Ես վերջերս եմ տեղեկացել, որ Աստվածաշնչի հրատարակություն կա բաղկացած 75գլխից և կա 66գլխից բաղկացած: Իմ ունեցածը 66գլխից է բաղկացած: Ի՞նչ էական տարբերություն կա երկու հրատարակությունների միջև:
66 գիրք պարունակող Աստվածաշունչը հրատարակվում է հիմնականում ավետարանական կազմակերպությունների կողմից: Հին կտակարանյան 9 գրքեր (Ա Եզրաս, Հուդիթ, Տոբիթ, Մակաբայեցիների Ա, Բ, Գ, Իմաստություն Սողոմոնի, Սիրաք, Բարուք, հատվածներ Դանիելի մարգարեությունից և Եսթերի գրքից) այդ հրատարակությունից բացակայում են: Հայ առաքելական եկեղեցու հրատարակությունները բաղկացած են 75 գրքերից:
Ավետարանական կամ բողոքական եկեղեցին Սուրբ Գիրքը թարգմանելիս օգտվել է Հին Կտակարանի եբրայական տեքստից, որը պարունակում է 39 գիրք, իսկ Հայ Եկեղեցին հունարեն Յոթանասնից թարգմանությունից, որը պարունակում է 48 գիրք:
Այս 9 գրքերը, որոնք բացակայում են բողոքական հրատարակության մեջ, կոչվում են երկրորդականոն, քանի որ դրանք մարգարեների կողմից գրված չեն, և զերծ չեն որոշ պատմական անճշտություններից: Բայց քանի որ այս գրքերը հավատի շինության համար օգտակար գրվածքներ են, եկեղեցու հայրերը չեն հանել դրանք Սուրբ Գրքից: