ԱՇՈՒՆ Է, ԱՆՁՐԵՎ ...
Երանի նրան, ով գեթ մեկ անգամ իր կյանքում զգացել է մայրության բերկրանքը, այն փոքրիկի շարժը, սրտի տրոփյունը, որ ուզում է շուտ լույս աշխարհ գալ` տեսնելու և հասկանալու, թե ինչ է կատարվում իր շրջապատում, արևը որտեղից է ծագում ու մայր մտնում, աստղերն ինչպես են շարվում ու պար գալիս երկնքում, ամպի ծվեններն ինչպես են շարժվում, ծառերն ինչպես են կանաչում, բողբոջում, դեղնում, կարմրում ու չորանում, ինչպես է ձմռանը հաջորդում գարունը, գարնանը` ամառը, իսկ ամռանը` աշունը:
Դրսում աշուն է, անձրև, ցուրտ, մռայլ ու ամպամած երկինք, մարդիկ դժգոհում են, որ նորից սկսվեց անձրևը` իր հետ բերելով սառնություն ու տխրություն, իսկ իմ փոքրիկի համար արև է` ջերմ ու պայծառ, և անկախ այդ սառնությանն ու տխրությանը` ես երջանիկ եմ, շատ երջանիկ, որովհետև իմ մեջ ունեմ նրան, որովհետև զգում եմ, որ կյանքը շարունակվում է, որ ապրում եմ ու պարտավոր եմ ապրել, փայփայել ու պաշտպանել իմ հրաշքին ամենքից ու ամենից, անգամ անձրևի սառը կաթիլներից, որոնք զգուշությամբ հպվում են պատուհանին ու թափվում ցած` ասես հիշեցնելով, որ իրենք նույնպես Երկիր մոլորակի վրա գոյություն ունենալու իրավունք ունեն, որ պետք չէ դժգոհել անձրևից ու կաթիլներից. չէ որ Աստված միայն ինձ ու քեզ չի ստեղծել, այլ արարել է ամեն գեղեցիկն ու բարին, ինչպիսին աշունն է, աշնան անձրևը, անձրևի կաթիլները, ինչպիսին ես եմ, դու ես ու մեր բալիկը, մեր անմար սերը, ինչպիսին մեր այգու բոցկլտացող տանձենին է, ինչպիսին ...:
Օ, Տեր Աստված, որքան կատարյալ ես Քո արարչագործության մեջ, որքան ներդաշնակ է բնությունը, եթե իհարկե մարդ-արարածն այն չխախտի:
Պատուհանից դուրս կրկին անձրև է, ու կարծես թե պայքար է մղվում արևի շողերի ու սև ամպերի միջև. արևը փորձում է վերջին անգամ ջերմացնել մարդկային սառը սրտերը, հիշեցնել, որ անձրևից հետո երկնքում միշտ հայտնվում է պայծառ արևը, որ տխրությանը միշտ հաջորդում է ուրախությունը, որ միշտ հաղթում է բարին, հույսը, հավատը, սերը, Սերն առ Աստված, առ մեր Արարիչն ու Փրկիչը:
Իսկ ուր մնացին սևակնած ամպերը:
Եկե’ք մեր կյանքից դուրս մղենք չարը, նախանձը, հուսահատությունը, անհանդուրժողականությունը ..., թող մեր սրտերում ու հոգիներում տիրեն միայն լույսն ու ջերմությունը, սերն ու խաղաղությունը, ու թե անձրևները գան, թող իրենց հետ բերեն միայն ու միայն ջերմ հիշողություններ, ուրախ ժպիտներ, սեր, սեր, սեր ...: