Աշոտ ջան, ներող եղիր, որ ուշ ենք արձագանքում գրածիդ։
Մի հետաքրքիր բան արձանագրենք. այս թուղթ ու գիր ասվածը զարմանալիորեն հայկական երևույթ է։ Հետաքրքիր է, որ մյուս երկրներում կամ եկեղեցիներում նման բան չենք նկատում։ Ամեն դեպքում մյուսների մոտ էլ իրենց ձևերով են արտահայտվում այս բանդագուշակությունները։ Բայց ամեն դեպքում, եթե մենք քրիստոնյաներ ենք, ապա պետք է գիտենանք ճիշտ արձագանքել այս ամենին։ Աստված մեզ զենքեր և իմաստություն է տվել պայքարելու նման սնոտի երևույթների դեմ։ Եվ ճշմարիտ զենքերը Ավետարանն է, աղոթքը, առ Աստված անկաշառ հավատքը, խաչի զորության գիտակցությունը։ Եթե այս ամենը ունենք, ապա ով էլ ցանկանա մեր դեմ չարիք գործել, Տիրոջը ապավինելով մենք կգտնենք Իր զորակցությունը և պաշտպանությունը։ Սև ուժերի դեմ պետք չէ պայքարել այդ ուժերի ընտրած ձևերով, այսինքն՝ եթե մեկը թուղթ ու գիր է անում, ապա չպետք է մտածել այդ թուղթ ու գիրը քանդելու մասին։ Շատերը նույն շփոթությամբ թուղթ ու գիրը քանդելու համար գնում են նույն թուղթ ու գիր անողների մոտ։ Սա նման է կրակի վրա յուղ լցնելուն։ Հետո մեր հավատքը չպետք է սահմանափակենք թուղթ ու գրերի և ինչ որ մանր-մունր սնոտի երևույթների մեջ։ Մեր հավատքը մեր հոգում է, և եթե մենք ամուր ենք մեր հավատի մեջ, թող հազար հոգի թուղթ ու գիր անեն, որովհետև այդ ամեն թուղթ ու գրերը ոչինչ են այն զորության առջև, որ ամեն անգամ եկեղեցի մտնելով և խաչակնքվելով գիտակցում է ճշմարիտ քրիստոնյան։
Քեզ գործնական խորհուրդ.
Նախ դեն գցիր այդ թուղթ ու գիրը, որ գտել ես տանդ մեջ,
Հետո գնա եկեղեցի և որևէ հոգևորականի խնդրիր թող «Պահպանիչ» աղոթք կարդան քեզ և ողջ ընտանիքիդ,
Երրորդ՝ Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներից անմիջապես հետո հոգևորական հրավիրիր թող գա տնօրհնեք կատարի՝ տունդ օրհնի, որ Աստուծո օրհնությունը միշտ ձեր տանը լինի։
Չորրորդ՝ ամեն կիրակի հաճախիր եկեղեցի՝ Սբ. Պատարագի՝ աղոթիր առ Աստված քո գործերի համար,
Հինգերորդ՝ օրվա ընթացքում Ավետարանից մի փոքրիկ հատված ընթերցիր։
Եթե այս ամենն անելու ուժ գտնես, ապա Պողոս առաքյալի նման կարող ես ասել. «Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել»։
Քեզ ամենայն բարիք եմ մաղթում
