Մեծ պահքի Խ. օր

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Երկրորդ օրենք, 11. 10-25

Այն երկիրը, ուր դուք մտնելու էք ժառանգելու համար, նման չէ Եգիպտացիների երկրին, որտեղից դուք դուրս եկաք. մի երկիր, ուր սերմը ցանում են ու ջրում ոտքերով, որպէս թէ բանջարանոց լինի: Այն երկիրը, ուր դուք պիտի մտնէք ժառանգելու համար, լեռնային ու հովտային երկիր է. այն ոռոգւում է երկնքից թափուող անձրեւով: Դա մի երկիր է, որը քո Տէր Աստուածն է խնամում, տարուայ սկզբից մինչեւ տարուայ վերջը քո Տէր Աստծու աչքը միշտ նրա վրայ է: Եթէ ուշադրութեամբ լսես նրա բոլոր պատուի րանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ, այն է՝ սիրես քո Տէր Աստծուն, պաշտես նրան քո ամբողջ հոգով ու քո ամբողջ էութեամբ, ապա նա ձեր երկրին կը տայ ըստ ժամանակի պահանջուող առաջին ու վերջին անձրեւը, որպէսզի կարողանաս ամբարել քո ցորենը, գինին ու իւղը: Նա քո դաշտերին խոտ կը տայ քո անասունի համար: Կ՚ուտես եւ կը յագենաս: Զգո՛յշ եղէք, չլինի թէ ամբարտաւանանան ձեր հոգիները, մեղք գործէք, օտար աստուածներ պաշտէք ու երկրպագէք նրանց: Այն ժամանակ Տէրը խիստ կը զայրանայ ձեզ վրայ, արգելք կը դնի երկնքի վրայ, անձրեւ չի լինի, հողն իր բերքը չի տայ, եւ դուք շատ արագ կը կորչէք այս լաւ երկրից, որ Տէրը տուել է ձեզ: Այս խօսքերը ի պահ դրէ՛ք ձեր մտքում ու ձեր հոգում: Դրանք որպէս նշան կապեցէ՛ք ձեր ձեռքերին, որ մշտապէս մնան ձեր աչքերի առջեւ: Դուք դրանք սովորեցրէ՛ք ձեր որդիներին եւ դրանց մասին խօսեցէ՛ք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս: Դրանք գրեցէ՛ք ձեր տների մուտքերին ու դռների վրայ, որպէսզի ձեր կեանքը երկար լինի, իսկ ձեր որդիների կեանքը այն երկրի վրայ, որ Տէրը երդուել է տալ ձեր հայրերին, լինի այնքան երկար, որքան որ երկինքը կը լինի երկրի վրայ: Եթէ ուշադրութեամբ լսէք այս բոլոր պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, որ անէք, այն է՝ սիրէք ձեր Տէր Աստծուն, գնաք նրա ճանապարհով ու յարէք նրան, ապա Տէրը ձեր առջեւից կը հեռացնի այդ բոլոր ազգերին, եւ դուք կը նուաճէք ձեզանից մեծ ու հզօր ազգերին: Բոլոր այն վայրերը, ուր կը կոխեն ձեր ոտքերը, ձերը կը լինեն. անապատից մինչեւ Անդրլիբանան, Եփրատ մեծ գետից մինչեւ Արեւմտեան ծովը կը լինեն ձեր սահմանները: Ոչ ոք ձեզ չի դիմադրի, ձեր ահն ու սարսափը ձեր Տէր Աստուածը կը սփռի ամբողջ երկրի վրայ, ուր ոտք կը դնէք դուք, ինչպէս ասել է ձեզ Տէրը»:

Հոբ, 21. 1-34

Յոբը նորից խօսեց ու ասաց. «Ակա՛նջ դրէք, ակա՛նջ դրէք խօսքերիս: Երանի չլինէր ձեզանից եկած մխիթարանքը: Թո՛յլ տուէք դուք ինձ, ու ես կը խօսեմ. գուցէ չայպանէք խօսքերիս համար: Իմ կշտամբանքը մարդկա՞նց կողմից է. եւ ինչո՞ւ պէտք չէ, որ բարկանամ ես: Զարմանում էք դուք՝ նայելով վրաս, ձեռքներդ դրած ծնօտներին ձեր: Հէնց որ յիշում եմ՝ տագնապում եմ ես, քանզի ցաւերն են պատել մարմինս: Այդ ինչպէ՞ս է, որ ամբարիշտները միշտ ողջ են մնում, տարիքը առնում, նոյնիսկ լողում են հարստութեան մէջ: Նրանց սերունդը ըստ ցանկութեան է, եւ զաւակները՝ աչքների առաջ: Նրանց տները՝ երջանկութեան մէջ, եւ ոչ մի տեղից՝ դոյզն ինչ երկիւղ: Տիրոջից տանջանք չի հասնում նրանց: Նրանց կովերը հաստատ ծնում են, յղիութիւնը երբեք չի վիժում. հորթերը նրանց յաւերժական են, ինչպէս գառնուկներ: Երեխաները խաղում են նրանց աչքերի առաջ՝ ձեռքներին քնար ու սաղմոսարան, ուրախանում են երգերի ձայնից: Ամբարիշտները կեանքները ահա բարիքների մէջ են աւարտել դեռ, գերեզմաններում հանգիստ ննջել են: Եւ Տիրոջ կ՚ասեն. «Հեռո՛ւ ինձանից. քո ուղիները չեմ կամենում ես ճանաչել հիմա: Ի՞նչ շահ ունենք, որ ծառայենք նրան, ի՞նչ օգուտ կայ, որ նրան մօտենանք»: Չի նայում բնաւ ամբարիշտների արարքներին նա. սրանց ձեռքին են բարիքները բիւր: Սակայն կը մարի ամբարիշտների ճրագը նոյնպէս. նրանց կը հասնի կործանումը մեծ. զայրոյթից վրէժի երկունքը կը բռնի նրանց: Ու կը լինեն յարդ՝ հողմի բերանին, կամ թէ չէ փոշի՝ մրրիկից քշուող: Իր ունեցուածքը վերջ կը տայ մի օր իր որդիներին. կը հատուցի եւ ճանաչել կը տայ Տէրը հէնց իրեն: Նրա աչքերը կը տեսնեն անշուշտ իր սպանուելը, ու Տիրոջ ձեռքից չի ազատուի նա: Զուարճութիւնը իր տան մէջ է միշտ, իր հետ. կեանքի ամիսներն արդ կը կտրուեն: Չէ՞ որ Տէրն է, որ ուսուցանում է հանճար, գիտութիւն, քանի որ ինքն է քննում ու դատում իմաստուններին: Խիստ բարեկեցիկն ու երջանիկը ստոյգ կը մեռնի սաստիկ անզգամ լինելու համար: Իր որովայնը ճարպակալած է. ու քամուելու է իր ուղն ու ծուծը: Դառնութիւնն հոգու կը սպանի նրան, ու չի ճաշակի իր բարիքներից: Կը ննջեն նրանք, բոլորը մէկտեղ, երկրի ընդերքում. ծածկել է նրանց փտութիւնն համակ: Եւ հիմա գիտեմ, որ յանդգնութեամբ հասել էք վրաս: Հիմա դուք կասէք, «Իշխանի տունը այն որտե՞ղ է որ. ո՞ր յարկի տակ են ամբարիշտները բնակւում հիմա»: Դուք դա հարցրէ՛ք լոկ անցորդներին ճանապարհների. նրանց նշաններն օտար ցոյց մի՛ տաք: Չարն շտապում է դէպի այն օրը անդարձ կորստեան. քշւում է դէպի օրը հատուցման: Ո՞վ է պատմելու նրա առաջին՝ իր վարքի մասին, արածի համար ո՞վ է, որ պիտի հատուցի նրան: Եւ ինքը դէպի գերեզման ուղղուեց. անքուն անցկացրեց-մնաց տապանում. ձորի խիճերը քաղցր թուացին: Նրա յետեւից կ՚երթան բոլորը, իսկ առջեւից էլ՝ մարդիկ բիւրաւոր: Եւ ինչո՞ւ էք դուք զուր տեղը ջանում ինձ մխիթարել. ձեզանից կեանքում հանգիստ օր բնաւ չեմ ունենայ ես»:

Եսայի մարգարե, 46. 3 – 47. 4

Լսեցէ՛ք ինձ, ո՛վ դու Յակոբի տուն եւ դուք, Իսրայէլի բոլոր կենդանի մնացածներդ, դուք, որ որովայնից իսկ ընտրեալ էք եւ մանկութիւնից մինչեւ ծերութիւն՝ խրատուած, քանզի ես նոյնն եմ: Դուք մինչեւ խոր ծերութիւն էլ որ հասնէք, ես նոյնն եմ. ես համբերութեամբ պիտի տանեմ ձեզ, ե՛ս ստեղծեցի եւ ե՛ս էլ պիտի հանդուրժեմ, ե՛ս պիտի ընդունեմ ու փրկեմ ձեզ: Ո՞ւմ կը նմանեցնէիք ինձ, հապա մտածեցէ՛ք, ո՛վ դուք մոլորեալներ, որ ոսկու մեծ բաժին էք գցում քսակից, արծաթ էք կշռում կշեռքով եւ ոսկերիչներ վարձում, որպէսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն, եւ խոնարհուելով երկրպագում էք դրանց: Վերցնում, ուսերիդ վրայ դրած՝ բերում էք, եւ երբ գետնին էք դնում, այդպէս մնում են տեղում ու չեն շարժւում. եթէ որեւէ մէկը կանչի դրանց, չեն լսի եւ չար փորձանքներից չեն փրկի նրան: Յիշեցէ՛ք այս եւ հոգո՛ց հանեցէք, զղջացէ՛ք դուք, մոլորեալնե՛րդ, սրտա՛նց դարձի եկէք, մտաբերեցէ՛ք առաջին գործերը՝ վաղուց ի վեր կատարուածները, քանզի ե՛ս եմ Աստուածը, եւ ինձնից բացի մէկ ուրիշը չկայ, որ առաջուց պատմի վերջում կատարուելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարուելու են: Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, եւ ամէն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ: Ես արեւելքից կանչեցի թռչուններին, իսկ հեռաւոր երկրից՝ նրան, ում մասին մտածեցի. խօսեցի ու բերի, հաստատեցի եւ կատարեցի, բերի նրան եւ դրի յաջող ճանապարհի վրայ: Լսեցէ՛ք ինձ դուք, սրտով մոլորուածնե՛րդ եւ արդարութիւնից հեռացածներդ. մօտեցրի իմ արդարութիւնը, եւ այն այլեւս չի հեռանայ, իմ ճշմարտութիւնն ու փրկութիւնը չեմ ուշացնի. ես Սիոնում տուեցի Իսրայէլի փրկութիւնը՝ յանուն իմ փառքի»:

«Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կոյս օրիորդ, նստի՛ր գետնին, որովհետեւ աթոռ չկայ, խաւարի մէ՛ջ մտիր, քաղդէացիների՛ դուստր, դու, որ այլեւս չես շարունակելու կոչուել քնքուշ ու փափկասուն: Երկա՛նք առ, ալի՛ւր աղա, դէ՛ն նետիր քօղդ, քաշի՛ր մազերդ. մերկացրո՛ւ սրունքներդ եւ անցի՛ր գետի միջով, ու թող յայտնուի քո ամօթը, թող երեւայ քո նախատինքը, քանզի քեզնից վերցնելու եմ քո իրաւունքները: Նա, որ փրկեց քեզ, այլեւս չի մատնի քեզ մարդկանց. նրա անունը Զօրութիւնների Տէր է, Իսրայէլի սուրբ:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Խ. օր Մեծի Պահոց։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: