Արամայիս Խալաֆյանի «զանգեզուրյան խճանկարը»

Հոդվածը հեղինակեց

Արմինե Կոստանդյանը

 

Արամայիս Խալաֆյան

Արամայիս Խալաֆյան

Գրականության հյուրընկալ դուռը միշտ էլ պատրաստ է բացվելու գեղեցիկ ստեղծագործությունների առջև: Արամայիս Խալաֆյանի պատմվածքներն ահա, որ կարծես փոքրիկ սցենարներ լինեն, բախում են այդ դուռը՝ ամենևին էլ ոչ մեծարանքի ակնկալիքով, այլ պարզ ու սրտամոտ լեզվով պատմելով հարազատ բնաշխարհի աննկատ մնացած դեպքերի ու դեմքերի մասին: Խալաֆյանի կյանքում եղավ այնպես, որ հանգամանքների բախտորոշ թելադրանքով գրականությունն անսպասելի գտավ նրան: Եվ գտավ այն ժամանակ, երբ անբուժելի հիվանդությունը գամել էր նրան անկողնուն, ու մարդը «մի կերպ քարշ էր տալիս իր հիվանդ մարմինը»: Ճակատագրի դաժան հարվածից կոտրված մարդը, բազում բժիշկների դռներ թակելուց ու այս ու այն կողմ դեգերելուց հետո այդպես էլ չգտնելով ապաքինման ճարը, փոխարենը գտավ մեկ այլ՝ գուցե ավելի արժեքավոր բան՝ ստեղծագործելու ձիրքը: Նա մտքով վերադարձավ իր բնօրրանը, հիշեց ամեն մի քարն ու թուփը, վերապրեց տեսածն ու լսածը, պեղեց հինն ու նորը և ստեղծեց գեղեցիկ պատմվածքներ, որոնք իր իսկ փրկությունը դարձան, փրկություն հուսալքությունից ու ապրելու անիմաստությունից:

Ա. Խալաֆյանին ճանաչելու համար նախ պետք է ընթերցել նրա «Մի դառը պահ իմ կյանքից» ինքնակենսագրական նոթը, որը նրա ստեղծագործության եթե ոչ բանալին, գոնե դուռը կարելի է համարել: Նոթը բացվում է իմաստունի խոսքով. «Ծնվում են ակամա, ապրում զարմանքով, մեռնում կարոտից». այսպես ապրեց նաև Խալաֆյանը, որի կյանքը «դրված էր անհավասար նժարների վրա»: Պատմում է, թե ինչպես փոքր տարիքում ծանր հիվանդություն տարավ, թե ինչպես հարևաններն ու հարազատները մտքով բազմիցս հրաժեշտ տվին նրա մանուկ կյանքին, և թե ինչպես Սադայելի ճանկերից մի կերպ ազատվելու օրվանից Աստված տնօրինեց նրա կյանքը: Երբ թվում էր՝ ամեն ինչ հարթ է, հանկարծ մի չարաբաստիկ դիպված շրջեց նրա ճակատագիրը, ինչի հետևանքը եղավ օրեցօր ահագնացող անբուժելի հիվանդությունը, որն այդպես էլ չլքեց նրան: Փրկությունը եղավ ստեղծագործելը, որի փափագը, թեկուզ այլ դրսևորումով, նա վաղուց ուներ: Ապրելու ցանկությունը կորցրած հորն ամեն կերպ սատարող որդին հերթական անգամ հուսադրեց նրան՝ խորհուրդ տալով կարդալ ու գրել, և հայրը միանգամից պայծառացավ. «Գիր» բառն արթնացրեց ինձ»,- ասում է հեղինակը: Երբ սկսեց գրել, այլևս իր կյանքը չուներ. «Ես ապրում էի իմ ստեղծած հերոսների կյանքով. նրանցով ուրախանում էի, նրանցով տխրում»: Արժե նշել նաև, որ Խալաֆյանն իր մասին պատմելուն զուգահեռ մեր առջև բացում է մի կարևոր ժամանակաշրջանի՝ Հայաստանի անկախացման տարիների ողջ դժվարությունը: Նրա գործերը բացառիկ են երկու իմաստով. նախ զարմացնող է ֆիզիկական ծանր դրության մեջ տառապող մարդու լուսավոր ու ստեղծագործ միտքը, և հետո՝ ազգային թոհուբոհի, վերելքներով ու վայրէջքներով լի այդ խառը ժամանակներում իր մեջ ուժ գտնելն ու մտքինը թղթին հանձնելը: Նոթն ամփոփում են հեղինակի՝ իր իսկ կենսափորձի արդյունքում հասունացած խորհուրդները, որոնք գուցեև շատերին օգտակար լինեն:

Խալաֆյանի պատմվածքները գեղեցկացնողը ոչ միայն բառերն ու արտահայտություններն են, այլ նախևառաջ այն հոգու ջերմությունը, որով նա պատմում է իր բնաշխարհի ու նրա մարդկանց մասին, և անսահման է նրա սերը: Այնքան սիրով ու մանրամասն են արված բնության տեսարանների, երևույթների նկարագրությունները, որոնք առավել կենդանի են դարձնում պատկերները: «Արջի սերը» պատմվածքի բուն մասը սկսվում է հանգիստ ու խաղաղ գյուղի և այն շրջապատող չքնաղ անտառների նկարագրությամբ՝ կարևորելով, թե ինչ է աճում այնտեղ, ինչքան բերք ու բարիք կա, ո՛ր աղբյուրն ում կառուցածն է և ինչ է կոչվում: Ինքնաթիռի տոմսի հերթում մտերմացած հերոսներից մեկը՝ Սմբատը, մի դրվագ է մտաբերում իր մանկությունից: Պատմում է, թե ինչպես երբ փոքր քրոջ հետ մոշի էր գնացել, արջն աննկատ փախցրեց աղջկան, բայց զարմանալիորեն չվնասեց, այլ խաղաց հետը՝ անդադար զննելով փոքրիկին: Գյուղում դա միակ դեպքը չէր, և արջը ոչ մի անգամ վնաս չէր հասցրել իր «զոհին», ինչն էլ սփոփում էր սարսափից լեղին ջուր կտրած Սմբատին: Վտանգը վտանգի ետևից հետապնդում էր երեխաներին, և արջին հաջորդեց գայլերի ոհմակը. այստեղ էլ ճակատագրական եղավ քրոջ բարձր ճչոցը: Խալաֆյանն այնքան տեղին է կողք կողքի դնում ահաբեկված եղբոր ապրումներն ու քրոջ մանկական անվախությունը. «Իսկ քույրս կարծես մանկապարտեզում լիներ. իր համար խաղում էր անվախ»: Հերոսի պատմածի մեջ զգացվում է հեղինակի մեծ սերը այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է գյուղում: «Ինչեր ասես, որ չեն լինում»,- ասում է պատմողը՝ նորածանոթ զրուցակցին գյուղ հրավիրելով: Արջի սիրո մասին այս պատմությունը անչափ հետաքրքիր լինելուց բացի կարևոր գիտելիք է բնությունը ճանաչել տալու մեջ:

Խալաֆյանն իր ապրածով է զգացել մշտակա ներկայությունը Ճակատագիր կոչվածի, որը հրամայաբար ուղեկցում էր նրան, ուստի նախախնամության գործոնը կարմիր թելի պես ձգվում է նաև նրա գործերում: «Սելավը» պատմվածքում, որ նույնպես վերհուշի ձևով է կառուցված, հայր ու որդի, ճանապարհվելով գյուղի ծայրի խոպան հողը մշակելի դարձնելու, ընկնում են հետզհետե հորդացող սելավի ճիրանները: «Բնությունը խիղճը կորցրել էր կամ էլ մոռացել, որ աշխարհում մարդկություն կա»,- ասում է պատմող հերոսը: Բազում անգամներ մահվան սարսափն զգացած հորն ու որդուն վերջապես հաջողվում է մազապուրծ լինել դաժան տարերքից, որն, այնուամենայնիվ, անդառնալի հետևանքներ է ունենում: «Աստված միշտ հսկում է մարդկանց և կարգավորում նրանց դժբախտությունները». սա՛ է գլխավոր ճշմարտությունը և՛ այս, և՛ մյուս պատմվածքների, ինչպես նաև դրանց հեղինակի ապրած կյանքի:

Խալաֆյանի հերոսները, հակառակ բնության անողոքությանը, շարունակում են սիրել, ճանաչել իրենց բնաշխարհը, հողն ու ջուրը: Ահա բնության հետ անխախտ կապվածություն ունեն «Ճանապարհորդություն դեպի Սուրբ եկեղեցի» պատմվածքի խենթ հերոսները, որոնք իրենց երեկոներն անցկացնում են ոչ մի ուրիշ տեղ, այլ հենց քարափին, որտեղ էլ հավաքվում են՝ ազատ ժամանակը բովանդակալից դարձնելու: Այդ ավանդական երեկոներից մեկի ժամանակ, լավ իմանալով իրենց սպասվող ծանր ու վտանգավոր փորձությունները, նրանք այնուամենայնիվ որոշում են բարձրանալ Խուստուփ լեռը՝ սրբատեղի դարձած նշանավոր քարայրը տեսնելու: Տղաներին իր ցանկությամբ միանում է նրանցից մեկի դասընկերուհին, ինչը սկզբում բոլորին զարմանալի է թվում, բայց հետո պարզվում է՝ պատճառն աղջկա սիրահարվածությունն է: Ճանապարհին ինչեր ասես, որ չեն պատահում արկածախնդիր ուխտավորներին, բայց և բազում դժվարությունների մեջ փորձվում են մարդկային որակները, հասունանում է սերը, ամեն պահի բացահայտվում է ճակատագրի քմահաճ դեմքը: Այս պատմվածքն ընթերցողին է հրամցնում մոռացությունից փրկված մի ավանդություն, որը բանահյուսական աննման պատառիկ է: Եվ այս գանձը միակը չէ:

Խալաֆյանի պատմվածքները իսկական վավերագրեր ու գիտելիք են տարբեր ժամանակների զանգեզուրյան գյուղական կյանքի, մարդկային հավերժորեն անփոփոխ տեսակների, ծեսերի, որսորդության, անգամ խոհանոցի ու հագուստի մասին: «Գրազը» ընթերցելիս ակամայից հայտնվում ես Կապանի գյուղերից մեկում տեղի ունեցող հարսանիքում: Հեղինակն այնքան պատկերավոր ու մանրակրկիտ է նկարագրում հարսանքավորի հագուկապը, շարժուձևը, պարն ու խաղերը, այնքան հյութեղ է ներկայացնում կերակրատեսակներն ու ըմպելիքները, որ անհնար է «մասնակից չլինել»: Սակայն հարսանեկան շքեղությանը հակառակ՝ հյուրերից երկուսի միջև կնքված գրազը հետո դառնում է չարիք ու դժբախտություն: Հեղինակն իր հերոսի բերանով ասես զգուշացնում է. «Թող ոչ մեկը գլուխ չգովի. սատանա կա, ինչ ուզում, անում է»: Այս պատմվածքը նման է գունեղ խճանկարի, որում հավաքված են բազմերանգ դրվագներ, բազմապիսի կերպարներ, որոնց, սակայն, հակադրվում է չարաբաստիկ գրազը՝ իր ողբերգական ավարտով: Հեղինակն անկասկած սովորեցնում է. ցանկացած արարք նախապես ծանրութեթև անելը կարևոր է:

Խալաֆյանի ողջ ստեղծագործությունը հրաշալի գյուղագրություն է՝ ժողովրդական բանահյուսությամբ, ժողովրդախոսակցական բառուբանով համեմված: Ահա «Գինոսի արկածներ»-ի հերոսը՝ զանգեզուրցի կատակախոս Գինոսը, ամեն մի դրվագում զվարճացնում է ընթերցողին իր սուր, ինքնատիպ, համով-հոտով հումորով: Պատմվում է, թե ինչպես է հայտնվում քաղաքում ու ամեն բանի վրա զարմանում՝ իրենց գյուղի երեք Դավիթներից մեկին նմանվող Սասունցի Դավթի արձանի, վերուվար անող շատրվանների, բերանները կապած պարկերի՝ խինկալու, թե ինչպես է աղվեսի թակարդի փոխարեն արջի թակարդ առնում, հետո ստիպված վաճառում՝ պարծենալով, թե ամեն բան նախօրոք մտածում է, և թե «Գինոսը թաց տեղ պառկողը չի»: Նրա կերպարը զարդարում են և՛ սրախոսությունը, և՛ գյուղացիական միամտությունը, և՛ հողուջրի մարդու իմաստնությունը: «Մարդը յոթանասուն կիլոգրամ քաշ ունի,- խորհում է Գինոսը,- բայց ամբողջ աշխարհին տիրում է»: Բոլորին ուրախ պահող զվարճախոսը, սակայն, իր հոգում մանկության դառը հիշողություններ ու թաքուն տխրություն ունի, որովհետև շատ հայորդիների նման նա էլ բնավեր հավքի պես տեղահան է եղել իր բնօրրանից: Այնուհանդերձ, ճշմարտախոս Գինոսն այնքան վառ տեսակ է, որ Խալաֆյանը նրան տարբեր պատմվածքներում «ապրելու» իրավունք է տվել:

Խալաֆյանը ստեղծել է մեկը մյուսից հետաքրքիր կերպարներ: Նրանք՝ հարևանին օգնող թե մատնող, գողացող թե դառը դատող, բոլորն էլ պարզ ու հասարակ մարդիկ են, որ կարողանում են տպավորություն գործել, ծիծաղեցնել, հուզել և վերջապես սիրվել: Ահա նրանցից մեկը գյուղացի Արզումանն է՝ «Վայրի շունը» պատմվածքի հերոսը, որը վայրի շան որբացած լակոտին անտառից տուն է բերում և ընտելացնում: Բայց, ավաղ, վայրին մնում է վայրի. շունն սկսում է վնաս հասցնել գյուղացիներին՝ հավերի, ապա գառների կոտորած անելով, որի համար անունը Հովազ են կնքում: Կենդանուն տանել կորցնելու մարդկանց թախանձանքներին Արզումանը հումորով է պատասխանում. «Մորը խոստացել եմ, չեմ կարող»: Նրա պատասխանի մեջ, անշուշտ, խորք կա. չէ՞ որ շան որբանալու «մեղավորը» հենց ինքն էր՝ Արզումանը: Այս պատմության մեջ հակադրվում են մարդու անխախտ կապվածությունը կենդանուն և նույն մարդ արարածի անգթությունն այդ կենդանու հանդեպ. իր քաջությամբ նույնիսկ թշնամու գովասանքին արժանացած շունը անիմաստ պատվախնդրության զոհ է դառնում: Պատմվածքի տխուր ավարտն ու շան հուզիչ մենախոսությունը հենց այդ մասին են խոսում: «Բոլոր մարդիկ վատն են,- մտորում է հիասթափություն ապրած շունը,- մի փոս փորես, լցնես մեջը…»:

Բարի ու իմաստուն է Գուրգեն պապը՝ «Ծերունու մեղքը» պատմվածքի հերոսը: Իր արդար աշխատանքով ապրած ու հիմա ամեն մեռնողի երանի տվող այդ ծերունին երիտասարդ տարիներին մի այնպիսի մեղք է գործել, որ ամբողջ կյանքում տանջամաշ է արել նրա հոգին: Եվ պապը երդվել է՝ մինչև մեղքի մասին մեկնումեկին չպատմի, հրաժեշտ չի տա կյանքին: Զարմանալիորեն այդպես էլ լինում է: Մեղքի ինչ լինելն իմանալու հետաքրքրությունը թողնելով ընթերցողին՝ արժե նշել, որ Գուրգեն պապը իրեն այցելած եղբայրներից մեկին վերջապես պատմում է այդքան տարի մտքում ու հոգում պահած գաղտնիքն ու հենց հաջորդ օրը խոստմանը հավատարիմ մնում:

Զարմացնում է Խալաֆյանը հետաքրքրական պատմություններ պեղելու և դրանք այնքան կենդանի ներկայացնելու իր օժտվածությամբ: Նա բնատուր հմտությամբ այնպես է կառուցում իր ստեղծագործությունները, որ ընթերցողը մի ժամանակից տեղափոխվում է մեկ այլ ժամանակ, կամ էլ գործողությունը ծավալվում է պատմվածքի մեջ անսպասելի մուտք գործած հերոսի հիշողությունների տեսքով. մի բան, որ բնորոշ է մեր նորահայտ հեղինակի գրչին: Ահա այդպիսի կառուցվածք ունի «Սիրո աշնանային անուրջները», որը սիրո հուզիչ պատմություն է: Միմյանց թաքուն սիրող, բայց այդպես էլ չխոստովանած երիտասարդներին կյանքի հոսանքը տարբեր տեղեր է տանում: Սակայն վրա է հասնում վաղուց սպասված այն պահը, երբ մի ամբողջ կյանք իրար տենչած ու արդեն հասուն տարիքի սիրահարների ճանապարհները հատվում են, և վերջապես իրականանում է նրանց վաղեմի երազանքը՝ իհարկե ոչ առանց հոգեկան տառապանքների: Երջանկությունը կատարյալ են դարձնում նրանց սիրո պտուղները՝ երկվորյակ երեխաները: Ճիշտ է, այս պատմության մեջ վշտացնող են հարազատ ու թանկ մարդկանց կորուստները, սակայն դրանք բոլորովին էլ չեն խամրեցնում անդավաճան սիրո գեղեցկությունը:

Խալաֆյանի կերպարները սովորեցնում են լինել ուժեղ, լավատես, սովորեցնում են սիրել, կարոտել ու սպասել: Երբեմն հեղինակն այնքան համոզիչ է կերտում անգամ հանցավոր հերոսին, որ չես էլ կարողանում դատապարտել, այլ փորձում ես հասկանալ՝ գտնելով պատճառն ու արդարացնելով հետևանքը: Ահա «Վրիժառուն» պատմվածքի հերոսը՝ հայրենի գյուղից քաղաք տեղափոխվելու ողբերգականությունն իր հոգում կրող երիտասարդը, որը նոր միջավայրում իրեն գտնել է փորձում, հայտնվում է այնպիսի հանգամանքներում, որ թվում է՝ այլ ելք չունի, քան վրիժառությունը հանուն նվիրական սիրո ու արժանապատվության: Մարդը հանուն իսկական սիրո պատրաստ է մինչև վերջ գնալու, բայց ավաղ, այդ սերը հետո խորապես հիասթափեցնում է նրան: Այս պատմությունը ոչ ավելորդ անգամ հիշեցնում է ի սկզբանե կին արարածի մեջ բուն դրած դավաճանության մասին: Որպես խորհուրդ՝ հեղինակն իր հերոսներից մեկի բերանով ասում է. «Երբ զայրանում ես, մինչև հարյուրը հաշվիր, հետո որոշիր՝ ինչ ես անում»:

Հայրենի գյուղի կարոտը միշտ սրտում ունենալով՝ Խալաֆյանն իր որոշ գործերում հակադրել է գյուղական տաքուկ պարզությունը՝ քաղաքի սառը անհոգիությանը: Նա մարդու արմատների ամրությունը իրավացիորեն կապում է գյուղի ու հողուջրի հետ: Այդ են վկայում վերոնշյալ պատմվածքի հերոսների դեպի գյուղ ձգտելը, այնտեղ հիմնավորվելն ու շենացնելը: Իսկ ահա քաղաքային վարքուբարքի դատապարտելի դրսևորման ենք հանդիպում «Օրվա «հաջողությունը» պատմվածքում, որի հերոսը՝ անշուք ու միապաղաղ առօրյայից հոգնած մարդը, տղամարդկային իր մի արկածի պատճառով հայտնվում է լկտի հանցախմբի ծուղակում: Հեղինակի «համառ ջանքերի շնորհիվ» հերոսը ոչ միայն ինքն է ազատվում, այլև իր օգտակար ու ազդեցիկ խորհուրդներով դեպի բարին է շրջում խմբի «զոհերից» մեկի կյանքը:

Մարդու կյանքը հետզհետե վերածվում է հուշերի շղթայի: Եվ ահա անցյալ դարձած այդ լավ ու վատ հուշերն ուսած՝ Խալաֆյանի հերոսներն ապրում են, դրանցով ուրախանում կամ տխրում, ինչպես հենց ինքը հեղինակն էր ապրում՝ «որոնելով ու վերհիշելով կյանքում հանդիպած դեպքերն ու դեմքերը»: Հենց այդպես՝ վերհուշի վրա էլ նա կառուցել է համանուն՝ «Հուշեր» կոչվող պատմվածքը, որի առանցքը գերեզմանատանը շրջող հերոսի հիշողություններն են: Հոր մահվան տարելիցի առթիվ հայրենի գյուղ մեկնած հերոսը ամեն մի մահարձանի մոտով անցնելիս վերհիշում ու վերապրում է անցյալը, և մանկության դրվագները կինոժապավենի պես գալիս անցնում են նրա աչքերի առջևով: Բոլորովին անսպասելի նա տեսնում է իր մանկության ընկերոջ շիրմաքարը: Ապշում է. չէ՞ որ ընդամենը մի տարի առաջ նա դեռ ողջ-առողջ էր: Գերեզմանատունն ինքնանպատակ չէ ընտրված՝ որպես կյանքի անցողիկության վկան, ինքնանպատակ չեն նաև կենդանացած հուշերը. անշունչ ու անկենդան քարերն անգամ ի զորու են պատմելու մարդու տեսակի, նրա բարձր կամ ստոր արարքների մասին:

Ապրելով այնպիսի ժամանակներում, երբ հայոց ազգային ոգին ձայն էր բարձրացնում հանուն անկախության, Խալաֆյանը չէր կարող չանդրադառնալ հայ-թուրք հակամարտությանը՝ թեկուզև անցյալից վերցրած դրվագներով: Այդ մոտիվը նա փոքրիկ կտորներով պատկերել է «Գինոսի արկածները», «Գրազը» պատմվածքներում, բայց ավելի է ծավալել «Կարապի լճի լեգենդ»-ում: Բաքու մեկնած հայ վաճառականի օգնականները պատահաբար ծանոթանում են մի տարեց հայ կնոջ հետ, որը հանգամանքների պարտադրանքով տեղահանվել էր հայրենի գյուղից, և որն էլ հենց պատմում է «իրական լեգենդը»: Չափազանցությամբ համեմված այս պատմության միտումը մարդկային բարոյական արժեքների վերհանումն է. ասենք՝ կարևոր է, թե ինչպես է պատժվում գողությամբ ապրող տղան. նրա գերեզմանն անհետ կորչում է: Բոլորի համար անսպասելի գտնվում են հայ կնոջ՝ Գայանեի հարազատները, որոնց հյուրընկալ օջախում խնջույքի ժամանակ ընթերցվում է նրանց Բաղդասար պապի՝ իր իսկ ձեռքով գրի առած հերոսական պատմությունը մեր հավերժական թշնամու՝ թուրքի հետ գոյապայքարում: Հեղինակի կարևոր շեշտադրումներից է հայրենիքի հանդեպ Գայանեի կարոտը, որ տարիներ շարունակ այրել է նրա հոգին: Սա համազգային կարոտ է, օտարության մեջ ապրող ամեն մի հայի կարոտը:

Խալաֆյանի պատմվածքները միմյանց այնքան են շաղկապված, որ կարծես ոչ թե առանձին, այլ մի ամբողջական աշխարհ ես ընկնում: Սակայն դրանցից հատկապես երկուսը՝ «Գյուղի մատնիչներն» ու «Զոռով չի, խելքից է…»-ն, ասես մեկը մյուսի շարունակությունը լինեն: Երկուսի կենտրոնում էլ արդարամիտ, աշխատասեր Սավադն է ու իր համեստ ընտանիքը: Նշվածներից առաջինում նրան իր ազնիվ նկարագրի համար մեղվանոցի պահակ են նշանակում: Նրա կերպարի օգնությամբ բացահայտվում են մարդկային տարբեր տեսակներ, հատկապես մատնիչներինը: Սավադը շահավետ առաջարկ է ստանում՝ վարձատրության դիմաց մատնություն անելու պայմանով: Բայց կտրականապես մերժում է՝ հիշեցնելով իր ցեղի ազնվության մասին: «Տասը տարի է՝ մեր ցեղի բարեկամն ես, տեսել ե՞ս՝ որևէ մեկին մատնենք»,- ասում է նա: Սավադի կնոջ եզրակացությունն ամփոփում է ասելիքը, թե ուրիշների մեծ գողությունը չի իմացվում, իսկ ամուսնու՝ երեխայի խնդրանքով կալից մի բուռ ցորեն վերցնելը ժողովում թեմա է դառնում: Սրանով, կարծում եմ, հեղինակը փորձում է համոզել, որ ազնվությունը փոքրիկ բիծն անգամ չի հանդուրժում:

Վերոնշյալ հաջորդ պատմվածքում գյուղացիների միահամուռ համաձայնությամբ Սավադին վստահում են լոլիկի բանջարանոցը, որը գողերի պատճառով պլանն այդպես էլ չէր կատարել: Սարոյանական փիլիսոփայությամբ առաջնորդվելով («Գողին տուր, որ չգողանա»)՝ բոստանչի Սավադն առաջինը գողին է հյուրասիրում՝ իմաստուն խրատներ տալով ու նրան ճիշտ ճանապարհին դնելով: Ամբողջ ժամանակ բոստանչուն հանդիմանում են իր առատաձեռնության ու լոլիկը սրան-նրան բաժանելու համար, բայց նախ այնքան մեծ է նրա պատասխանատվության զգացումը, որ պատրաստ է անգամ շուկայից գնել ու պակասը լրացնել, իսկ որ ամենակարևորն է՝ մարդը առավել քան համոզված է, որ տվածը ետ է գալու:

Արամայիս Խալաֆյանի՝ պարզ սյուժեներով գողտրիկ պատմվածքները խոսուն արտացոլումն են մի ողջ ժամանակաշրջանի, նաև հնի ու նորի միախառնման կենդանի պատկերները: Դրանք նաև արդիական են, որովհետև մարդը՝ բարի թե չար, արդար թե անարդար, բոլոր ժամանակներում էլ նույնն է: Ապշում ես, երբ պատկերացնում ես, թե ինչպիսի հանգամանքներում է հեղինակը ձեռքը գրիչ վերցրել: Եվ կրկնակի ապշում ես, որ ի հեճուկս իր տանջամաշ գոյությանը՝ նրա հոգին անխառն է մնացել. ոչ մի կաթիլ չարություն չի խառնվել նրա մտքին ու սրտին: Այս պատմվածքներով, որոնք իրավամբ նովելներ են, նա փրկվեց հուսահատությունից՝ միաժամանակ փրկելով սիրուն պատմություններ, որոնց ժամանակի փոշին հետզհետե խավարամած անհայտությանն էր մատնելու:

Գրականության հյուրընկալ դուռը միշտ էլ պատրաստ է բացվելու գեղեցիկ ստեղծագործությունների առջև: Ահա գրողը բախում է այդ դուռը, սակայն բացողը կամ փակողն իհարկե ընթերցողն է…

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Ա՜նց կացա՛ն…

Հովհաննես Թումանյան --------------------- Ա՜նց...