում է մեզ կարծել, որ մեր աշխարհայացքը սկիզբ է առնում մեր աչքերից, որտեղից որ մենք հայացք ենք նետում աշխարհի վրա: Բայց չէ որ դա չէ իրականությունը, այլ այն, որ աչքերով մենք տեսնում ենք ընդամենը, հետո տեսածն իմաստավորում ենք մտքով, իսկ վերջում (որ ամենակարևորն է) արժեքավորում ենք հոգով: Եվ այս ամենից հետո միայն, մեր գնահատականին տալով " աշխարհայացք" անունը, տեղավորում ենք մեր սրտի մեջ:
Ստացվում է, որ եթե մենք չմոռանանք մեր բոլոր առաջին քայլերն անել - բխող մեր սրտից, ամեն ինչն ավելի պարզ ու հասկանալի կլինի:
Իսկ կուզեք? իմանալ իմ կարծիքը: Ելնելով այսքան ժամանակվա մեր այս "նամակագրությունից" ու շատ հարգելով Ձեր մտածելակերպը, կարծում եմ, որ սրտի խորքում Ձեզ համար ամեն ինչ պարզ է ու ընկալելի, իսկ աչքերով Դուք չեք ցանկանում դա "հասկանալ":
Սկզբում, ճիշտ է, ցանկանում էի փորձել պարզաբանել այն "անհասկանալին", բայց հենց նոր աչքիս ընկավ Մարիամի նամակը (այս էջի ամենասկզբում), որտեղ որ նա մեջբերել է մի քահանայի ասածը.
Այսօր լսեցի այնքան նույնաժամանակ պարզ ու վճիտ և ուժեղ խոսք, որ ցանկանում եմ իմ «հայտնությունը» կիսել ձեզ հետ:
Արցախի հոգևոր ռադիոյից էր...Հավանաբար մի քահանա այսպես բացատրեց քրիստոնեական սիրելու պատվիրանը:
««Ակն ընդ ական» այն է, ինչ բնազդաբար կատարում ենք: Բայց քեն չպահելն ու ներելն իսկապես ու խորապես, դա հնարավոր է միայն, եթե մենք մտաբերենք Աստված: Եթե գիտակցենք իրապես Աստծու ներկայությանը:
Ես ինքս կկարողանամ բնազդից ազատվել ու մտել նոր՝ ազատարար քրիստոնեական պատվերի մեջ միմիայն եթե ես երբեք չմոռանամ Աստծու ներկայությունը ու Աստծու Սերը իմ և իմ դիմացինի նկատմամբ: Այն ատեն, կկարողանամ միայն ես ինձ ազատել Չարի ազդեցությունից ու չար հակազդեցությունից, որն չարի նպատակների մեջ ընկնել և Չարի գործերը անձամբ բազմապատկել է նշանակում :»
Այսքան պարզ մի բան... մտապահել Աստծու Ներկայությունն ու Սերը: Չմոռանալ երբեք, թե դիմացինս ու ես իրականում Ո'ւմ առաջ ենք կանգնած:
Անծանոթ քահանայի այս պարզ բացատրությունը լի՞քը չէ իմաստությամբ: Երանի՜ եթե կիրառած լինեի նրան...
Անչափ շնորհակալություն Մարիամին այս տողերի համար: Այսպիսի ակնթարթներին ես միշտ կարծես հոգևոր վերելք եմ ապրում, որովհետև տեսնում եմ, որ միայն ես չեմ այդպես մտածողը, ուրեմն, երևի հնարավոր է իրոք, որ վերջիվերջո... Լավ, մնացածն արդեն պարզ է: